ՔՊ խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Բաբկեն Թունյանը հեղինակել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ գազալցակայանների եւ բենզալցակայանների՝ թերլիցքավորումների համար տուգանվելու դեպքում բաշխիչ կայանների վրա վարորդի համար տեսանելի հատվածում կտեղադրվի ցուցանակ, որով կնշվի՝ լցակայանը տուգանվել է թերլցումների համար։ Նախագիծն այսօր ԱԺ լիագումար նիստում քննարկվում է առաջին ընթերցմամբ։
ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ սա շատ վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծել․ «Օրենք են ուզում ընդունել, որը հնարավոր չէ կիրառել։ Ծխելու մասին էլ օրենք ընդունեցինք, որ բացօթյա տեղերում էլ չի կարելի ծխել։ Կոչ կանեմ քայլել փողոցում ու նայել՝ բացօթյա տեղերում չեն ծխո՞ւմ։ Եթե չաշխատող օրենք ենք ընդունելու, ուրեմն պետք չի։ Այսպես քաղաքացուն սովորեցնում ենք չհարգել օրենքը, որովհետեւ այն իրավակիրառ պրակտիկայում չի կիրառվելու»։
Բագրատյանի խոսքով՝ նման վահանակ փակցնելը լուրջ չէ․ «Ոչ մեկ չի համաձայնի, որ դու նման բան գրես, որ գրես էլ, մի րոպե չի մնա։ Վստահեցնում եմ, որ մի տարի հետո ժամանակը գա, տեսանյութով ցույց կտամ, որ մի ամիս էլ չի մնացել այդ վահանակը»։
Նախագծի հարակից զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամյանյանը չհամաձայնեց․ «Երեք ամսում մոտ հարյուր ստուգման արդյունքում 11 թերլցում է հայտնաբերվել, ուստի ինչպե՞ս եք պնդում, որ օրենքը չի գործելու։ Հնարավոր չի։ Իսկ վահանակը կմնա, թե ոչ, դա արդեն ցանկության հարց չի լինելու, այլ օրենքի ուժ»։
Կարդացեք նաև
Բագրատյանն ուղղեց․ «Օրենքի մասին չէի խոսում, այլ վահանակի։ Այն չի աշխատելու, վնասելու է օրենքին, չի աշխատելու։ Այդ մշակույթը մեզանում դեռ չկա։ Փորձեք, կտեսնեք»։ Նարեկ Ղահրամանյանն արձագանքեց, որ վահանակը հանելու դեպքում կրկնակի տուգանք է լինելու։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ