Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Մենք կանգնած ենք պատերազմի շեմին եւ մեր ցանկացած գործողություն պիտի միտված լինի ազգային ազատագրական պայքարին»

Սեպտեմբեր 12,2022 16:36

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում խորը անհանգստություն եւ մտահոգություն հայտնեց, որ, ըստ էության, այսօր նոր պատերազմը մեր քթի տակ է: «Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի: Մենք կանգնած ենք պատերազմի շեմին: Եվ այս պահին մեր ցանկացած գործողություն պիտի միտված լինի ազգային ազատագրական պայքարին:

Եթե ձեզ թվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պատահական է հենց այն օրերին, երբ տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանը Ուկրաինայում որոշակի հետնահանջ է արձանագրում, հայտարարում, որ ադրբեջանական բանակը բերված է պատրաստվածության 1-ին աստիճանի եւ արդեն տեղակայված է մեր սահմաններին, սխալվում եք: Այսօր արդեն հրապարակվեց երկրորդ տեղեկությունը, թե հատուկ որոշում է ընդունվել, որ Ադրբեջանի Հանրապետության մինչեւ 50 տարեկան որեւէ քաղաքացի իրավունք չի ունենալու լքել Ադրբեջանի տարածքը (տվյալ լուրը որեւէ աղբյուրով չի հաստատվում՝ ըստ «Սիվիլնեթի» փաստերի ստուգման․–խմբ)։ Սա ինչ է, եթե ոչ պատերազմի նախապատրաստություն:

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը խճճվել է Մոսկվայի եւ Բրյուսելի, իր իսկ տված գրավոր եւ բանավոր խոստումների սարդոստայններում եւ երկրորդ անգամ բերել է պատերազմը, այս անգամ՝ Հայաստան: Կրկնում եմ. մենք կանգնած ենք շատ վտանգավոր սահմանագծի վրա եւ որեւէ երաշխիք չկա, որ որեւէ պահի Ադրբեջանը չի սկսելու ռազմական գործողություններ: Հիմա ի՞նչ պիտի անենք բոլորս: Պետք է իսկապես համախմբվենք, պիտի մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները, պիտի դադարեցնենք զբաղվել իդիոտիզմով, պիտի դադարեցնենք անպտուղ ջուր ծեծել, անպտուղ օրակարգեր սպասարկել:

Պիտի հնչեցվի Հայրենական պատերազմի կոչ: Հնարավոր պատերազմը կարելի է կանխել: Այս խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիրը՝ Հայաստանի վերջնական կապիտուլյացիան, հնարավոր է կանխել մեկ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումով: Այսինքն, մեր բոլորի գործողությունները, քայլերը, նպատակները պետք է ուղղված լինեն դրան:

Նիկոլ Փաշինյանը պատանդ է՝ Արեւմուտք-Ռուսաստան իր ստերի, Ալիեւի հետ վերելակային խոստումների եւ պայմանավորվածությունների: Իսկ դրանց արդյունքում լինելու է հերթական կապիտուլյացիա, այս անգամ՝ Հայաստանի: Շատ հայտնի խոսք կա. «Պատերազմի համար պետք է մեկ կողմ, խաղաղության համար պետք է երկու կողմ»: Այս բալանսը, այս խաղի կանոնը խախտված է: Այդ չակերտավոր խաղաղությունն էլ այսօր, ըստ էության, պարտադրվում է մեկ կողմով: Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ Ադրբեջանը սանձազերծելու է նոր պատերազմ: Եվ չեմ բացառում, որ այդ պատերազմը սանձազերծված է լինելու ինչ-որ տեղ Հայաստանի թրքադավ իշխանությունների հետ համաձայնեցված, կամ նրանց լուռ անգործության պատճառով եւ որի արդյունքում Փաշինյանը հայտարարելու է, թե մեզ այլեւս ելք չի մնում, քան օր առաջ, րոպե առաջ կնքել ազգադավ խաղաղության, իրականում՝ Հայաստանի կապիտուլյացիայի պայմանագիրը: Հիշեցնեմ, Ալիեւը հայտարարեց, որ պայմանագիրը կնքվելու է առաջիկա ամիսների ընթացքում: Ռուսաստանցի ու եվրոպացի իմ գործընկերները պնդում են, որ այդ պայմանագիրը վավերացվելու է խորհրդարանում մինչեւ աշնանային նստաշրջանի ավարտը: Այսինքն, մինչեւ դեկտեմբերի վերջ:

Դա նշանակելու է, որ դեկտեմբերի 31-ը Հայաստանի ինքնիշխանության, փրկության կամ կործանման վերջնաժամկետն է լինելու: Այլ տարբերակ չկա»,-գուժեց Նաիրա Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930