Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պարոն Բագրատյան, սարսափ ֆիլմ նկարագրեցիք՝ տեսչական մարմինը պատի տակ՝ զենքերով, բռնացնում է տնտեսվարողին»

Սեպտեմբեր 12,2022 17:56

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել՝ հաշվի առնելով տեսչական մարմնի աշխատանքում արձանագրված խնդիրները։ Ինչպես այսօր ԱԺ լիագումար նիստում հայտարարեց նախագծի հեղինակներից ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն օրենքով արդեն իսկ ունի լիազորություն՝ ստուգումներ իրականացնելու աշխատանքային օրենսդրության առնչությամբ։

«Տեսչական մարմինը երեք օր առաջ պետք է տեղեկացնի տնտեսվարողին։ Սա կանխատեսելի է դարձնում ստուգումները տնտեսվարողի համար, նա ավելի պաշտպանված է դառնում։ Տեսչությունը ստուգում է նաեւ աշխատանքային պայմանագրի պատշաճությունը կամ դրա առկայությունը՝ թաքնված աշխատուժը, եւ այս դեպքում եռօրյա ծանուցումը ստուգումը դարձնում է անիմաստ։ Մեր առաջարկած փոփոխությամբ միայն թաքնված աշխատուժի հայտնաբերման դեպքում տեսչական մարմինը կարող է չպահպանել եռօրյա ծանուցման պահանջը»,-տեղեկացրեց Հերիքնազ Տիգրանյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետարքրքվեց․ «Ո՞րն է սրա նպատակը, բռնացնե՞լը։ Գուցե երեւույթը վերացնելո՞ւ մասին մտածենք։ Բռնացնելու ճանապարհով, կարծում եմ, սխալ փիլիսոփայություն կընտրենք։ Ստուգումներով չէ, որ պետք է նման փաստերը հայտնաբերել։ Մեխանիզմներ են պետք, որպեսզի գործատուն աշխատակիցներին չթաքցնի։ Դուք ի՞նչ սթրես եք առաջացնում մարդու մոտ։ Հանկարծակի ստուգմամբ բռնացնում եք, որ հավաքարարին չի՞ գրանցել»։

Հերիքնազ Տիգրանյանը վստահեցրեց, որ նախագծի նպատակը տնտեսվարողին բռնացնելն ու տուգանելը չէ․ «Բայց օրենքով կան բացառություններ՝ եռօրյա ժամկետի բառացման համար։ Երբ երեք օր առաջ զգուշացնում եք, որ գալու եք ստուգելու, այդ թվում թաքնված աշխատուժը, ապա, բնականաբար, այդ օրն աշխատանքի չեն գա նրանք, ովքեր աշխատում են առանց պայմանագրի։ Հետեւաբար, իրական պատկերը չի արձանագրվի, պարզ չի լինի, թե որքան ստվերային աշխատողներ կան։ Սա այն դեպքն է, երբ եռօրյա ժամկետի բացառումն արդարացված է»։

Նախագծի մյուս հեղինակ, ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն էլ (լուսանկարում) դիմեց Սերգեյ Բագրատյանին․ «Պարոն Բագրատյան, տպավորություն էր, որ սարսափ ֆիլմ նկարագրեցիք՝ տեսչական մարմինն ամեն օր բոլոր տնտեսվարողներին սպասում է պատի տակ՝ զենքերով, որ բռնացնի ու տեռորի ենթարկի․․․լո՞ւրջ եք ասում, որ պետք է տնտեսվարողներին հարցնենք՝ իրենք անկե՞ղծ են, թե ոչ, աշխատողներին թաքցնո՞ւմ են, թե ոչ։ Բազմաթիվ օրինակներ կարող եմ ասել, որ քաղաքացին է տնտեսվարողներին խնդրում իրեն չգրանցել, որովհետեւ «Փարոս» է ստանում։ 170 000 գրանցված աշխատավարձից հրաժարվում են, որ 30 000-ի «Փարոս» ստանան։ Մարդ գիտեմ, որ տնտեսվարողի հետ վիճել է՝ իրեն գրանցելու համար, ու գործից դուրս է եկել։ Այնպես որ, սա շատ ճիշտ նախագիծ է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930