Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուծումը մշակել ենք գործարարների առաջարկները հաշվի առնելով, եւ սա լավ է ազդելու գործարար միջավայրի վրա»․ փոխնախարար

Սեպտեմբեր 12,2022 10:43

Տնտեսվարողների մատակարարած որակական կորուստ ունեցող՝ խոտանված համարվող արտադրանքն ու ապրանքը համախառն եկամտից կնվազեցվեն 2022 թվականի հարկային տարվա ընթացքում՝ այդ տարվա համախառն եկամտի երկու տոկոսի չափով: Սա է սահմանում կառավարության հեղինակած՝ «Հարկային օրենսգիրքում փոփոխությունների մասին» նախագիծը, որն այսօր քննարկվում է ԱԺ հերթական նստաշրջանում։ Ինչպես հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը (լուսանկարում), այս լուծումը մշակել են գործարարների առաջարկները հաշվի առնելով, եւ սա լավ ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի վրա։

«Օրենքի լուծման բացակայության պատճառով՝ տնտեսվարողների մոտ կուտակվել է որոշակի քանակի խոտանված արտադրանք։ Առաջարկում ենք այդ պաշարից համախառն եկամտի 2%-ի չափով հարկում անել շահութահարկի բազայից»,-նշեց փոխնախարարը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ շատ գործարարներ են կանգնած նման խնդրի առաջ, բայց վարչարարությունն ինչպե՞ս է իրականացվելու, որպեսզի չարաշահումները բացառվեն․ «Գուցե դրա ստուգումն ավելի ծախսատար լինի»։ Արման Պողոսյանը պատասխանեց, որ փաստաթղթավորման հարցը լուծվելու է կառավարության համապատասխան որոշմամբ։

ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հետաքրքրվեց խոտանված ծառայությունների մասին։ Արման Պողոսյանը նշեց․ «Քննարկումները խոտանված արտադրանքի ուղղությամբ են կենտրոնացել, որովհետեւ գործարարները հենց դա են առավելապես բարձրաձայնել։ Ծառայությունների մատուցման դեպքում շատ բարդ կլինի։ Անհնար չէ, բայց կարող ենք քննարկել։ Եթե պարզվի, որ սա պահանջված է գործարար շրջանակներից, կփորձենք լուծումներ գտնել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930