Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարկ վճարողների համար ՊԵԿ ծառայությունները մատուցվեն բջջային հավելվածներով»․ ՊԵԿ փոխնախագահ

Սեպտեմբեր 12,2022 11:22

ԱԺ լիագումար նստաշրջանում այսօր քննարկվում է 2022 թվականի մարտի 15-ին եւ մարտի 18-ին ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված՝ «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Ինչպես հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը (լուսանկարում), լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել եւ իրականացնել «Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագիրը»․ 30 միլիոն ԱՄՆ դոլար գումարով ծրագրի մասին է խոսքը։

«Այս ծրագրի նպատակն է՝ քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումների, պետության եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման եւ էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով աջակցել պետական կառավարման համակարգի արդիականացմանը: Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին»,-նշեց ՊԵԿ փոխնախագահը։ Նրա խոսքով՝ այս ծրագրի շրջանակներում ներառված գործողությունները հնարավորություն կտան.

-աջակցել քաղաքացիական ծառայության արդիականացմանը՝ ավագ գործադիր կորպուսի/ծառայության ներդրմամբ,

-ընդլայնել պետության կողմից մատուցվող թվային ծառայությունները՝ դրանց թիվը հասցնելով 350-400-ի,

-արդիականացնել հարկային վարչարարության համակարգերը՝ ապահովելով բջջային հավելվածում հարկային ծառայությունների իրականացումը,

-ներդնել կիբեռանվտանգության եւ հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմները,

-հիմնել պետական տվյալների կառավարման միասնական կենտրոն՝ G-Cloud ամպային հիբրիդային մոդելի շրջանակում,

Ըստ ՊԵԿ փոխնախագահի, այս ծրագրի հաջող իրականացման արդյունքում ակնկալվում է բարձրացնել պետական ծառայությունների արդյունավետությունը ու բարելավել դրանց հասանելիությունը բիզնեսի եւ քաղաքացիների համար: Աշոտ Մուրադյանը շեշտեց․ «ՊԵԿ ծառայությունների մեծ մասը մատուցվում է էլեկտրոնային տարբերակով, բայց չկան բջջային հավելվածներ, ինչը խնդիրներ է ստեղծում։ Տարիներ շարունակ հարկ վճարողներից ստացել ենք առաջարկներ, որ ծառայությունները մատուցվեն բջջային հավելվածներով։ Մյուս ուղղությունը ֆիզիկական անձանց համար բջջային հավելվածներով գրասենյակների ձեւավորումն է, որի շնորհիվ էլեկտրոնային ծառայություններ կմատուցվեն»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց դատաիրավական բարեփոխումների թվայնացման ընթացքից, դատարանների բեռնաթափման գործընթացից։ «Նախատեսվում է դատական գործընթացի փաստաթղթերի թվայնացում։ Էլեկտրոնային արխիվների ստեղծում եւ ինտեգրում է իրականացվելու»,-պատասխանեց Աշոտ Մուրադյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930