Լրահոս
Օրվա լրահոսը

Ցնծություն, բացականչություններ՝ Գյումրու Վարդանանց հրապարակում․ Արթուր Ալեքսանյանը աշխարհի քառակի չեմպիոն

Սեպտեմբեր 12,2022 23:44

Գյումրեցի «Ճերմակ արջը» Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում վստահ հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրլ Միլովին եւ չորրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Սպորտում բոլոր հնարավոր մեդալները նվաճած Արթուր Ալեքսանյանի այս չեմպիոնական ոսկին արժեքավորվում է նաեւ նրանով, որ մեր դյուցազնը վնասվածքը շուրջ մեկ տարի բուժելուց հետո վերադարձավ մեծ ըմբշամարտ ու բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճան՝ լուրջ հայտ ներկայացնելով նաեւ Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար, որը խաղարկվելու է եկող տարվանից:

Այսօր Հայաստանի հավաքականին բրոնզե մեդալ կարող էր բերել նաեւ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, սակայն նա պարտվեց:

Գյումրու  կենտրոնական Վարդանանց հրապարակում, որտեղ ժամը 21․00-ից հավաքվել էին մեծ թվով գյումրեցիներ, այդ թվում Գյումրու քաղաքապետ  Վարդգես Սամսոնյանն ու բազմաթիվ այլ պաշտոնյաներ, Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը մեծ էկրանի վրա հետևելու ու չեմպիոնին երկրպագելու համար, նրա հաղթանակի լուրը լսելուն պես՝ աննկարագրելի ցնծություն սկսվեց։

Արթուր Ալեքսանյանը 5։1 հաշվով առավելության հասավ Եվրոպայի գործող չեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլովի նկատմամբ։

Գյումրեցիները շնորհավորում էին մեկը մյուսին՝ բացականչելով «Արթո՜ւր, մեռնիմ թասիբիդ»։

Համացանցը ևս «պայթում է»․ գյումրեցի օգտատերերը, իրեն էջերում տեղադրելով Արթուր Ալեքսանյանի լուսանկարը, շնորհավորանքներ են գրում՝ Գյումրին անվանելով «Հաղթանակների Հայրաքաղաք»։

Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն էլ, ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով իր ու չեմպիոնի լուսանկարը, հրճվանքով գրել է. «Չեմպիոնների զավոդ է, խո քաղաք չէ, Իսանը ուրդից կեղնի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930