ԱԺ լիագումար նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվում է ՔՊ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հեղինակած՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում են քաղաքացիական, ծառայողական զենքի ներկրման, կրման թույլտվության, լիցենզիա տալու, արտոնագրից զրկելու հարցերը, զենքի շրջանառության սահմանափակումները, խստացվում է ապօրինի զենքի համար պատասխանատվությունը:
Ըստ հեղինակների, այս նախագծով բարձրացնում են հասարակության պաշտպանվածությունը․ նախագիծը կարգավորում է ՀՀ-ում զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, նպաստում է որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը․ ներդրվում է զենքի հետ վարվելու մշակույթը, որն ուղղված կլինի քաղաքացիների մարտունակության բարձրացմանը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը համահեղինակ Վիլեն Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ ատրճանակը մտնո՞ւմ է թույլատրելի զենքերի ցանկում։ Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց, որ ատրճանակ կրելուն այս փոփոխությունները չեն վերաբերում․ «Խոսքը ձեռքբերման մասին է։ Ինչ վերաբերում է ուժային կառույցներում քսան տարի ծառայության փորձ ունեցողներին ատրճանակ կրելու արտոնություն տալուն, ապա կառավարությունն առաջարկում է միայն գնդապետից բարձր կարգավիճակի դեպքում տալ։ Առաջարկը դեռեւս պետք է քննարկվի»։
ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ նկատեց՝ հանրության շրջանում այս օրինագծի հետ կապված մտահոգություններ կան, որ հանցագործությունների աճ կլինի, մարդիկ անհանգստացած են։ Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց․ «Հիմա ՀՀ-ում 18 տարեկանը լրացած ամեն քաղաքացի իրավունք ունի բուժզննումից հետո լինել որսորդ միության անդամ, դիմել ոստիկանություն ու ստանալ հրազեն։ Մեր առաջարկած նախագծով քաղաքացու համար ներդրվելու է քննական կարգ, որը ենթադրում է թեորիա եւ պրակտիկա։ Սա նպաստելու է զենքի հանդեպ պատասխանատվությանը, տիրապետմանն ու վարվեցողությանը։ Ըստ այդմ, սա ազատականացում չէ, այլ հակառակը՝ ոլորտի կարգավորում։ Այո, ռիսկ կա, որ հանցագործությունների աճ կլինի, բայց քննական կարգն այդ ռիսկը նվազեցնելու համար է։ ՀՀ-ում տասնյակ հազարավոր օրինական զենքեր կրողներ կան, ընդհանուր թիվը գաղտնի է պատերազմից հետո»։
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ հարցրեց՝ բարձրաստիճան զինվորականները նույնպես անցնելո՞ւ են քննական կարգ՝ պահպանելու համար զենք կրելու իրավունքը։ Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց․ «Կառավարության հետ դեռ քննարկումների փուլում ենք։ Կարծիք կա, որ քսան տարվա ստաժով մարդկանց քննական կարգ պարտադրելն այնքան էլ նպատակահարմար չէ»։
Քրիստինե Պողոսյանը նաեւ նկատեց՝ այս օրինագիծը հանրության շրջանում «զենքի ազատականացման» անվանումն է ստացել, իրապե՞ս այդպես է։
Վիլեն Գաբրիելյանն արձագանքեց․ «Ի սկզբանե նման ընկալում կար, բայց տասը ամսում անընդհատ բացատրել ենք, որ սա կարգավորումն է ոլորտի, ոչ թե ազատականացումը։ Որոշ դրույթներով խստացումներ կան։ 24 տարի օրենքը չի փոխվել։ Քննական կարգով մարդու գիտակցության մակարդակն է ստուգվելու, արձանագրվելու է՝ արդյոք այդ մարդուն կարելի՞ է զենք տալ, թե ոչ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ