Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյան․ «Կենտրոնական բանկն իր ստորաբաժանումներից մեկը տեղափոխեց Դիլիջան, հիմա որևէ մեկը չի ուսումնասիրում՝ սրա արդյունքում ի՞նչ ունեցանք». «Փաստ»

Սեպտեմբեր 13,2022 10:12

«Դեմ չեմ ակադեմիական քաղաք ունենալու գաղափարին, բայց դեռ շատ հարցականներ կան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Օրինակ է բերում՝ հստակ չէ, թե արդյո՞ք բոլոր պետական բուհերն են տեղափոխվում Աշտարակ, թե՞ մի մասը մնում է Երևանում: «Եթե տեղափոխում են մեկ-երկու բուհ, այսպես ասենք, ավելի մասնագիտացված բուհեր, օրինակ՝ գյուղակադեմիան, արվեստին առնչվող բուհերը, որոնք ավելի սպեցիֆիկ են և գուցե տեղին կլինի դրանց տեղափոխումը, բացի դա, կան ներդրողներ, որոնք պատրաստ են ամբողջ ծախսերը հոգալ և այլն, շատ լավ է: Բայց սա պարզ չէ: Ասում են՝ ութ բուհ է ստեղծվելու գործող բուհերի միավորման արդյունքում, բոլորը տեղափոխվելո՞ւ են Աշտարակ, թե՞ ոչ: Այս բոլոր հարցերն անորոշ են: Մյուս կարևոր հարցը՝ բուհերը տեղափոխում են, փոխում միայն շենքային պայմանները, չեմ կարծում, որ դա կարող է ինչ-որ էական ազդեցություն ունենալ կրթության որակի վրա, որովհետև բուհի գտնվելու վայրը չի կարող ֆունդամենտալ ազդեցություն ունենալ այս հարցում, եթե չես փոխում բուհերի կառավարումը, դասախոսների դասավանդման որակը, ծրագրերը:

Եթե այսօրվա կառավարությունն ունի այս հարցերի պատասխանները, ինչո՞ւ է հապաղում, թող այսօրվանից սկսի կառավարման բարեփոխումներ, դասախոսների դասավանդման որակի բարելավում, ինչո՞ւ ենք սպասում 2026 թ.-ին, երբ շենքերը կկառուցվեն: Եկեք հիմա սկսենք: Բուհերը տեղափոխում են այլ տեղ, որ լայն սենյակներ լինեն, չեմ կարծում, որ դա մեծ խնդիր է: Նույնը կարելի է Երևանում ապահովել, ի վերջո՝ սենյակներով չենք կարող կարևոր հարց լուծել: Դրա համար կուզենայի, որ այս ծրագիրն ավելի մանրամասն լիներ և համոզիչ ձևով երևար այդ ծրագրում, թե ինչու, ասենք, Աշտարակում գործելով՝ բուհերն ավելի լավ որակ կտան: Այս պահին ասել, որ այնտեղ ավելի մեծ հնարավորություններ կունենանք, ավելի շատ լաբորատորիաներ և այլն, կներեք, բայց այն կարծիքին չեմ, որ մեր բուհերի վատ վիճակի պատճառը շենքերն ու լաբորատորիաներն են կամ էլ զուգարանների պակասը:

Բուհերը Երևանից տեղափոխելու առաջարկ արվել է նաև նախորդ կառավարության օրոք, գուցե նաև ավելի վաղ, բայց որևէ մեկը չստանձնեց այս պատասխանատվությունը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ: «Չարեցին, որովհետև մեծ ռիսկեր կան և մեծ ծախսեր են պահանջվում: Առաջարկում էին որոշ բուհեր տեղափոխել Գյումրի, շատ լավ միտք է, բայց կկարողանա՞նք բոլոր ուսանողներին ապահովել հանրակացարաններով, հսկայական ենթակառուցվածքներ են պահանջվում: Կամ դասախոսները տեղափոխվեցին Գյումրի, նրանց պետք է բնակարանով ապահովեն, ամեն օր չեն կարող գնալ Գյումրի ու վերադառնալ: Նման գումարներ չկային: Օրինակ՝ Կենտրոնական բանկն իր ստորաբաժանումներից մեկը տեղափոխեց Դիլիջան, հիմա որևէ մեկը չի ուսումնասիրում՝ սրա արդյունքում ի՞նչ ունեցանք:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930