Լրահոս
Օրվա լրահոսը

«Զիջումների կարմիր գծեր չհաստատելը ոչ այլ ինչ է, եթե ոչ կորցնել թե Հայաստանը, թե Սփյուռքը, թե Արցախը». Արմեն Ռուստամյան

Սեպտեմբեր 12,2022 15:05

«Այո, կա ապագա, բայց առանց կենսական ու կործանարար զիջումների: Ապագա չի կարող լինել այդպիսի զիջումներով: Սա է իրական ջրբաժանը, իրական օրակարգը: Հետեւաբար գերխնդիր է՝ համահայկական զորաշարժի միջոցով կանխել դեպի այդ կործանարար ապագան տանող վերահաս ամբողջական կապիտուլյացիան: Այդ հետհաշվարկն արդեն միացված է: Դա պետք է մեզ սթափեցնի: Եթե ԱԺ-ն այս օրակարգով չի զբաղվելու, մենք այդ ԱԺ-ում աշխատելու նպատակ չպետք է հետապնդենք»,- այսօր կայացած քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ եթե գործող կառավարությունը չի փոխում իր կործանարար ծրագիրը, ընդդիմությունը այդ կառավարության եւ քաղաքական մեծամասնության հետ աշխատելու բան չունի: Իրենք կհամագործակցեն, եթե կառավարության ծրագիրը փոխելու խնդիր առաջադրվի:

Հիշեցնենք, ԱԺ հերթական գումարման աշխատանքների մեկնարկին զուգահեռ՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքներն այսօր համատեղ քննարկում էին կազմակերպել՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով: Հիշեցնենք նաեւ, որ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են ԱԺ այս նստաշրջանի աշխատանքը:

Արմեն Ռուստամյանը նկատեց, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները վերջնականապես ամրապնդեցին համոզումը, որ այլեւս չի գործում միջազգային նորմերի վրա հիմնված, այսպես կոչված, Հելսինկյան աշխարհակարգը, տեղի են ունենում աշխարհաքաղաքական վերադասավորումներ, որոնք ուղղված են միջազգային կենտրոնների շուրջ ազդեցության նոր գոտիների առաջացմանը: Այս համատեքստում, խոսելով Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, բանախոսի համար ակնհայտ է, որ դա ունի լայն տարածաշրջանային ընդգրկում եւ կարող է կանխորոշել հայկական խնդիրների լուծման եւ հայոց պետականության զարգացման ընթացքը: «Հետեւաբար, կենսական զիջումներից խուսափելու համար, անհրաժեշտ է ունենալ եւ պահպանել միմիայն հայեցակարգված մոտեցում: Իսկ ի՞նչ է կատարվում ներկա պահին. ներկա պահին միասնական ճակատով հակահայկական ու պանթուրանական ծրագրերը կյանքի կոչելու Թուրքիայի ու Ադրբեջանի լայնամասշտաբ գործողություններին զուգահեռ, ՀՀ իշխանությունները ձեռնամուխ են եղել խաղաղության դարաշրջան բացելու ուտոպիստական գաղափարի իրագործմանը: Ակնհայտ է, որ այս երկու գործընթացները տեսականորեն անգամ հնարավոր է համատեղել, եթե հնարավոր լինի տեղավորել թուրք-ադրբեջանական ծրագրերը տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու գաղափարի մեջ: Ուստի, եթե Երեւանը ձգտում է այդպիսի խաղաղության, պարտավոր է չխոչընդոտել թուրք-ադրբեջանական նպատակներին, սպասարկել թուրք-ադրբեջանական շահերը: Դրա ականատեսն ենք դառնում այս օրերին: Դրա վկայությունն էր Շուշիի հակահայ հռչակագիրը դատապարտելուց հրաժարվելու իշխանությունների պահվածքը»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունների հաստատում անհրաժեշտ է այնքանով, որքանով դա կարող է ծառայեցվել իր ու Ադրբեջանի էական պահանջների բավարարմանը:

Ուստի, նա պատահական չի համարում, որ Թուրքիան ու Ադրբեջանը միաժամանակ հանդես են եկել հարաբերություններ հաստատելու բնույթով վերջնագրային այնպիսի առաջարկություններով, որոնցից հրաժարվել, իրենց համոզմամբ, Հայաստանը ներկա պայմաններում չի կարող. «Նրանք փաստացի, ուժի կրկնակի սպառնալիքով փորձում են հնարավորին արագ ստանալ առավելագույնը 44-օրյա պատերազմից իրենց համար բարենպաստ արդյունքներ: Այս պայմաններում, Հայաստանի կողմից խաղաղություն հաստատելու անվերապահ պատրաստակամությունը ենթադրում է կանգ չառնելով անդառնալի կենսական զիջումների առջեւ, ստանալ ամեն գնով հաշտություն: Ակնհայտ է, որ այդ գնով ձեռք բերված խաղաղության հետեւանքը այս տարածաշրջանում հայկական գործոնի վերացումն է եւ հայոց ինքնիշխան պետականության փլուզումը: Հետեւաբար, մենք պարտավոր ենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ մտնել՝ խստիվ սահմանելով մեզ համար կենսական կարմիր գծերը, քանզի այդ շրջանակից դուրս անդառնալի զիջումներով ուղեկցվող մեր հայկական ինքնության կորուստն է եւ ազգային պետականության կործանումը: Գնալով ավելի բացահայտ է դառնում, որ թշնամին դրսից, իսկ օրվա իշխանությունը ներսից՝ վերջնահաշվում նույն քաղաքականությունն են տանում՝ ամեն կերպ ստիպելու հայ ժողովրդին դադարեցնել սեփական շահերի համար պայքարը»:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այսօր ջրբաժանն անցնում է նույն տեղով՝ ազգային, թե՞ ապազգային է պետական ուղեգիծը. «Այդ տարբերությունն ի հայտ է գալիս հենց կարմիր գծերի վերաբերյալ ձեւավորված պատկերացումներով: Զիջումների կարմիր գծեր չհաստատելը ոչ այլ ինչ է, եթե ոչ կորցնել թե Հայաստանը, թե Սփյուռքը, թե Արցախը: Սա չափազանցություն չէ, այլ սթափ գնահատական»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930