«Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծով աղբավայրերի մոնիթորինգի իրականացման պահանջ է սահմանվում՝ ՀՀ-ում շրջակա միջավայրի վրա շահագործվող աղբավայրերի վնասակար ազդեցությունը կանխելու համար։ Այս նպատակով կից օրենսդրական փոփոխությամբ վարչական պատասխանատվության միջոց է սահմանվում՝ աղբավայրի տարածքում մոնիթորինգ չիրականացնելու համար։
«Դա կապահովի մոնիթորինգի պատշաճ իրականացումը, բնապահպանական որոշ խնդիրների լուծումը։ Մոնիթորինգի կարգը կընդունի կառավարությունը։ Աղբավայրերը շահագործողները, որոնք հիմնականում համայնքային ենթակայության հիմնարկներն են, հնարավորություն կունենան 2023թ․-ի ընթացքում նախապատրաստվելու աղբավայրերի մոնիթորինգի համար անհրաժեշտ ֆինանսական, նյութատեխնիկական միջոցներով։ Օրենքն ուժի մեջ է մտնելու 2024թ․ հունվարի մեկից»,-ԱԺ լիագումար նստաշրջանում այսօր զեկուցելով նախագիծը՝ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Թափոնների հեռացման վայրերը շահագործողներ են համարվում իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք պատասխանատու են թափոնների հեռացման վայրերում թափոնների ոչնչացման, վնասազերծման կամ տեղադրման (այդ թվում՝ թաղման) համար։ Օրենսդրական փոփոխությունը սահմանում է նաեւ, որ թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգը հողի, մթնոլորտային օդի, մակերեւութային եւ ստորերկրյա ջրերի որակական ցուցանիշների վերաբերյալ տվյալների պարբերական հավաքագրումն է՝ ակնադիտարկումների, գործիքային չափումների, նմուշառումների, լաբորատոր փորձարկումների միջոցով։
Արա Ֆիդանյանը տեղեկացրեց նաեւ, որ չսահմանված տեղերում աղբ թափելու համար պատասխանատվության միջոց կիրառելու իրավասությունը վերապահվում է նաեւ ոստիկանությանը, իսկ վարչական իրավախախտման սուբյեկտներ են հանդիսանալու ֆիզիկական անձինք։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ