«Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների համաձայն՝ արգելվում է չգրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշմամբ արտադրանքի արտադրությունը, իրացումը, արտահանումը եւ ներմուծումը։ Կառավարության հեղինակած օրենքի փոփոխությունը նաեւ սահմանում է՝ այն դեպքում, երբ արտադրողները բնական, արտադրական կամ այլ պատճառներով պայմանավորված չեն կարողանում ձեւավորել խումբ, ապա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինը կարող է փոխարինել խմբին եւ ներկայացնել աշխարհագրական նշման գրանցման հայտ: ԱԺ հերթական նստաշրջանի նիստում այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պարզաբանեց, թե ինչ է սա նշանակում։
«Գործող օրենքը թույլ է տալիս, որ, օրինակ, Վայոց ձորի գինեգործները ստեղծեն ասոցիացիա, գրանցեն որոշակի աշխարհագրական տեղանուններ։ Մեր առաջարկած օրենսդրական փոփոխության արդյունքում այդ հնարավորությունը տալիս ենք նաեւ պետությանը եւ այլ կազմակերպություններին։ Գինեգործները «Կախեթ» գինու հետ կապված որոշակի դժվարությունների են երբեմն բախվում։ Վրաստանն արդեն իսկ գրանցած ունենալով «Կախեթ»-ը որպես աշխարհագրական տեղանուն՝ փորձում է պաշտպանվել տրանզիտային ճանապարհների սահմանափակումներ մտցնելով»,-նշեց նախարարը։
Վահան Քերոբյանը հավելեց․ «Սա վերաբերում է նաեւ մածունին, եւ այս օրենքի փոփոխությունը թույլ է տալու, որ մենք մածունը եւս մեր մոտ գրանցենք որպես աշխարհագրական տեղանուն, հետո այն գրանցենք միջազգային հարթակներում, հետո Վրաստանի հետ աշխարհագրական տեղանունների փոխճանաչման համաձայնագրի ստորագրման արդյունքում ապահովենք, որ մեր մածունն էլ արտահանվի։ Մենք ընդունենք իրենց մածունը, իրենք էլ մերը, որից հետո կկարողանանք անարգել անցնել Վրաստանի տարածքով դեպի արտաքին շուկաներ, հավասարաչափ ցուցադրվել եւ վաճառվել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ