Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակված առարկայական չափորոշիչների վերաբերյալ արդեն իսկ կան խնդիրներ. բաց նամակ ԿԳՄՍ նախարարին

Սեպտեմբեր 13,2022 09:35

Մեծարգո ՛ նախարար, դիմում ենք Ձեզ հետևյալ առաջարկությամբ․

Հաստատվել են հանրակրթության նոր չափորոշիչները, հրապարակվել են նաև առարկայական չափորոշիչները, հավանաբար, շուտով կհայտարարվի նաև որոշ դասարանների դասագրքերի մրցույթ:

Բոլորիս հիշողության մեջ է այն աղմուկը, որ ոչ վաղ անցյալում՝ 2019-2020 թթ., նոր չափորոշիչների առաջադրմամբ տարածվեց հատկապես «Գրականություն» (7-9 դասարաններ), «Հայ գրականություն» (10-12 դասարաններ), «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն» և այլ առարկաների շուրջ: Անտեսված էր գրա­­պատմական մոտեցումը, խախտված էր գեղարվեստի արժեքային համակարգը, շրջանցված էր ազգային նշանակությունը… 10-12-րդ դասարանների «Հայ գրականություն» դասագրքից հանվել էր «Հայ» բառը: Առաջարկվում էր դասագրքային դարձնել ժամանակակից գրականության մեջ իրենց պատշաճորեն չդրսևորած անհայտ հեղինակների:

Հիմա «Հայ» բառը վերականգնվել է, բայց հայ գրականության բովանդակային ընդգրկման վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան: Նշված առարկաների, ինչպես նաև որոշ բնագիտական առարկաների (օրինակ՝ քիմիայի) չափորոշիչները ենթարկվել են սոսկ թեթևակի խմբագրման (վերջինները՝ նաև բարդացման): Այն, ինչ առաջարկվում է, լիարժեք ու անթերի չէ: Կարծես ամեն ինչ արվում է կյանք մտնող երիտասարդությանը զրկելու ազգային ոգուց, դիմագծից, հիշողությունից ու լիարժեք գիտելիքներից: Առարկայական իմացությունների փոխարեն գերիշխում է մեթոդական կողմը:

Վերջերս հրապարակված առարկայական չափորոշիչները թերի են, քանի որ հիմնական և ավագ դպրոցում միայն 7-րդ և 10-րդ դասարաններն են: Մինչդեռ պետք էր հրապարակել նաև 8-9-րդ և 11-12-րդ դասարանների առարկայական չափորոշիչները՝ դասավանդվող նյութերի ամբողջական ընդգրկման մասին պատկերացում կազմելու համար:

Հրապարակված առարկայական չափորոշիչների վերաբերյալ արդեն իսկ կան խնդիրներ (դրանց վերլուծությամբ առիթ կունենանք հանդես գալու), ուստի՝ դրանց հիման վրա, առանց հաջորդ դասարանների առարկայական չափորոշիչների առկայության, դասագրքերի մրցույթ հայտարարելը մեծ հարված կլինի հանրակրթական դպրոցին, ազգային վտանգված վիճակին, հայ ժողովրդի գալիք օրվան:

Շտապողականությունը այս հարցում գործի օգտին չէ:

Առաջարկում ենք հարցի պարզ լուծում՝

ա) հրապարակել հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչներն ամբողջությամբ՝ I- XII դասարաններ,

բ) առայժմ դասագրքերի մրցույթ չհայտարարել,

գ) առարկայական չափորոշիչները դնել հանրային շահագրգիռ քննարկման,

դ) քննարկումն ամփոփել մասնագետների ու արհեստավարժ մանկավարժների մասնակցությամբ և նոր միայն գործադրել:

 

Հարգանքներով՝

Դավիթ Գասպարյան, բ. գ. դ., պրոֆ., ԳԱԱ ՊԻ առաջատար գիտաշխատող

Սամվել Մուրադյան, բ. գ. դ., պրոֆ., ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի պատվավոր վարիչ,

Աշոտ Մելքոնյան, ակադեմիկոս, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն,

Լիդա Սահակյան, մ․գ․դ․, պրոֆ․, ԵՊԲՀ դեղագիտության ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ,

Վազգեն Գաբրիելյան, բ․գ. դ, պրոֆ., ԵՊՀ նորագույն գրականության ամբիոնի պատվավոր վարիչ,

Ժենյա Քալանթարյան, բ. գ. դ., ԵՊՀ հայ նորագույն գրականության և գրաքննադատության ամբիոնի պրոֆեսոր

Նարինե Կարախանյան, բ. գ. թ., Շիրակի մարզի Հոռոմի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930