«Հայաստանում իշխանափոխությունը ոչ միայն եւ ոչ այնքան ներքաղաքական, որքան անվտանգային հարց է եւ այստեղ է, որ կարող ենք ասել՝ պարտված իշխանությանը հեռացնելով՝ հնարավոր է բեկել անկումների եւ զիջումների կործանարար ընթացքը»,- այսօր կազմակերպված «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ իր զեկույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ հայկական կողմի համար իրավիճակը շտկելու կարեւոր նախապայման է՝ ազգային շահերով առաջնորդվող նոր բանակցող եւ հասարակությանը համախմբող ղեկավար ունենալը:
Պաշտպանության նախկին նախարարի գնահատմամբ, Հայաստանի եւ Արցախի անվտանգության օրակարգը խաղաղության կեղծ օրակարգը չէ, որն իշխանությունն է առաջ տանում, որովհետեւ խաղաղությունն անվտանգության հիմնարար արժեք է, ազգային եւ միջազգային երաշխիքների՝ խելացի համադրմամբ ձեւավորված արդյունք, ինչին պետք է միտված լինեն բանակի վերակառուցումը՝ պաշտպանության ամրապնդմամբ, լայն դիվանագիտական աշխատանքը, հայ-ռուսական հարաբերությունների նոր որակական մակարդակը՝ հատկապես Արցախում խաղաղապահների դերի եւ հեռանկարների որոշմամբ, տնտեսության զարգացման համար արվելիք ներդրումային ծրագրերով՝ հայության ողջ ներուժի ընդգրկմամբ, հասարակության համախմբման եւ ռազմավարական կամքի ձեւավորմամբ:
Սեյրան Օհանյանը վերահաստատեց նաեւ Հայաստանի կարմիր գծերը Արցախի հարցում. «Արցախը պետք է ինքնորոշվի, անկլավային վիճակն անթույլատրելի է, լայն կապ պետք է ունենա Հայաստանի հետ, Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը եւ Արցախի հարցը չի կարող լուծվել երկկողմ ձեւաչափով, պետք է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի ձեւաչափը՝ իր բոլոր հնարավորություններով»:
«Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում եւ պետք է մնա հայկական» կարգախոսը, ըստ բանախոսի, ոչ թե հուզական, այլ գործնական նշանակություն պետք է ունենա, քանի որ այն բխում է ՀՀ Անկախության հռչակագրից եւ անվտանգային խնդիրների լուծման անհրաժեշտությունից:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ