Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրառում էր արել՝ նշելով, որ Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել՝ հարձակման համար: Այսօր լրագրողները ԱԺ նախագահին հարցրեցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի սահմանից, ինչո՞ւ է Ադրբեջանը նման նախապատրաստական աշխատանք տանում, երբ հայկական կողմը խաղաղության է գնում: Նա պատասխանեց. «Ադրբեջանը մշտապես այդ գործելաոճն ունեցել է ու փորձել են օգտագործել բանակցությունների ընթացքում: Բանակցությունները շարունակվում են եւ հարեւան երկրի ձեր ասած անձնավորությունը նաեւ խոսում է խաղաղության մասին: Մենք նաեւ հետամուտ ենք լինելու խաղաղության գործընթացին»:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ բանակում կադրային մեծ փոփոխություններով առաջ են գնալու ու անվտանգությունն ապահովելու են. «Հաճախ էին ասում, թե պատերազմից առաջ բանակը գլխատեցին: Նման բան չկա, չի եղել, բայց հիմա ակնհայտ է դարձել, որ մեծ փոփոխություններ կան ու ՊՆ նախարար Պապիկյանը բավականին հաջող իր գործը անում է»:
Անդրադառնալով բանակցություններին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Մեզ համար կան կարմիր գծեր, այդ գծերը հայտնի են Ադրբեջանին: Մենք շարունակելու ենք մնալ այդ տրամաբանության մեջ եւ աշխատել: Սահմանային լարվածությունները մշտապես զուգորդվում են, թե՛ հանդիպումներից առաջ են լինում, թե՛ հետո: Դա հայտնի ձեռագիր է: Ես ձեզ ասեմ, որ զորավարժություններ են իրենք պատրաստվում անցկացնել Թուրքիայի հետ»: Նա ասաց, որ մշտապես սպասում են, որեւէ սադրանք կարող է Ադրբեջանի կողմից լինել:
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանը նշեց, որ Զանգեզուրի միջանցքի հարցը հայկական կողմի համար կարմիր գիծ է, կարող են քննարկել նոյեմբերի 9-ի պայմանագրի կետերը. «Միջանցք ձեւակերպումը չի կարող լինել…Իրենք բոլոր հնարավոր տեղերում փորձելու են ճնշումներ գործադրել: Մենք էլ բոլոր հնարավոր տեղերում այդ ճնշումները կանխել եւ կանխելու ենք, Հայաստանի, Արցախի շահը առաջ ենք տանելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ