Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Գրիգորյանի գործով ներգրավվել է այնպիսի դատախազ, որը նիստի օրը գտնվում է արձակուրդում. ուղղակի ծաղր է». Ռուբեն Մելիքյան

Սեպտեմբեր 12,2022 13:08

«Շատ տարօրինակ էր դատախազական կողմի բացակայությունը: Չեմ բացառում, որ զուտ մարդկային առումով դժվար էր այն դատախազին, որը զբաղեցնում էր մեղադրողի աթոռը, շարունակել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Արմեն Գրիգորյանի մահից հետո Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում (դատավոր Մնացական Մարտիրոսյան) սա առաջին դատական նիստն էր: Դատական նիստն անցկացվեց նույն դահլիճում, որտեղ Արմեն Գրիգորյանը մահացել էր:

Նիստին ներկա չէին մեղադրող դատախազները: Արմեն Գրիգորյանի որդին՝ Տիգրան Գրիգորյանը դիրքորոշում հայտնեց, որ իր հայրն անմեղ է, և առարկեց ոչ արդարացնող հիմքով վարույթի կարճման դեմ։

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է միտումնավոր դատախազական կողմը չի ներկայացել, որպեսզի խոչընդոտի Արմեն Գրիգորյանի ընտանիքի կողմից ներկայացված պահանջի բավարարմանը, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դատախազական կողմի բացակայությունը նպատակ է հետապնդում խոչընդոտել Արմեն Գրիգորյանի ընտանիքի վարքագծին, քանի որ դա, սկզբունքորեն կարելի է ասել, անհնար է: Մեզ տեղեկացրին, որ ևս մեկ դատախազ է ներգրավվել: Ուղղակի տարօրինակն այն է, որ ներգրավվել է այնպիսի դատախազ, որը նիստի օրը գտնվում է արձակուրդում: Ես դա կհամարեի դատարանի նկատմամբ ոչ հարգալից դրսևորում, ոչ հարգալից վարքագիծ դատարանի ինստիտուտի նկատմամբ: Դա ուղղակի ծաղր է արդարադատության, սեփական գործառույթի նկատմամբ, երբ մի դատախազը հասկանալի պատճառներով չի ներկայանում, բայց ներգրավվում է այնպիսի դատախազ, որն այդ օրը գտնվում է արձակուրդում: Նման բան ես ուղղակի չեմ պատկերացնում: Դա դուրս է ողջամտության սահմաններից»:

Ռուբեն Մելիքյանը կարևորեց այն, որ Արմեն Գրիգորյանի ընտանիքի կողմից դիրքորոշում հատնվեց, և վարույթը շարունակվելու է:

Հարցին՝ ինչպիսի՞ն էր դատարանի վերաբերմունքը, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Դատարանի կողմից որևէ խնդրահարույց վերաբերմունք չկար: Դատարանն առանձնապես որևէ գործառույթ էլ չուներ իրականացնելու այս պայմաններում: Մեծ հաշվով, դատարանն անելիք չուներ. ընդամենը ապահովել Արմեն Գրիգորյանի որդու՝ լսված լինելու իրավունքը: Նա իր դիրքորոշումն արտահայտեց, և մնացածն այն ժամանակ, երբ դատախազությունը բարեհաճի ներկայանալ»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930