Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը պետք է չեզոքացնի ամենակարեւոր՝ ներքին սպառնալիքը. Արտակ Զաքարյան

Սեպտեմբեր 12,2022 15:58

«Եթե ընդդիմությանը չհաջողվի չեզոքացնել երեք սպառնալիքներից ամենակարեւորը՝ ներքին սպառնալիքը, ապա մենք իրավացի ենք, երբ խոսում ենք պետության ոչնչացման գործընթացի մասին»,- այսօր կայացած քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ ընդդիմությունն այսօր Հայաստանի առջեւ ծառացած անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու լիարժեք հնարավորություն ունի, սակայն ընդդիմությանը դեռ չի հաջողվել շատ կարեւոր բան՝ ներգրավել հնարավորինս մեծ թվով մարդկանց եւ ստանալ նրանց անմիջական աջակցությունը: Այդ առաքելությունն, ըստ նրա, վճռորոշ է լինելու՝ պետության գոյության տեսանկյունից:

Հիշեցնենք, ԱԺ հերթական գումարման աշխատանքների մեկնարկին զուգահեռ՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքներն այսօր համատեղ քննարկում էին կազմակերպել՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով: Հիշեցնենք նաեւ, որ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են ԱԺ այս նստաշրջանի աշխատանքը:

Հայաստանի համար երկրորդ սպառնալիքը Արտակ Զաքարյանը համարում է տարածաշրջանային մակարդակի սպառնալիքը. «Կարեւոր է հասկանալ բոլոր այն գործընթացները, որոնք կարող են նոր սպառնալիքներ ստեղծել Հայաստանի համար։ Պետք է նկատի ունենալ ոչ միայն ռազմական կամ ֆիզիկական անվտանգությունը, այլ պարենային, հաղորդակցական, կրթական, ժողովրդագրական, արժեքային եւ հոգեւոր անվտանգությունը։ Ի՞նչ են անում ներկայիս իշխանությունները. նրանք նպատակաուղղված ոչնչացնում են պետության գոյության իմաստային հենասյուները՝ ինքնուրույն պաշտպանվելու եւ միասնական գործելու կարողությունը»։

Երրորդ մակարդակը, ըստ Արտակ Զաքարյանի, գլոբալ սպառնալիքներն են, որոնք կապված են աշխարհում ուժերի հավասարակշռության փոփոխության հետ. «Ես առաջարկում եմ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններին՝ խումբ ստեղծել՝ անվտանգության նոր ռազմավարություն մշակման համար, քանի որ ավելի վաղ իշխանությունների կողմից ընդունված անվտանգության ռազմավարությունը բանի պետք չէ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930