Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվորեն կրակում են հայկական դիրքերի ուղղությամբ: Թշնամին կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Թիրախավորվել են ՀՕՊ համակարգերը և ռազմական հենակետերը:
Սա Ադրբեջանի հերթական ռազմական արկածախնդրությունն ու հանցագործությունն է, որոնց նախորդել էին տեղեկատվական դիվերսիոն գործողությունները և այսպես կոչված հասարակական կարծիքի ձևավորումը:
Ադրբեջանական այս գործողությունները գնահատում ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և դատապարտում ենք իրականացվող հանցագործությունը:
Ադրբեջանը, օգտվելով միջազգային լարված իրավիճակից, փորձում է ուժի կիրառմամբ ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Կարդացեք նաև
Տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի իրական դեմքը և Հայ ժողովրդին մատուցվող կեղծ օրակարգի վտանգավորությունը:
Դիմում ենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը՝ ակնկալելով հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված համանախագահող պետություններին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխելու և դրանց համարժեք գնահատական տալու համար:
Ակնկալում ենք նաև մեր բարեկամ երկրների, հատկապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ ներգրավվածությունը՝ ադրբեջանական հանցավոր վարքագծին գնահատական տալու և Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար:
Մեր ժողովրդին կոչ ենք անում խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և պատրաստ լինել պաշտպանելու Հայոց պետականությունը:
13.09.2022թ.