Ադրբեջանը հերթական անգամ զինված հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության վրա:
Ակնհայտ է, որ այդ պետության վարած քաղաքականությունն ուղղակի սպառնալիք է մեր տարածաշրջանի համար, ուստի, եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավին զսպելու, մեծ է հավանականությունը, որ այդ պետությունն ունակ է մեր տարածաշրջանը ներքաշել երկարատև ու արյունալի բախման հորձանուտ:
Մենք պարտավոր ենք դրսևորել վճռական վարքագիծ՝ ընդգծելու համար, որ նրանք երբեք չեն ստանալու իրենց ուզածը, իսկ դրա համար հիմա խիստ անհրաժեշտ է, որ մենք դիմանանք և հնարավորինս արագ վերականգնվենք:
Ամբողջ աշխարհին պետք է ցույց տալ նրանց ահաբեկչական բնույթը՝ միաժամանակ հետամուտ լինել, որ այդ պետության վարքագիծը լրջորեն քննարկվի միջազգային բոլոր իրավասու հարթակներում ու դատապարտվի:
Կարդացեք նաև
Խորապես համոզված ենք, որ Ալիևի սանձարձակ լեզուն պետք է կարճացնել ու վերջ դնել նրա ցինիզմին: Հայաստանի հետ իրապես խաղաղություն հաստատել ցանկացող պետությունը չի կարող այսպիսի գազանային վարքագիծ դրսևորել:
Միաժամանակ, այս մտայնության պայմաններում խոսել խաղաղության դարաշրջանի մասին, ուղղակի հնարավոր է մի դեպքում, երբ իսկապես չես ուզում տեսնել իրական մարտահրավերները և չես կարողանում արդյունավետորեն կառավարել դրանք…
Միաժամանակ, այս համատեքստում, ակնհայտ է, որ Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի մաս կազմող միավորումներն ու պետությունները պետք է շատ հստակ ներկայացնեն իրենց դիրքորոշումները:
Հայաստանն ունի լեգետիմ իրավունք՝ ակնկալելու փոխադարձ պարտավորությունների լիարժեք կատարում պայմանագրի կողմ հանդիսացող բոլոր պետությունների կողմից:
Մեզ համար հստակ է․ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելը չպետք է լինի «ամեն գնով»:
Կան կարմիր գծեր, որոնք երբեք հնարավոր չէ հատել: Պետք է հասկանալ՝ որտե՞ղ կանգնել և ինչպիսի՞ պայմանավորվածություն ձեռք բերել՝ խաղաղության հասնելու համար:
Միանշանակ է՝ Հայաստանի ցանկացած իշխանություն փորձելու է հասնել խաղաղության, բայց դրա գինն է կարևոր:
Խաղաղության ձգտելու համար առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել խաթարված ռազմաքաղաքական բալանսը, որը պատերազմի պատճառով ի օգուտ Ադրբեջանի է դարձել:
Եթե մենք իսկապես ձգտում ենք մեր տարածաշրջանում խաղաղության, հետևաբար, պետք է նաև ուժեղ տնտեսություն, պաշտպանական համակարգ և բանակ ունենանք: Մեր ժողովրդին հորդորում ենք պահպանել զսպվածություն, չենթարկվել խուճապի, միաժամանակ՝ ամբողջությամբ ապավինել ու աջակցել մեր բանակին:
«Արդար Հայաստան» կուսակցություն