Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեսչական մարմինն արձանագրության կազմմանը չի՞ ապահովում «իրավախախտի» մասնակցությունը

Սեպտեմբեր 12,2022 13:00

Միայն այս տարի ՀՀ վարչական դատարան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դեմ 60-ից ավելի հայցադիմումներ են ներկայացվել:

Վերջերս ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանի նախագահությամբ կայացավ «AM» իրավաբանական ընկերության փաստաբաններ Հայկ Բարսեղյանի, Անուշ Կիրակոսյանի եւ նույն ընկերության իրավաբան Անի Նիկողոսյանի (լուսանկարում) ներկայացված հայցադիմումի քննությունը: «AM» իրավաբանները վիճարկման հայցով դատարանին խնդրել էին անվավեր ճանաչել վարչական մարմնի կողմից կայացված ակտը: Դատարանը սեպտեմբերի մեկին ամբողջությամբ բավարարել է ներկայացված հայցադիմումը եւ անվավեր ճանաչվեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կայացրած ակտը: Ըստ «AM» իրավաբանական ընկերության՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տնտեսվարող ընկերությունում իրականացված զննման արդյունքում պարզվել եւ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն էր կազմվել, ըստ որի՝ տնտեսվարող սուբյեկտը խախտել էր «Կերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։

Արձանագրության համաձայն՝ ընկերությունը չուներ իր կողմից կերի արտադրության տեխնոլոգիական հրահանգ եւ բաղադրագիր, իսկ արտադրությունը, տեխնոլոգիական գործելակարգը, գործընթացը չէին իրականացվում դրանց համապատասխան: Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տնտեսվարող իրավաբանական անձի՝ տնօրենի նկատմամբ կազմվել էր վարչական իրավախախտման մասին վարչական ակտ, եւ տնտեսվարող սուբյեկտը տուգանվել էր: «AM» իրավաբանական ընկերության փաստաբաններ Հայկ Բարսեղյանը, Անուշ Կիրակոսյանը եւ նույն ընկերության իրավաբան Անի Նիկողոսյանը ստանձնել էին տնտեսվարող սուբյեկտի իրավունքների պաշտպանությունը, կազմել էին համապատասխան բողոքներ վերադաս վարչական մարմնին։ Ըստ իրավաբանական ընկերության. «Վարչական լսման ժամանակ ներկայացվել էին բոլոր իրավական ու փաստական հանգամանքները, որոնք հստակորեն հիմնավորում էին, որ սահմանված վարչական պատասխանատվությունը կիրառվել է օրենքի խախտմամբ։ Սակայն վարչական մարմինը չէր ընդունել ներկայացված պնդումները եւ որոշումը թողել էր անփոփոխ»։

Նշեմ, որ սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորվում է «Սննդամթերքի անվտանգության մասին», «Անասնաբուժության մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Կերի մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Ստանդարտացման մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, ինչպես նաեւ՝ մի շարք այլ օրենքներով եւ շուրջ 100 ենթաօրենսդրական իրավական ակտերով:

Նշված տեսչական մարմնի դեմ ուղղված հայցադիմումների ուսումնասիրությունը հետաքրքիր դիտարկումների տեղիք է տալիս. կան հայցեր, որոնք նույն ընկերության կողմից են եւ վիճարկման առարկան՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կայացրած տարատեսակ, տարաժամկետ ակտերը, վարչական տուգանք նշանակելու մասին որոշումներն անվավեր ճանաչելու, բուսասանիտարական հավաստագիրն առոչինչ ճանաչելու պահանջով: Վարչական տուգանք նշանակելու մասին որոշումները դեռ անվավեր չճանաչված, դեռ դատարանով քննության առարկա չդարձած, նույն ընկերությունների դեմ հետեւել է մեկ այլ վարչական տուգանք:

Մի ընկերության գործով (խոսքը կենդանիների՝ սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման եւ տեղափոխման տարածքներ մուտքը կանխելու, ինչպես նաեւ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ չձեռնարկելու, պիտանիության ժամկետն անցած սննդամթերք իրացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին, 35-րդ մասերի եւ 188-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերով վարչական պատասխանատվության ենթարկվելու համար) տուգանքների չափը հետեւյալն է եղել՝ 200.000, 30.000 եւ 300.000 ՀՀ դրամների չափերով տուգանքներ, ապա՝ 500 000-ից ավելի: Եվ հայցվոր ընկերությունն այդպես էլ գրել է. «Գտնում է, որ վիճարկվող որոշումն անօրինական է, չի բխում գործող օրենսդրության պահանջներից եւ ենթակա է վերացման, քանի որ պատասխանողի կողմից չեն պարզվել մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները, այսինքն՝ հայցվորիս համար պարզ չեն այն նկատառումները, որոնց հիման վրա ընտրվել են տուգանքների առավելագույն չափերը»:

Դատարանների առաջին գործը այդ իսկ պատճառով հետեւյալն է. պատասխանողից պահանջել, դատարան ներկայացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իքս ժամկետում «Վարչական տուգանք նշանակելու մասին» կայացրած, այդ որոշման կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերն ամբողջությամբ: Գերակշիռ էր հայցադիմումների շարժառիթը. «Հայցվորը մասնակից չի դարձվել արձանագրության կազմմանը»: Նմանօրինակ գործով դատարանի կողմից որոշումներ կան, հայցվորի կողմից բերված վերաքննիչ բողոք: Հայցվորը դիմել է դատարան, գրելով. «Վիճարկվող որոշմամբ արձանագրվել է, որ «տնօրենի կողմից նշանակված չէ Covid-19-ի պատասխանատու: Տնօրենը տեղում չէր: Բացակայում էին ախտահանության, ՊՇՌ թեստավորման եւ պատվաստման գրանցամատյանները»: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածից հետեւում է, որ օրենսդիրը սահմանել է արձանագրությունը ենթադրյալ իրավախախտի ներկայությամբ (մասնակցությամբ) կազմելու իմպերատիվ պահանջ: Հայցվորը վկայակոչել էր թիվ ՎԴ/0150/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը: Ըստ նրա, վիճարկվող որոշման հիմքում դրվել է 20.10.2021 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 2784/30/Հ5 արձանագրությունը, որից բացակայել է իրավախախտման համար պատասխանատվության սուբյեկտի ստորագրությունը, արձանագրության մեջ նշվել է, որ տնօրենը տեղում չի եղել, ինչը փաստել էր, որ Տեսչական մարմինն արձանագրության կազմմանը չի ապահովել հայցվորի մասնակցությունը, ինչի արդյունքում հայցվորը զրկված է եղել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված իրավունքներից, այն է՝ բացատրություններ տալու, վարչական պատասխանատվության վարույթի ընթացքում ունեցած իր իրավունքների մասին իրազեկվելու, արձանագրության կապակցությամբ դիտողություններ ներկայացնելու: Բացի այդ, հայցվորը չի ծանուցվել վարչական վարույթի մասին եւ մասնակից չի դարձել վարչական վարույթին, որով խախտվել է հայցվորի՝ Սահմանադրությամբ ամրագրված լսված լինելու իրավունքը: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը հանձնվել է աշխատակիցներից մեկին, սակայն որեւէ անձ լիազորություն չի ունեցել ստանալու հայցվորին հասցեագրված նամակները եւ միայն վիճարկվող որոշումը ստանալուց հետո է հայցվորը տեղեկացել իրեն հասցեագրված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի եւ ժամանակի մասին ծանուցագրի մասին:

Հայցվորների մեծ մասը անհատ ձեռնարկատերեր են: Նկատելի է, որ տեսչական մարմնին դատի տվողները հիմնականում Հայաստանի Հանրապետությունում գործող ՍՊ ընկերությունների տնօրեններն են, ֆաբրիկաների հայազգի քաղաքացիներ, շատերը մարզերից են: Երբ ակտ էին կազմել, տեսչական մարմինը նաեւ արձանագրել էր. «Տնտեսվարողը հրաժարվում է ներկայանալ եւ ստորագրել՝ պատճառաբանելով, որ հեռու է»: Մեկ այլ գործով, տնտեսվարողը դատարան է դիմել այս տարվա հունվարի 12-ին, հունվարի 18-ին դատավորը վարույթ է ընդունել գործը, եւ նշանակել նախնական դատական նիստ… 2023թ. փետրվարի 15-ին:

Ընդդեմ սննդի անվտանգության տեսչական մարմնի 49 գործ էլ վարչականում է դեռ անցյալ տարվանից: Դրանք հիմնականում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնների պահանջների խախտման համար կիրառված վարչական պատասխանատվությանն էր վերաբերել, հետդատական գործընթացներ են:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930