Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ԱԺ-ում հայտարարության նախագիծ են պատրաստել: Խորհրդարան է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելու իրավիճակը եւ պատասխանելու պատգամավորների հարցերին:
Նա իր ելույթում ասաց. «Կեսգիշերին, ըստ էության, Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակողական գործողություններ են ձեռնարկել ՀՀ-ի 4 ուղղություններով, հետագայում եւս 2-3 ուղղություն է ավելացել: Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողություները եղել են պատասխան՝ հայկական կողմի սադրանքների: Բայց այդ տեղեկատվությունը բացարձակապես կեղծ է եւ սուտ է, չի համապատասխանում իրականությանը: Այս պահի դրությամբ ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պիտի նաեւ արձանագրեմ, որ այդ թիվը ցավոք վերջնական չէ: Պաշտոնական լրատվությունը պետք է վերստուգվի, նոր հրապարակվի»:
Փաշինյանն ասաց, որ քանի դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ են սեփական կյանքը վտանգի տակ դնել ու զոհաբերել հանուն հայրենիքի՝ դա նշանակում է, որ ՀՀ-ն կունենա ինքնիշխանություն ու հայկական պետականությունը կլինի հարատեւ. «Այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանը շարունակում է կրակել»:
Նա տեղեկացրեց, որ մինչեւ լուսաբաց Անվտանգության խորհրդի նիստ է եղել, մասնակցել է ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը ու որոշում է կայացվել դիմել ՀԱՊԿ-ին: Այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստ: Փաշինյանն ասաց, որ բացի այդ դիմել են նաեւ ՌԴ-ին՝ 1997-ի «Բարեկամության, փոխօգնության մասին» պայմանագրի հիման վրա: Նաեւ դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի հրատապության կարգով հարցը քննարկվի:
Կարդացեք նաև
Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ-ի, Ֆրանսիայի, Իրանի նախագահների հետ, ԱՄՆ պետքարտուղարի, ԵՄ նախագահ Շառլ Միշելի հետ. «Այսօր կարծում եմ անհրաժեշտ է ունենալ ոչ էմոցիոնալ եւ սառը խոսակցություն: Ես այստեղ չեմ՝ զուտ միայն փաստեր հրապարակելու համար, որովհետեւ դրանք ԶԼՄ-ներով հասանելի կլինեին: Կարեւոր է պարզաբանել տեղի ունեցողի համատեքստը՝ ինչու է այս ամենը տեղի ունենում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ