Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավ՝ թեթևակի խայթոցներով․ ո՞ւմ կանցնի Անի համայնքի ղեկը

Սեպտեմբեր 12,2022 20:50

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում, որտեղ 17 օրից՝ սեպտեմբերի 25-ին, ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու, քարոզարշավն անցնում է առանց միջադեպերի ու արտառոց խախտումների։ Որոշակի թեթև խախտումներ նկատվել են ցուցապաստառների փակցման վայրերի հետ կապված։

Ընտրություններին ընթացքն այսպես է բնութագրում թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը՝ հավելելով, որ խախտումները հարթված են։

Անի խոշորացված համայնքում պայքարի են դուրս եկել երեք քաղաքական ուժեր՝ «Ազգ-համայնք» դաշինքը՝ 61 թեկնածուներով, նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը՝ 23 թեկնածուներով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 63 թեկնածուներով։ Թեկնածուների ընդհանուր թիվը 147 է, որից 49 կանայք են, 98-ը՝ տղամարդիկ, 132-ը կուսակցականներ են, 15-ն՝ անկուսակցական։

18 տարվա համայնքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը մրցակցում է Անիի ավագանու անդամ Ագուն Սաղաթելյանի և Մարալիկի, Արթիկի ու Ախուրյանի «Հայ փոստի» համակարգող Արման Սարիբեկյանի հետ։

Արման Սարիբեկյանը « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն է գլխավորում․ նա ընտրապայքարի դուրս է եկել առաջին անգամ։ Արտակ Գևորգյանը, որը նախքան Անի համայնքի խոշորացումը Մարալիկի քաղաքապետն էր, այս անգամ առաջադրված է «Ռեֆորմիստների» և «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունների կողմից՝ «Ազգ-համայնք» դաշինքով։

Իսկ Ագուն Սաղաթելյանը գլխավորում է «Հայկական երազանք» կուսակցությունը։

Անիի ՏԻՄ ընտրությունները հետաքրքիր են նրանով, որ մրցապայքարում կա նաև գործող համայնքապետը, որի դեմ թավշյա հեղափոխությունից հետո բողոքի ցույցեր էին անցկացնում՝ պահանջելով հրաժարականը։ Ցուցարարները տևական ժամանակ պահանջում էին նոր ընտրություններ, անգամ ի նշան բողոքի՝ Գյումրի-Երևան միջպետական ճանապարհն էին փակում, սակայն Արտակ Գևորգյանը պաշտոնավարեց մինչև օրենքով սահմանված ժամկետը։

Արտակ Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր հրաժարականը պահանջած մարդկանցից շատերն այս ընտրություններում դարձել են իր գլխավորած քաղաքական ուժի կողմնակիցը։

«Քարոզարշավի ժամանակ ջերմ ընդունելության ենք արժանանում՝ աղուհացով, անգամ այն մարդիկ, որոնք ժամանակին պայքար են տվել մեր դեմ, այսօր շատ շատերը մեր կողքին են, ես կասեի զգալի հատվածը»,- ասաց Արտակ Գևորգյանը։ Նա նաև նշեց, որ իր նկատմամբ հարուցված բոլոր քրեական գործերը կարճված են:

Ըստ Արտակ Գևորգյանի, քարոզարշավն ընթանում է առանց անձնական վիրավորանքների, սակայն մրցակից ՔՊ-ի կողմից իր գործունեությունը ոչ ճիշտ է ներկայացվում։

«Քարոզարշավը համեմատաբար կայուն է, ստանդարտ է։ Մեկ-երկու դրվագներ կան, որոնք անընդունելի են, իհարկե, անձնական դաշտ չեն մտնում, սակայն ՔՊ-ի թեկնածուի կողմից ներկայացվում է, որ իրենք պետություն են, իսկ մնացածը պետության մեջ չունեն գործառույթներ ու հնարավորություններ՝ խնդիրներին լուծումներ ապահովելու համար։

Պարզ ասեմ, ես՝ որպես գործող համայնքի ղեկավար, չեմ տեսել, որ պետությունը խնդիրներ առաջացնի իմ ծրագրերի իրականացմանը, ավելին, ես ամենաշատ ծրագրերն այսօր ունեմ, ինչ ծրագիր ներկայացրել եմ կառավարությանը, հաստատվել է։ Գուցե այլ կարգի հարցերից ելնելով՝ ինձ անձնապես հետապնդել են, բայց ծրագրային իմաստով բաժանարար գծեր չեն եղել։ Ես այսօր ավելին եմ անում և ի վիճակի եմ ավելին անելու հետագայում։

Նորից եմ կրկնում, չեմ տեսել, որ պետությունը խնդիրներ առաջացնի իմ ներկայացրած ծրագրերում, իսկ մրցակիցը ներկայացնում է, որ ինձ ծրագրեր չեն տա, չեն հաստատի։ Ես բացահայտ, ակնհայտ սուտ եմ համարում այդ ամենը։ Ծրագրերն ունեմ, ծրագրերով էլ համայնքին լուրջ զարգացում եմ բերել։ Ընդամենը դա է ավելորդությունը քարոզչական փուլի մեջ», -ասաց Արտակ Գևորգյանը։

Նա նաև թվարկեց իրականացրած ծրագրերը, որը չենք հրապարակում քարոզչություն չդիտվելու համար։

Արտակ Գևորգյանը նշեց, որ անչափ կարևորում է Անիի համայնքների համաչափ զարգացումը, բարեկեցություն ապահովելը, դա իր կիսատ թողած գործերից է։

Ընտրություններից հետո, եթե անհրաժեշտություն առաջանա կոալիցիա կազմելու մրցակից ուժերից որևէ մեկի հետ, կգնա՞ այդ քայլին, մեր այս հարցին ի պատասխան՝ Արտակ Գևորգյանն ասաց․ «Չի առաջանա անհրաժեշտություն, որովհետև մենք ի վիճակի ենք միանձնյա, մեր ունեցած դաշինքով լիարժեք հաղթանակ տանելու։ Իսկ ընտրություններից հետո ովքեր ցանկություն կունենան ինչ-որ ձևով, իրենց ունեցած կարողությունները ծառայեցնել համայնքին, խնդիր չենք տեսնում համագործակցության։

Կոալիցիա կազմելու մասին ընդհանրապես չենք մտածում, քանի որ ուժեղ ենք, ժողովրդի վստահությունը բարձր է, որն, իհարկե, կապացուցվի ընտրություններով»։

Արտակ Գևորգյանը նաև նշեց, որ իր ընտրացուցակում ընդգրկված են տարբեր մասնագիտական կարողություններ ունեցող անձինք, որոնք հարգանք են վայելում համայնքում։

«Ընտրությանը միայն հաղթանակ տանելը չէ, դա հարցի մի կողմն է, հետագան ավելին բարդ է, եթե ոչ ճիշտ թիմ ես ընտրում՝ ոչ ճիշտ մասնագիտական հմտությամբ, մարդկային վատ հատկանիշներով անձինք են ընդգրկված, վաղն այդ նույն մարդիկ խնդիր են հանդիսանալու աշխատանքային մթնոլորտի ստեղծման, արդար կառավարման առումով»,- ասաց Արտակ Գևորգյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արման Սարիբեկյանն էլ, որն իր քարոզարշավն անցկացնում է Անի տարբեր համայնքների բնակիչների հետ հանդիպելով, Aravot.am-ի հետ զրույցում, գնահատելով քարոզարշավի ընթացքն, ասաց՝ խաղաղ է ընթանում, իրենք ևս էթիկան պահպանում են, որպեսզի լարվածություն ու ավելորդաբանություններ չլինեն։ Ըստ նրա, մրցակիցների կողմից որոշակի բամբասանքներ հնչում են, բայց դա բացահայտ ձևով չի դրսևորվում։

«Այնպիսի հետագիծ չենք թողել, որ կարողանան մեզ սևացնել․ մենք էլ պահում ենք հավասարակշռությունը, որ ավելորդ խնդիրներ չլինեն։ Մեզ համար շատ կարևոր է բարոյահոգեբանական մթնոլորտը, մենք ինքներս ամեն ինչ անելու ենք, որ համայնքում այն կարգավորվի, նախկին ընտրությունների պես չլինի․ ընտրություններից 2-3 տարի անց ժողովուրդն իրար քեն քշելով չզբաղվի կամ համայնքապետը չլինի 300 հոգու համայնքապետ, այլ ծառայի բոլորին»,- ասաց Արման Սարիբեկյանը։

Նա նշեց, որ ժողովուրդը շատ խեղճացած է, հայտնվել է վատ վիճակում և իրենց քաղաքական ուժը հավատը վերականգնելու խնդիր է տեսնում։

«Մենք դասական քարոզարշավ ենք անցկացնում, ծրագիր ենք ներկայացնում։ Հանդիպումների ժամանակ մարդկանց մեծ մասը ներկայացնում է իրենց փողոցի բարեկարգման, ջրի հարցը, հիմնականում կենցաղային հարցեր են բարձրացնում։ Այդ մարդիկ մոռացել են, որ համայնքում կարող է մշակութային, սպորտային խմբակ գործել, որ իրենց երեխան էլ զարգանա, կրթական միջավայր ստեղծվի, զբաղմունք լինի։ Նրանք հույսն անգամ կտրել են, որ իրենց փողոցները պետք է բարեկարգվեն, ջուր պետք է ունենան, բարեկարգ մայթեր չկան, մարդիկ քայլելու հնարավորություն չունեն, ճանապարհների վիճակը նորմալ չէ, սոցիալական վիճակը լավ չէ։

10 գյուղեր կան, որոնք կարծես մեր հանրապետությունից դուրս մնացած լինեն։ Որ շրջեք գյուղերում, կտեսնեք, որ հազվադեպ տեղանքներ կան, որտեղ շինարարություն է ընթանում, ասենք մարդը տունն է բարեկարգում, մարդիկ մտածում են, որ բնական երևույթ է՝ հենց սեզոնը բացվի, գնան խոպան, վառելիքի հարցը լուծեն, փող բերեն, որ Նոր Տարին նշեն»։

Մեր հարցին՝ պատրա՞ստ են կոալիցիա կազմել մրցակիցների հետ, եթե դրա անհրաժեշտությունը լինի, թեկնածուն պատասխանեց, որ ի սկզբանե այդ տրամաբանությամբ չեն մտել ընտրապայքարի, քանի որ ՔՊ-ի ցուցակի թեկնածուներից յուրաքանչյուրը իր հնարավորությունը լավ գիտի, բայց քանի որ քաղաքական պրոցես է, գուցե հետագայում քննարկեն։

«Քաղաքական ուժերից յուրաքանչյուրը լավ գիտի իր շանսերը, կան ուժեր, որոնք ի սկզբանե մտածել են, թե ում պիտի միանան կամ իրենց ով պիտի միանա, էդ տակտիկայով էլ մտել են ընտրապայքարի, սպասում են առաջարկության կամ իրենք կգնան, կառաջարկեն, այսպիսի վիճակ է։ Մեր մրցակիցներից մեկի հետ բացառում ենք կոալիցիան, որովհետև իր թողած երևույթներն ենք եկել մաքրելու»,-ասաց թեկնածուն։

Ըստ մեր զրուցակցի, համայնքներում ընտրությունները որքան էլ քաղաքական լինեն, միևնույն է ավելի շատ անձնավորված են, և եթե գաղափարական պայքար չկա, կոալիցիա կազմելը լավ չի դիտվի ։

Վերջինս նաև նշում է, որ Անիին այնպիսի համայնքապետ է պետք, որը կառավարության հետ շփումներ կունենա։

«Արթիկում 6-7 ամիսների ընթացքում 6-7 միլիարդի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել, իսկ Անիում հինգ տարվա ընթացքում 200 միլիոն սուբվենցիոն ծրագիր՝ 6 ծրագիր է ներկայացվել»,-համեմատություններ է անում թեկնածուն։

ՔՊ-ի ցուցակում կան մանկավարժներ, առողջապահական հիմնարկների տնօրեններ, ուսմասվար, դպրոցի նախկին տնօրեն։

Մրցակից քաղաքական ուժերից մեկն էլ Ագուն Սաղաթելյանն է՝ նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցության թեկնածուն։ Նա կամավորագրվել ու մասնակցել է թե՛ քառօրյա և թե՛ 44 օրյա արցախյան պատերազմներին ։

«Հայկական երազանք»-ի կարգախոսն է «Վերադարձ արժեքներին, լուծում խնդիրներին»։

Այս քաղաքական ուժին սատարում է Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանն՝ իր թիմով։

Թեկնածուն իր էջում պատասխանելով ամենաշատ հնչող հարցերից մեկին ՝գրել է․ «Վերջին օրերին ինձ և մեր թիմին ամենահաճախ (ձանձրացնող հաճախականությամբ) տրվող ամենաարդիական դարձած հարցը՝ «Ճի՞շտ է, որ միանալու եք այս կամ այն թիմին»։։

Խնայելով բոլորիս ժամանակը՝ եկեք արձանագրենք․

– Ո՛չ, ճիշտ չէ, բացարձակապես սխալ է։

Պաշտոնապես ամրագրենք, որ մեզ որևէ թիմի միանալու նախաձեռնությամբ հանդես գալով չեք տեսնելու։

Եթե որևէ թիմ մեզ միանալու նախաձեռնությամբ հանդես կգա, կքննարկենք մեր թիմակիցների ու ընտրողների հետ՝ դուրս գալով միայն և միայն Անի համայնքի ու բնակիչների շահերից»։

Ագուն Սաղաթելյանի դիտարկումներն ու գնահատականը՝ քարոզարշավի ընթացքի մասին, կհրապարակենք նրան լսելուն պես։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930