Ինչպե՞ս ստացվեց, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գործերը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկվեցին միայն նրա մոնոներկայացման անոնսից հետո: Այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Նա պատասխանեց, որ չգիտի` ինչպես է դա ստացվել, որովհետեւ գործին ծանոթ չէ. «Ձեզանից իմացա»: Դիտարկմանը, որ քաղաքական հետապնդման են ենթարկում, նրա վարկանիշը բարձր է ու քաղաքապետի ձեր թեկնածուի համար մրցակից է՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Լավ, ո՞ւմ ենք մենք քաղաքական հետապնդման ենթարկում: Նախ, Հայկ Մարությանը չի հայտարարել, որ ինքը մասնակցելու է: Ես շատ ուզենամ ինքը մասնակցի, ես վստահ եմ, որ մեր թեկնածուն հաղթելու է: Եթե մենք քաղաքական հետապնդում չենք արել լուրջ քաղաքական գործիչների նկատմամբ, ինչի՞ եք մտածում, որ մեր նախկին գործընկերոջ…Կուսակցություն ունեցող, քաղաքական պատմություն ունեցող մարդկանց նկատմամբ ճնշումներ չեն եղել, Հայկ Մարությանի նկատմամբ ինչի՞ պիտի ճնշումներ լինեն: Իսկ ո՞վ չգիտի, որ քաղաքապետարանում տարիներ ի վեր այսպես ասած կոռուպցիոն դեպքեր են բացահայտվել: Ի դեպ, հենց Հայկ Մարությանի կառավարման ժամանակ էլ են բացահայտվել: Մենք այդ իշխանությունը չենք, որ քաղաքական ճնշումներով զբաղվենք, մարդկանց ծեծենք, բանտերը նետենք, մարդ սպանենք: Այդ գործելաոճը մերը չի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ