Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը 11:00-ին կգա ԱԺ նիստին․ ընդդիմությունն այս ընթացքում հայտարարության տեքստ է պատրաստում

Սեպտեմբեր 13,2022 10:21

«Այս գիշեր ադրբեջանական զորքերը կրակ են բացել ՀՀ ուղղությամբ։ Ունենք զոհեր եւ վիրավորներ»,-ԱԺ լիագումար նիստի մեկնարկին այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց․ «Հաստատված օրակարգ ունենք, բայց տեղեկացնեմ, որ օրակարգն ու քվեարկությունները կքննարկենք ավելի ուշ։ Այս իրավիճակում քաղաքական ուժերն ու ժողովուրդը պետք է լինեն առավելագույնս միասնական։ Չենք կարող քաղաքական տարաձայնություններին տեղ տալ։ Քաղաքացիներին եմ դիմում՝ խուճապի չմատնվել, շատ բարդ իրավիճակում ենք։ Խնդրում եմ ապատեղեկատվությանը տեղի չտալ, չտարածել, հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը»։

Սիմոնյանը տեղեկացրեց, որ շուտով ներկայացնելու է ԱԺ հայտարարության նախագիծ՝ ադրբեջանական հարձակման վերաբերյալ, որը կքննարկեն․ «11-ին գալու է ՀՀ վարչապետը, կներկայացնի իրավիճակը, կպատասխանի հարցերին»։

Նիստին ներկա էին «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն ու Սեյրան Օհանյանը։

Արծվիկ Մինասյանը հայտարարեց․ «Հայաստան» խմբակցությունն աշխատել է ողջ գիշեր։ Այսօր ԱԺ-ում ենք, որպեսզի պահանջ առաջադրեինք, որ ընթացիկ օրակարգերը մի կողմ մղվեն, քննարկվեն իրավիճակը եւ անելիքները։ Ոչ ժամկետային սահմանափակմամբ պետք է քննարկել իրավիճակը, իշխանության պատասխանատվությունը, խաղաղասիրական կեղծ օրակարգը, որը հանգեցրեց այս ամենին։ Մենք նույնպես աշխատում ենք հիմա հայտարարության տեքստի վրա եւ այն կառաջարկենք՝ լիարժեք օգտագործելու համար ԱԺ ամբիոնը հրապարակային քննարկման, բոլորի պատասխանատվությունն ամրագրելու ուղղությամբ»։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Այո, պետք է լինենք միասնական եւ աշխատենք։ Առաջարկում եմ հայտարարության տեքստի հետ կապված մեր հետ գործակցել։ Ինչեւէ։ Կոչ եմ անում եւ խնդրում եմ, որ ձեր խմբակցությունը եւս ներկա լինի դահլիճում, որ մութ հարց չմնա, բաց քննարկումը կայանա»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց․ «Պարոն Մինասյան, պարոն Օհանյան, ուրախ եմ, որ այստեղ եք։ Լավ միտք չէ այսօր մրցակցող հայտարարություններ քննարկելը։ Լավ չի լինի, եթե հայտարարությունը չընդունվի միաձայն։ Այդ հայտարարության վրա ես էլ եմ աշխատել՝ ներառելով ձեր խմբակցության հայտարարության կետերը նույնպես։ Առաջարկում եմ ընդմիջում, որպեսզի ձեր խմբակցությունը գա դահլիճ, եւ միասնական կողմ քվեարկենք»։

Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «Որեւէ մեկը հայտարարության համար մրցակցության մեջ չի մտնում։ Գիշերը աշխատել ենք։ Հայտարարության տեքստի հետ կապված նկատառումներ կարող ենք ունենալ, որոնք իրադրությանն են վերաբերում, այն գործընթացներին, որոնք բերեցին այս իրավիճակին, նախապատրաստմանը։ Դուք Շուշիի հռչակագրի հետ կապված քննարկմանը չեկաք, եթե այն ժամանակ դրան գնահատական տայինք, այսպիսի իրավիճակ չէր լինի։ Ժամանակ է պետք լայն քննարկման համար, հետո հայտարարության»։

Ալեն Սիմոնյանն առաջարկեց․ «Հիմա քսան րոպե ընդմիջում անենք, որի ընթացքում կաշխատենք։ Տեսեք այդ հայտարարությունը, քննարկենք։ Ցավոք, օրենքը նախատեսում է, որ ԱԺ նախագահի կողմից կարող է այս իրավիճակում տեքստը ներկայացվել։ Այն կներկայացնենք ձեզ, տեսեք, թե ինչ առաջարկներ կան, հետո քննարկումը կկայանա դահլիճում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930