Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուսապարկով Քաջ Նազար, դեկոլտեով Ուստիան, ժամանակակից լուծումներ` Հակոբ Ղազանչյանի «Քաջ Նազարում»

Սեպտեմբեր 12,2022 14:21

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը նորովի ու ժամանակակից լուծումներով «Քաջ Նազար» է բեմադրել` ըստ Դերենիկ Դեմիրճյանի։ Նկարչական ձեւավորումը Գարիկ Մանուկյանինն է, պարերը` Արտյոմ Գեւորգյանինը:

Ղազանչյանի Քաջ Նազարը ժամանակակից հագուստ է կրում, անգամ ուսապարկ ունի, ժամանակակից հագուստներով են Ուստիանն ու մյուս հերոսները:

Ռեժիսորը հավատարիմ է մնացել Դեմիրճյանական 1923 թվականի տեքստին, բայց նաեւ այնպես է բեմադրել, որ հանդիսատեսը հերոսների մեջ տեսնում է մեր կողքին ապրող քաղաքական դաշտի հիմնական խաղացողներին, քաղաքական սրբեր կերտող ժողովրդին: «Քաջ Նազարն» անմահ գործ է, միշտ արդիական, դրա համար այն շատ գրողներ են մշակել, ու թերեւս ամենահաջող մշակումը Դերենիկ Դեմիրճյանինն է: Այնպես որ, այս գործը, երբ էլ խաղացվի, նոր է թվալու:

Նազարստանի Նազարաշեն ոստանի բնակիչ Նազարը (Իշխան Ղարիբյան) ճանճերի հետ մղած «ճակատամարտից» հետո ինքնահռչակվում է «Քաջ Նազար», ինչպես սովորաբար եղել է եւ լինում է բոլոր երկրներում…Սյուժեն հայտնի է` քարվան կտրելու թեմայով գլուխգովանություն, կնոջ` Ուստիանի (Սոնա Մուրադյան) ծաղրանքներ, միշտ փրկիչ փնտրող ու սպունգի պես ամեն խոստում «ներծծող» ու վերջում տուժող ժողովուրդ:

Ներկայացումն այնպես է կառուցված, որ հանդիսատեսը սկզբում Նազարին տեսնում է թիկունքից, ու մեծանում է հետաքրքրությունը, թե ի վերջո ինչ տեսակ արարած է այս մի Քաջ Նազարը: Մի քիչ ձգված, բայց աշխույժ երկխոսությունը Ուստիանի հետ Նազարին ու հանդիսատեսին նախապատրաստում է բուն գործողություններին: Այնուհետեւ ամեն ինչ շատ դինամիկ ու սահուն է գնում…Դերասանների փայլուն խաղի, ռեժիսորական հրաշալի աշխատանքի, ճաշակով արված երաժշտական ձեւավորման, բեմադրությանը համ ու հոտ տվող պարային կտորների շնորհիվ հանդիսատեսը հայտնվում է Նազարի հետ նույն «դաշտում»: Դահլիճն ու բեմը դառնում են օրգանական ու ներդաշնակ միասնություն, ինչի արդյունքում հանդիսատեսը մոռանում էր իր «կարգավիճակի» մասին ու ակտիվ միջամտում գործողություններին` տարբեր կերպ, հաճախ բարձրաձայն արձագանքելով բեմում կատարվողին:

Հակոբ Ղազանչյանն ասում է, որ երրորդ անգամ է «Քաջ Նազարին» անդրադառնում: «Ինձ անընդհատ թվում է, որ Դեմիրճյանը ծուղակ է պատրաստել, որ հեշտությամբ ընկնենք դրա մեջ, եւ երբ իբրեւ հեքիաթ ներկայացված տեքստը սկսում ես լուրջ ընդունել, պատկերը լրիվ այլ է դառնում: Առաջին անգամ Գյումրիում եմ բեմադրել նույն գործը, երկրորդ անգամ` Պատանի հանդիսատեսի թատրոնում, երրորդ անգամ` այստեղ: Իհարկե, միմյանցից բացարձակապես տարբեր ներկայացումներ են…Շատ կուզենայի այլեւս չանդրադառնալ այս նյութին»,-ասում է ռեժիսորը:

«Ես վերջնական մի շատ կարեւոր բան պարզեցի` բացահայտեցի գլխավոր հերոսին, գլխավոր հերոսը Քաջ Նազարը չէ, գլխավոր հերոսը ժողովուրդն է, շրջապատը: Վերջին հաշվով, դա բախտի խնդիր չէ, որովհետեւ բոլոր իրավիճակներում Նազարն այնպես ճիշտ է կողմնորոշվում, որ անխելք մարդը չէր կարող այդպես վարվել: Քաջ Նազարի գլխավոր օգնականը շրջապատն է»,-հավելում է Հակոբ Ղազանչյանը:

 Ինչ վերաբերվում է ժամանակակից լուծումներին` հագուստներ, միկրոֆոն, հեռուստաելույթ, լրագրողներ եւ այլն, մեր զրուցակիցն ասում է. «Ընդհանրապես դասականներին բեմադրելիս միշտ ժամանակակից լուծումներ եմ տալիս` լինի սցենոգրաֆիան, երաժշտությունը, թե ընդհանրապես հերոսների տեսակը բեմում: Ես միշտ իրենց դիտարկում եմ իբրեւ ժամանակակից մարդիկ, դերասաններին ասում եմ` այնպես խոսեք, որ դահլիճից ճանաչելի լինեք: Կարեւոր չէ ռուս, համաշխարհային, թե հայ դասականի գործ եմ բեմադրում, սկզբունքը նույնն է: Իմ ներկայացման հերոսները երբեք ժամանակին համահունչ զգեստներ չեն հագնում…Ի վերջո ո՞վ կարող է ասել` սա երբ է տեղի ունեցել»:

Դիտարկմանը, թե հանդիսատեսը «Քաջ Նազարի» հերոսներին նույնացնում է այսօրվա քաղաքական գործիչների հետ, Հակոբ Ղազանչյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Հնարավոր է, բայց ես նման նպատակ չեմ դրել իմ առաջ, տեքստը լրիվ նույնն է, բացի կրճատումներից, այլ բան չեմ արել տեքստի հետ, մեկ էլ որոշ ժամանակակից ռեպլիկներ եմ ավելացրել»:

Հավելենք, որ ներկայացման մեջ զբաղված դերակատարներից 6-ը փակված Կամերային երաժշտական թատրոնի դերասաններ էին, որոնց մասին թատրոնի գլխավոր ռեժիսորը դրվատանքով խոսեց:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930