Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով եւ ավարտում Հայաստանի մայրաքաղաք Երեւանով». Փաշինյանը պարզաբանում է՝ ինչ է ուզել Ադրբեջանը՝ վերջին բրյուսելյան հանդիպմանը

Սեպտեմբեր 13,2022 12:36

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ԱԺ-ում հայտարարության նախագիծ են պատրաստել: Խորհրդարան է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելու իրավիճակը եւ պատասխանելու պատգամավորների հարցերին:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջին օրերին Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ էր վարում՝ ապատեղեկատվություններ տարածելով. «Ինչ է տեղի ունենում եւ ինչու: Նախ, դա կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ: Բոլորդ հիշում եք, որ 2022-ի մարտին Ադրբեջանը ներկայացրել էր Խաղաղության պայմանագրի վերաբերյալ 5 առաջարկություններ:  Մեր արձագանքն էր, որ այդ առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց այդ կետերը պետք է լրացվեն ու պատրաստ ենք դրա հենքի վրա բանակցություններ վարել ու Խաղաղության պայմանագիր ստորագրել՝ համապատասխան կետերի շուրջ համաձայնության գալու դեպքում: Բայց հընթացս, մասնավորապես վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց ու պարզաբանվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության համաձայնագիր կնքել նաեւ մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա: Մի քանի կետ կար, դրանցից մեկը նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի համաձայնագրերի կետերի պահպանումն էր, հաջորդ կարեւոր կետը վերաբերում էր ԼՂ ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին ու դրանից բխող կարգավիճակին: Ադրբեջանի դիրքորոշումը, որ արտահայտվել է բանակցային գործընթացում հետեւյալն է, նրանք ասել են՝ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետեւ իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ դա Ադրբեջանի ներքին հարցն է, իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել Հայաստանի հետ:

Բայց պատմությունը սրանով չի ավարտվում: Մենք նախկինում էլ ասել ենք, որ Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքներից մեկը, որը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, մեզ համար ընդունելի է: Այստեղ ամեն ինչ չի ավարտվում, լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն է առաջանում՝ ի՞նչ նկատի ունենք տարածքային ամբողջականություն ասելով: Կամ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով՝ արդյոք նկատի՞ է ունենում այն տարածքները, որոնք 2021-ի մայիսի 12-ի արդյունքում կամ առաջին պատերազմից հետո օկուպացրել են: Մեր տպավորություններով եւ քննարկումներով՝ այս հարցը միանշանակ արձագանք Ադրբեջանի կողմից չի ստանում:

Բնականաբար, Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի՝ որպես Ադրբեջանի մաս: Արդյոք ենթադրվո՞ւմ է, որ այս խնդիրներից հետո, եթե տեսականորեն լինի ըմբռնում, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որեւէ տարածային պահանջ չունի եւ չի ունենալու: Խոսակցության եւ քաղաքական դիրքորոշումների արձանագրման համատեքստում հնչում է, որ այո, Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, բայց երբ խոսակցություն է գնում օրինակ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է այդ համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել՝ իր ձեւակերպմամբ եւ բնորոշմամբ «ապօրինի ձեւով իբր ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների» վերաբերյալ: Այդ տարածքների անունները իրենք հրապարակային ելույթներում ասում են, արձանագրու ու խոսում են այդ տարածքների մասին: Մեծ հաշվով պիտի արձանագրենք, որ երբ նման բովանդակությամբ հարցազրույցներ են հնչում, նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով եւ ավարտվում Հայաստանի մայրաքաղաք Երեւանով: Եթե սրանք պարզապես լինեին հարցազրույցներ, կարելի էր դրանց նույնիսկ չանդրադառնալ, բայց բոլոր փաստերը, այդ թվում՝ դիվանագիտական, բանակցային, վկայում են, որ սա հետեւողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից:

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին, նրանց դիրքորոշումը գնալով ավելի հստակ է դառնում, որ ԼՂ խնդիր չկա, ԼՂ խնդիրը լուծված է, հետեւաբար Հայաստանի հետ քննարկելու ոչինչ չկա: Այդ հարցը իրենք կարող են քննարկել միջազգային կազմակերպությունների հետ եւ չի բացառվում նաեւ՝ իրենց ձեւակերպմամբ ԼՂ հայերի ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930