Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այո՛, պահանջել եմ վարչապետի հրաժարականը»․ Կառավարող ուժի ընտրացուցակով առաջադրված Սիսիան համայնքի ավագանու անդամի թեկնածու

Սեպտեմբեր 12,2022 12:40

Սիսիան համայնքի ավագանու ընտրություններին առաջադրված՝ Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Սեւակ Մուսաթյանն ընտրական հանդիպումներից մեկի ժամանակ՝ տարակուսանք հայտնեց, նշելով, որ «Ժամանակին վարչապետի հրաժարականի տակ էին ստորագրում, հիմա «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում են»։

Ըստ երեւույթին, խոսքը վերաբերում է Սիսիանի ավագանու դեռեւս գործող անդամ Գեւորգ Գեւորգյանին, որը 2020 թվականի դեկտեմբերի 5-ին, ի թիվս ավագանու այլ անդամների պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Գեւորգ Գեւորգյանը Սիսիանի ավագանու անդամի ընտրություններին առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի 10-րդ համարն է։

«Այո՛, ստորագրել եմ հրաժարականի տակ, այն ժամանակ ուրիշ էր, հիմա՝ ուրիշ է։ Այն ժամանակ, որ ստորագրել էինք, հասել էին Սիսիանի սահման ու հիմա այդտեղ նստած են։ Բայց ստորագրելուց հետո տեսա, թե ովքեր են ուզում գալ իշխանության գլուխ՝ իմ կարծիքը փոխվել է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ավագանու անդամի թեկնածու Գեւորգ Գեւորգյանը։

Սիսիանի համայնքապետարանի կայքէջում, Գեւորգ Գեւորգյանը ներկայացված է որպես անկուսակցական։ Սեպտեմբերի 25-ին կայանալիք Սիսիանի ավագանու անդամի ընտրություններին առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում Գեւորգյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված ցուցակում նշված է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ «Ո՛չ, չգիտեմ դա ինչպես է ստացվել, ես անկուսակցական եմ»,–ասաց նա։ Ի դեպ, կառավարող ուժի ընտրացուցակը գլխավորում է Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արմեն Հակոբջանյանը։

Հիշեցնենք, որ Սիսիան համայնքի ավագանու անդամի ընտրություններում առաջադրվել է 7 քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հանուն Ազատության» կուսակցություններն ու 2 դաշինք՝«Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը՝ կազմված «Համերաշխություն» եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից, «Զարգացող համայնք» դաշինքը՝ կազմված «Արդարություն» եւ «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություններից։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930