Գաղտնիք չէ, որ փողը միշտ էլ որոշիչ նշանակություն է ունեցել մարդկային հարաբերություններում: Այն այսօր դարձել է գերնպատակ եւ անհատների, եւ մարդկային տարատեսակ խմբավորումների, եւ պետությունների, եւ, առհասարակ, բոլոր երկրների համար: Այն, ինչ այսօր աշխարհում կատարվում է տարբեր երկրների կողմից, դրանց վերջնական նպատակն իհարկե փողն է եւ այլեւայլ հարստությունները, հանուն որի նրանք ոչ մի բանի դեմ կանգ չեն առնում: Իհարկե, մարդ արարածը միշտ էլ հիմնականում շահամոլ կենսաբանական էակ է եղել, սակայն քանի գնում՝ շահի համար մղվող պայքարը սահմաններ եւ սրբություններ չի ճանաչում:
Բնական է, որ բոլոր պատերազմները խորքում մեծ շահեր են ենթադրում, սակայն այն, ինչին ականատես ենք լինում այժմ ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, լոկ բազմապլան շահերի կռիվ է: Ակնհայտ երեւում է, որ զոհաբերվում է անգամ ուկրաինացիների մի ստվար մասը՝ հանուն մեծ փողերի ու այլ միջոցների: ԱՄՆ-ը, Եվրոպան, ՆԱՏՕ-ն պատրաստ են հանուն կեղծ ժողովրդավարության՝ անսահման միջոցներ ծախսել, որպեսզի պահպանեն իրենց գերիշխող դիրքն աշխարհում, որպեսզի ժողովրդավարության անվան տակ շարունակեն էլ ավելի ավելացնել դիզած միջոցները եւ դրանով ողջ աշխարհը պահել իրենցից անմիջական կախվածության մեջ եւ անարգել թելադրել իրենց կամքը: Ի՞նչ է նշանակում, երբ ԱՄՆ-ն ու Եվրոպան անսահման քանակի նորագույն տեխնիկայի զենքեր են ուղարկում Ուկրաինա, որպեսզի դրանցով գնդակահարեն ռուսական անմեղ բնակչությանը՝ խտրականություն չդնելով մեծ ու փոքրի միջեւ:
Ժողովրդավարությունը՝ ժողովրդին կոտորե՞լն է, թե՞ ժողովրդի իրավունքների պաշտպանությունը: Փոխանակ անաչառ միջնորդի դեր ստանձնելու ռուսական եւ ուկրաինական կողմերի միջեւ, որպեսզի աշխարհում խաղաղություն լինի, ԱՄՆ-ը, ողջ Եվրոպան, ՆԱՏՕ-ն ոչնչի առջեւ կանգ չեն առնում անասելի ֆինանսական միջոցներ եւ գերժամանակակից զենք ու զինամթերք ուղարկելու այդ պատերազմն անտանելի թեժացնելու եւ մեծագույն զոհեր պարգեւելու ռուս անմեղ բնակչությանը… Սրա հաստատումը Ուկրաինայի իշխանության վերջին ստորագույն քայլն էր, երբ նպատակաուղղված հրետակոծեցին ռուսական այն կալանավայրը, որտեղ պահվում էին ուկրաինացի եւ աշխարհի այլ երկրներից Ուկրաինայի համար կռվող գերիները, սպանելով նրանց, որպեսզի նրանք չկարողանան իրական ցուցմունքներ տալ Ուկրաինայի իշխանությունների իրական կերպի ու պահելաձեւի մասին:
Որեւէ մեկը չի կարծում, որ Ռուսաստանը սուրբ է, բայց այն, ինչ արվում է Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի կողմից, ոչ այլ ինչ է, քան նեոնացիստական եւ ֆաշիստական ագրեսիա Ռուսաստանի բնակչության նկատմամբ, որպեսզի հանկարծ չթուլանա՝ մինչեւ այժմ ժողովրդավարության անվան տակ ցուցադրած մեծագույն բլեֆը, որի շնորհիվ մինչեւ փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից ձեռնարկված հատուկ օպերացիան, որը բացեց նրանց իրական դեմքը եւ մեծ հարված հասցրեց ԱՄՆ-ի միաբեւեռ, հեգեմոն առաջնորդ համարվելու իմիջին, որն ԱՄՆ-ին հաջողվել էր պահպանել մինչեւ հատուկ օպերացիայի սկիզբը, որը նաեւ հատուկ օպերացիայի հենց առաջին օրից սկսեց փլուզվել, ջրի երես դուրս բերելով նրանց իրական դեմքն ու կերպը: Առաջին հերթին սկսեց ճաքեր տալ նրանց ժողովրդավարության կեղծ քողը, որը մարդկության աչքերի առջեւ հանգիստ փլուզվում է: Մեծ հաշվով, Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի հիմնական գերխնդիրը ժողովրդավարության միանձնյա տիրոջ կարգավիճակի պահպանումն ու դրա անվան տակ մեծ փողերի թալանի շարունակումն է:
Կարդացեք նաև
Կարճ ասած, ռուս-ուկրաինական պատերազմը հենց այն լակմուսն է, որ ամենաթարմ ու պարզորոշ կերպով հիմնավորում է, որ հատկապես այսօր աշխարհում կան միայն մեծ փողերի, ազդեցության խնդիրներ, որոնք Արեւմուտքին մղում են մեծ թվով անմեղ զոհերի, հազար ու մի սրբությունների անտեսմանը, միայն թե ամեն գնով իրականանա նրա ծրագրերը՝ ժողովրդավարության իմիջի պահպանումը, ինչպես նաեւ դրա անվան տակ աստղաբաշխական փողերի կուտակման հնարավորության ապահովումը:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
10.09.2022