Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ սպասել հայ-թուրքական սահմանի բացումից

Սեպտեմբեր 12,2022 11:40

Ejs.am. ՊԵԿ նախկին նախագահ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանի կարծիքով գլոբալ առումով հայ-թուրքական սահմանի բացումը, որպես երևույթ, բնականաբար կունենա դրական ազդեցություն, խնդիրը դրա ժամանակավրեպության մեջ է։

«Հայ արտադրողները չեն դիմանալու մրցակցությանը․ միջինից բարձր որակի, ցածր ինքնարժեքով ապրանքները ողողելու են հայկական շուկան՝ դուրս մղելով  հայկական արտադրության նմանատիպ ապրանքները, այդ թվում նաև գյուղատնտեսական արտադրանքը», – համոզված է նա։

Տնտեսագետի խոսքով, այս տեսակետի ընդդիմախոսները, թերևս, կվկայակոչեն այն հանգամանքը, որ այսօր էլ թուրքական ապրանքներն առկա են հայկական շուկայում։ «Բայց մի բան է, երբ թուրքական ապրանքը ներթափանցում է Հայաստան քվազիտուրիստական ( կարծեցյալ տուրիստական) բեռների անվան տակ, մեկ այլ, երբ  դու բացում ես սահմանը և դրանք, մեծ խողովակներով, տրանսպորտային հոսքերով են  մղվում տեղական շուկա», – պարզաբանում է ՊԵԿ նախկին ղեկավարը։

Դավիթ Անանյանի պնդմամբ, ՀՀ-ն պարտավոր է ունենալ արտահանմանը միտված տնտեսություն, զարգացած արտադրություն, արդյունաբերություն։  Հետևաբար, եթե հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը անխուսափելի է, ապա դա պետք է իրականցվի միայն հանրային լայն քննարկումների և կոնսենսուսի արդյունքում։ Միաժամանակ, պետությունը պետք է վարի որոշակի պրոտեկցիոնիստական քաղաքականություն և ներդնի համապատասխան գործիքակազմ ներմուծվող ապրանքների համար։ Դա կարող է լինել սուբսիդիաների և ԵԱՏՄ շրջանակներում մաքսա-սակագնային լրացուցիչ կարգավորումների տեսքով։

«Հայկական արտադրության ապրանքների Թուրքիա արտահանման առումով հայ-թուրքական սահմանի բացումը ոչինչ չի տա», – իր հերթին պնդում է «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։ Միակ «բոնուսը» արտահանողների համար կարող է լինել տրանսպորտային-լոգիստիկ հնարավորությունների ընդլայնման տեսքով։ «Եթե դիտարկենք Թուրքիան որպես տարանցիկ երկիր, կարծում եմ կհեշտանա մեր մուտքը Եվրոպա և Թուրքիայից ներքև գտնվող երկրներ, ասենք՝ Իրաք, կնվազեն լոգիստիկ ծախսերը։ Տեղական արտադրողների համար կէժանանա թուրքական  հումքի ներկրումը», – ասում է փորձագետը։

«Էքսպորտ Արմենիայի» համահիմնադիրը խոստովանում է․ «Օբյեկտիվ իրականություն է՝ հայկական գյուղարտադրանքը, պատրաստի ապրանքը մրցունակ չէ թուրքական շուկայում»։

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը համակարծիք է՝ սահմանի բացումը միանշանակ դրական է տրանսպորտային ծախսերի նվազեցման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, դա խնդիրներ է ստեղծելու հայրենական գյուղմթերքի արտադրողի համար։ «Մեր կենտրոնի արած հետազոտությունները ցույց են տալիս թուրքական գյուղմթերքի ակնհայտ գնային առավելությունը հայկականի հանդեպ, եթե նրանք մտնեն տեղական շուկա։ Մասնավորապես, ուսումնասիրվել են գյուղարտադրանքի գները Կարսում և Երևանում, իրականացվել է վերահաշվարկ տրանսպորտային ծախսերի, հարկային դրույքաչափերի տարբերության և ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի տարբերության մասով և եկել ենք այն եզրակացության, որ եթե թուրքական գյուղատնտեսական ապրանքները մտնեն Հայաստան, նույնիսկ վճարելով բոլոր հարկերը, տուրքերը, միևնույնն է, նրանք ավելի էժան են լինելու, քան մեր վաճառակետերում վաճառվող մթերքը», – նշում է տնտեսագետը։

«30% տնտեսական աճ սահմանի բացումից երկու-երեք տարի հետո» – մի՞ֆ, թե՞ հնարավոր զարգացում հարցին Հ․ Ֆանյանը համոզված պատասխանեց․ «Միանշանակ կարող ենք ասել, որ չի կարող այդպիսի բան լինել։ Դա նույնիսկ ուսումնասիրության կարիք չունի»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930