Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախը Հայաստանին կապող ճանապարհը չեմ շտապում միջանցք կոչել». Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 12,2022 13:38

«Հայաստանի առջեւ ծառացած սպառնալիքներից առաջինը Հայաստանի իշխանությունն է»,-այսօր կազմակերպված «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ իր զեկույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ անկախ այն գործընթացներից, որոնք ընթանում են տարածաշրջանում ու ներհայաստանյան մակարդակում, ակնհայտ է, որ գլխավոր սպառնալիքը գալիս է ՀՀ իշխանություններից: Իր ասածի վառ օրինակը պատգամավորը համարում է ՀՀ իշխանության սկսած գործընթացը՝ երկրի պետական ինստիտուտների կազմալուծումից եւ նրա առանցքային ինստիտուտների ոչնչացումից, մինչեւ վարվող պետական քաղաքականություն:

«Հայաստանի եւ Արցախի առջեւ սպառնալիքներն ընդհանուր են, չկա իրավիճակ, երբ մի սպառնալիք կարող է սպառնալ միայն Արցախին կամ միայն Հայաստանին: Այսօր սկսված վտանգավոր գործընթացը, որ ընթանում է, այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրն է: Միայն առաջին հայացքից է սա խաղաղության մասին: Իրականության մեջ դա կարող էր կոչվել կապիտուլյացիոն պայմանագիր, հանձնման, հայրենիքի կորստի, անկման պայմանագիր, որովհետեւ այն, ինչ քննարկվում է այս պայմանագրի շրջանակներում, ակնհայտ է, որ այնտեղ որեւէ բան չկա Հայաստանի ու Արցախի խաղաղության մասին, էլ չեմ խոսում ՀՀ-ի ու Արցախի շահերի մասին: Արցախի ինքնորոշման սկզբունքը լիիրավ բացակայում է այս գործընթացից»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դա է ամրագրում նաեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցում Ադրբեջանի կողմից ամեն գնով առաջին պլան բերվող «Զանգեզուրի միջանցքը»:

Այստեղ գլխավորը, բանախոսի կարծիքով, ոչ թե այն է, որ Ադրբեջանը փորձում է իր առավելապաշտական մոտեցումներն ամբողջությամբ ամրագրել այդ փաստաթղթում, այլ այն, որ Հայաստանի կողմից ներկայացվող սկզբունքները որեւէ ամրագրում չունեն այս փաստաթղթում: Ըստ նրա, այս հարցում հայկական կողմի՝ ադրբեջանական սկզբունքի իբրեւ հակադրվող ձեւակերպումները, իրականում հենց այն է, ինչ Ադրբեջանը փորձում էր ամրագրել՝ հետին պլան մղելով ինքնորոշման սկզբունքը. «Ունենք իրավիճակ, որ ՀՀ իշխանությունը ոչ միայն հետ է կանգնել ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքից, այլ կրկնում է մոտեցումներ, որոնք եղել են ադրբեջանական քաղաքական ու քարոզչական հիմնական մոտեցումները»:

Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման խնդրին եւ այս առիթով ընդդիմադիրներին ուղղվող միջազգային գործընկերների տարակուսանքներին, Տիգրան Աբրահամյանը հստակեցրեց, որ գործընթացին նախորդել է Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթում. «Ադրբեջանն իր ձեւով արդեն իրականացրել է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը եւ փորձում է դրանց տալ իրավական ու միջազգային ամրագրումներ: Ադրբեջանի խնդիրը միայն անկլավների խնդիրը չէ, «Զանգեզուրի միջանցքը» չէ, Ադրբեջանը նպատակ ունի իր ռազմավարական խնդիրները լուծելու ճանապարհին արդյունավետ վերահսկողություն ապահովել Հայաստանի գլխավոր կոմունիկացիաների, ռազմավարական օբյեկտների նկատմամբ: Սա Ադրբեջանի համար երկարաժամկետ կտրվածքով երկու գլխավոր խնդիր է լուծելու. հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում ապահովել Ադրբեջանի մեկնարկային առավելությունը, եւ հնարավոր հարաբերական խաղաղ գործընթացների պարագայում կրկին Ադրբեջանին մեկնարկային մի քանի աստիճան առավելություն ապահովելը»,- ասաց նա:

Խոսելով Հայաստանում իշխանափոխության մասին, ընդդիմադիր գործիչը նաեւ հստակեցրեց, որ այն արագ փոփոխություններ չի երաշխավորում, դա ենթադրում է ծանր աշխատանք. «Բայց կարող ենք արձանագրել, որ այս իշխանության գոյությունը որեւէ ձեւով չի կարող Հայաստանին ու Արցախին ապահովել անվտանգություն, խաղաղություն: ՀՀ-ում իշխանության փոփոխության օրակարգը հնարավորություն է տալու եւ առաջին հերթին ՀՀ-ին կենսունակություն, դիմադրելու ներուժ ապահովելու եւ ժամանակային կտրվածքով կանգնեցնելու այն անկումը, որն առաջ է գնում»:

Խոսելով Արցախի մասին էլ, ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ Արցախի այսօրվա պետական կառավարման համակարգը, քաղաքական ու հասարակական ներքին հարաբերությունները, ցավոք, թույլ չեն տալիս այսօր գոնե եղած ռեսուրսներով դիմակայելու այն մարտահրավերներին, որոնք հնարավոր էր ապահովել առաջ. «Այսօր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը ես չեմ շտապում միջանցք կոչել, քանի որ համոզված չեմ, որ այդ ճանապարհի երկայնքով 5 կիլոմետրանոց բուֆերն ապահովվում է: Երկրորդ՝ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ այդ ճանապարհի վրա անցակետերի տեղակայումը ավարտված չէ, դա իր համար քննարկելի է: Դա կապվում է Սյունիքի մարզով միջանցքային տրամաբանության ռեժիմի ապահովման հետ, բայց այս պարագայում Հայաստանը չունի այնպիսի իշխանություն, որը կարող է ապահովել այդ ճանապարհի անվտանգությունը, նաեւ՝ այդ ճանապարհին հետագայում ադրբեջանական անցակետերի հայտնվելը»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930