Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Աշակերտը կարդալով ստեղծագործությունը` հեղինակին դեմքով էլ կարող է ճանաչել». Դավիթ Սամվելյան

Սեպտեմբեր 12,2022 15:27

Լույս են տեսել Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիայի վեցհատորյա գրքերը, որոնք ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված են որպես ուսումնական նյութ։ Գրքերը նախատեսված են 7-12-րդ դասարաններում ուսումնասիրելու համար։ Քրեստոմատիաները ներառում են հայ ժամանակակից 75 գրողների այն գործերը, որոնք մոտ են ծրագրով նախատեսված, գրականության դասաժամերին պարտադիր ուսումնասիրվող ստեղծագործություններին:

Դավիթ Սամվելյան

«Արմենպրեսում» կայացած ասուլիսում արձակագիր, քրեստոմատիաների համահեղինակ Դավիթ Սամվելյանը նշեց, որ ավելի քան մեկ տարի առաջ մանկավարժ, արձակագիր Նաիրա Աբրահամյանի կողմից առաջարկ եւ ցանկություն է հնչել քրեստոմատիա ստեղծելու, ինչը ներկայացրել են «Էդիթ պրինտի» հիմնադիր նախագահին ու նրա կողմից հավանություն ստացել, ԿԳՄՍ նախարարության երաշխավորությունը նույնպես ստացել էին:

«Դեռեւս 2020 թվականից ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց հանրակրթության պետական չափորոշիչները, ինչը բուռն քննադատության ալիք բարձրացրեց հատկապես այն առումով, որ հայ բառն էր հանված, Ոսկեդարի եւ միջնադարյան հեղինակները, բայց ամենամեծ քննադատությունն այն էր, որ ներառված են ժամանակակից գրողներ»,-նշեց Նաիրա Աբրահամյանը:

Նաիրա Աբրահամյան

Նա հիշեցրեց, որ քննադատություններից հետո ԿԳՄՍ նախարարությունը վերանայել է այդ ամենը, հանված հեղինակները կրկին ներառվել էին, եւ որոշում էր կայացվել հանել ժամանակակից գրականությունը ծրագրից եւ թողնել աշակերտների ու ուսուցիչների ընտրությանը. «Դրանից հետո նախարարությունը դարձյալ հրապարակեց մի ցանկ, որտեղ ներկայացնում էր գրականություն առարկայի այն հեղինակներին, որոնք առաջարկում էր արտադասարանային ընթերցանության եւ նախագծային աշխատանքներ կատարելու համար: Այս դեպքում եւս քննադատություն առաջացավ, հատկապես ժամանակակից գրականության որոշ հեղինակներ ասացին, որ ճիշտ չեն ընտրված իրենց ստեղծագործությունները: Ոմանք տեղյակ չեն եղել, թե իրենց որ ստեղծագործություններն են ներառվել: Նրանք գտնում էին, որ ունեին ավելի հարմար ստեղծագործություններ, որոնք համապատասխանում են աշակերտի լեզվամտածողությանը, հոգեբանությանը, արժեքային համակարգ ձեւավորելուն»:

Նաիրա Աբրահամյանի ձեւակերպմամբ, այստեղից լ ծնվել է գաղափարը` օգնել ուսուցչին, ուղղություն տալ աշակերտին, հրապարակել եւ կազմել ժամանակակից գրողների ստեղծագործությունների ընտրանին. «Բոլոր հեղինակներին, իսկ ովքեր ողջ չեն, նրանց սերունդներին «Էդիթ պրինտի» կողմից ուղարկվել է նամակ, որտեղ մանրամասն նշված են եղել չափանիշները, որոնցով կատարվել է ստեղծագործությունների ընտրությունը, ապա նրանց համաձայնությամբ ընտրվել են ստեղծագործությունները եւ ներառվել քրեստոմատիայում»:

Դավիթ Սամվելյանն ընդգծեց, որ քրեստոմատիաները ներառում են 75 հեղինակ, սակայն նամակներն ավելի շատ հեղինակների են ուղարկվել, եւ շուրջ 15 գրող չի արձագանքել: Նա գոհ է ստացված արդյունքից, ասում է ` այնպիսի գրքեր են կազմել, որոնք հաճելի կլինեն կարդալու համար:

Նաեւ մեկ այլ խնդրի անդրադարձավ` գրողներ կան, կարողանում են սոցցանցերի միջոցով ներկայացնել իրենց գրականությանը, գրողներ էլ կան, որ չեն կարողանում այդ մարքեթինգից օգտվել, եւ ստվերում են մնում, ուստի այս քրեստոմատիաները նաեւ գրողին ճանաչելի դարձնելու առումով են օգտակար. «Բացի նրանից, որ սա լավ ստեղծագործությունների ժողովածու է, աշակերտը կարդալով հեղինակի ստեղծագործությունը` նրան դեմքով էլ կարող է ճանաչել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930