Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ քննադատում էին, որ տեղական ցեմենտ արտադրողները վնասներ կկրեն, կսնանկանան․ եղավ հակառակը»․ Բաբկեն Թունյան

Սեպտեմբեր 12,2022 12:50

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Հովիկ Աղազարյանի հեղինակած՝ «Պետական տուրքի մասին օրենքում» փոփոխությունների նախագծով առաջարկվում է ՀՀ ներկրվող ցեմենտի տոննայի համար կիրառվող 14 000 դրամ տուրքը նվազեցնել ու դարձնել 9000 դրամ, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2000 դրամի տուրքը հանել։ Ինչպես այսօր ԱԺ լիագումար նստաշրջանում զեկուցեց հեղինակ Բաբկեն Թունյանը, դեռեւս 2019թ․-ին ցեմենտի շուկայում լուրջ խնդիր ունեցանք, քանի որ Իրանից էժան ցեմենտը մեծ թափով մտավ հայկական շուկա, իսկ տեղական արտադրողները, մրցակցությանը չդիմանալով, հայտնվեցին սնանկացման վտանգի առաջ։

«Այդ ժամանակ որոշվեց 14 000 դրամի տուրք կիրառել, որ տեղական արտադրողներն ավելի պաշտպանված լինեն։ Այսինքն, այդքան դրամով թանկացրինք ՀՀ ներկրվող ցեմենտի գինը, որ տեղական արտադրողները դիմանան մրցակցությանը։ Այդ ժամանակ ասացինք, որ սա հավերժ նվեր չէ, եւ տեղական արտադրողները պետք է քայլեր ձեռնարկեն՝ ինքնարժեքը նվազեցնելու եւ արտադրողականությունն ավելացնելու ուղղությամբ։ Երեք տարվա վիճակագրությունը ցույց տվեց, որ 14 000 դրամ տուրքը ճիշտ էր ընտրվել։ Մեզ քննադատում էին, որ դրա հետեւանքով տեղական արտադրողները վնասներ կկրեն եւ կսնանկանան։ Իրականում եղավ հակառակը»,-հայտարարեց Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով՝ հայկական շուկայում ցեմենտի արտադրության ծավալները շեշտակի աճեցին․ «Այս տարվա միայն յոթ ամսում արտադրվել է 520 000 տոննա ցեմենտ՝ ավելին, քան սրանից 5-6 տարի առաջ տարեկան կտրվածքով արտադրությունը։ Մեր նպատակը ոչ թե տեղական արտադրողի համար արհեստական գերշահույթ ապահովելն էր, այլ շուկայի հավասարակշռումը։ Այսօր ունենք իրավիճակ, երբ փոխվել են ելակետային պայմանները։ Իրանական ցեմենտի գինը սահմանին էապես թանկացել է, ավելացել են տրանսպորտային ծախսերը։ Եթե ուժի մեջ թողնենք 14 000 դրամ տուրքը, ապա տեղի կունենա այն, ինչ հիմա տեղի է ունենում, այսինքն՝ ներմուծումն արհեստականորեն արգելափակվում է, իսկ շուկայում տեղի է ունենում գերկենտրոնացում, ցեմենտի դեֆիցիտ, գների աճ»։

Ըստ Թունյանի, վերջին շրջանում այս տեսանկյունից կառուցապատողները շատ են դժգոհում․ «ՀՀ-ում նկատվում է շինարարության աճ։ Եթե որեւէ քայլ չձեռնարկենք, կստացվի, որ արհեստականորեն թանկացնում ենք շինարարությունը, ծանրացնում բնակարան ունենալու խնդիրը մարդկանց համար։ Շուկայում մրցակցային վիճակը վերականգնելու համար է այս կարգավորումը»։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին նշեց, որ կառուցապատողներից մտահոգություններ են ստանում, որ գուցե այս կարգավորումը բավարար չէ․ «Պատրաստ ենք լրացուցիչ քննարկումների՝ գտնելու համար լավագույն լուծումը, որպեսզի հավասարակշռենք նաեւ կառուցապատողների շահերը։ Շինարարության հունում ենք, այն կարեւոր ոլորտ է մեր համար։ Կարեւոր է, որ շինարարական նյութերը հասանելի եւ բարձորակ լինեն։ Կառուցապատողները մեզ նամակ են գրել, որ գնի եւ որակի հետ կապված խնդիրներ կան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930