Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասացինք՝ զարթիր լաո, լաոն զարթնել է ու քանի ամիս է՝ տառապում է անքնությունից». Ռուբեն Հակոբյանը քննադատեց ընդդիմությանը

Սեպտեմբեր 12,2022 17:13

«Եթե կարճ՝ ակնհայտ է, որ ադրբեջանա-թուրքական ալյանսը պատրաստվում է հարձակման։ Մենք անտեր ընկած ենք այս տարածաշրջանում, ոչ ոք մեզ տեր չի կանգնելու, որովհետև, եթե պետություններ կային, որ մեզ պետք է տեր կանգնեին, այսօր նրանք տիրոջ կարիք ունեն»,- այսօր «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը։

Բանախոսի գնահատմամբ, ընդդիմության միակ խնդիրն այսօր պետք է երկրի ղեկավարին հեռացնելը լինի ու քննարկումն էլ մեկ հարցի շուրջ պետք է լինի՝ թե ինչո՞ւ մինչեւ հիմա չի հաջողվել դա անել:

Ռուբեն Հակոբյանը հորդորեց անկեղծ լինել միմյանց հետ եւ խոսել այն մասին, թե ինչո՞ւ ձախողվեց Դիմադրության շարժումը. «Ես գիտեմ, որ ձախողել ենք։ Եթե ձեզ՝ երկու խմբակցություններիդ հարց տանք՝ ձեր վարկանիշն ավելի բա՞րձր էր մինչեւ խորհրդարան մտնելը, թե՞ դրանից հետո: Իմ կարծիքով, դրանից հետո ավելի ցածր է։ «Պատիվ ունեմ» դաշինքն ամենաանտրամաբանական դաշինքն էր, որը պետք է այս ճակատագիրը ունենար եւ ունեցավ, «Հայաստան» դաշինքին պաշտպանել եմ եւ չեմ փոշմանել, բայց ձեզ ավելին կանդրադառնամ։ Հարցրե՞լ եք, ինչո՞ւ պարտվեցիք պառլամենտում»։

Ռուբեն Հակոբյանը քննադատեց ընդդիմությանը, որ բոյկոտել են խորհրդարանի աշխատանքը, մինչդեռ լեգիտիմ հնարավորություն կար նույն խորհրդարանի տարբեր դահլիճներում այլընտրանքային նիստեր գումարել՝ սեփական օրակարգով․ «Այսօր ԱԺ նախագահը գլուխը պատին կտար, թե կասեր՝ հեռացնում է ձեզ, խորհրդարանի 1/3-ը ձերն է: Հա, հասկանում եմ՝ նրանք շնագայլեր են, հայտարարեցին, որ եղբայր, էս պետական հեղաշրջումն ավելի կարեւոր էր, քան Արցախը, Արցախի հաղթանակները, գլխատեցին մեր բոլոր նվաճումները»:

Նա հասկանում է, որ ընդդիմադիրների քննադատական խոսքին ի պատասխան բռնություն է գործադրվում եւ առաջարկեց՝ «Եկեք պայմանավորվենք, ով բռնություն գործադրի՝ դրանց քիթ ու մռութը պիտի ջարդվի, ինչպես լուսահոգի Վահանը կասեր՝ դալանների տակ»:

Ռուբեն Հակոբյանը նաեւ հարց հնչեցրեց՝ ինչպե՞ս եղավ, որ 40-50 հազարանոց միտինգից մնաց 2-3 հազարը եւ ինչո՞ւ չկարողացան պահել Դիմադրության շարժումը. «Ասացինք՝ զարթիր լաո, լաոն զարթնել է ու քանի ամիս է՝ տառապում է անքնությունից, արթնացրել ենք, ի՞նչ ենք անում։ Ադեկվատ պատասխանը միայն նոյեմբերի 9-ի գիշերն է եղել։ Էդ մարդը պիտի ինքնասպան լիներ, բայց բոլորին կսպանի»:

Նա հորդորեց՝ չկուսակցականացնել շարժումները եւ հարթակներում չմեծամտանալ: Նաեւ զայրացավ՝ ինչո՞ւ են թաքցնում թե ովքե՞ր են շարժման ղեկավարները, երբ հազարավոր մարդիկ դա են պահանջում:

Մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930