Կամերային երաժշտություն նախընտրող հանդիսատեսի համար Երեւանում՝ ի տարբերություն մարզերի, խնդիր չկա. հաճախակի են ոչ միայն մեր երաժշտախմբերի, այլեւ հյուրախաղորդ արտիստների ընկերակցությամբ կամերային այլ կազմերով (դուետ, տրիո, կվարտետ, կվինտետ եւ այլն) անսամբլների ելույթները։
«Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 8-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը անցկացվող Երեւանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան, Ալեքսանդր Չաուշյան) շրջանակներում նախատեսված են երեք կամերային համերգներ։
«Առավոտը» ներկա էր սեպտեմբերի 9-ին կայանալիք կամերային երաժշտության համերգի գլխավոր փորձին։
Դաշնամուրային կվինտետը, որի կազմում էին Հայկ Մելիքյանը (դաշնամուր), հունգարացի երաժիշտ Քրիստոֆ Բարաթին (առաջին ջութակ), Կարմեն Թոսունյանը (երկրորդ ջութակ), Յանա Դարյանը (ալտ), Միքայել Ոսկանյանը (թավջութակ), փորձում էին Շումանի դաշնամուրային կվինտետը (Es-dur)։
Կարդացեք նաև
Ստեղծագործության չորրորդ մասում, կուլմինացիայի հատվածում դղրդոց լսվեց, կարծես դահլիճում ինչ-որ բան պայթեց։
Փորձը դադարեցվեց, երաժիշտները լիաթոք ծիծաղում էին, մենք էլ շփոթված մոտեցանք բեմին, պարզելու՝ ինչ կատարվեց։ Կվինտետի կազմում ընդգրկված ջութակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Կարմեն Թոսունյանը, որը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն է, ժպիտով ներկայացրեց կատարվածը. «Մեր հյուրախաղորդ գործընկերը՝ Քրիստոֆ Բարաթին, մինչ փորձը սկսելը Հայկ Մելիքյանին հորդորում էր այնպես նվագել, որ կուլմինացիային դահլիճը պայթի (ժպտում է- Ս. Դ.)։ Փաստորեն այդպես էլ եղավ, միայն ափսոս, որ ռոյալի լարը կտրվեց։ Դրանից էր պայթյունի ձայնը…»։ Մինչ ջութակահարուհին մեզ ներկայացնում էր այդ ամենը, Քրիստոֆ Բարաթին իր գոհունակությունն էր արտահայտում. «Այո, հենց դա էլ ուզում էի, բրավո»։
Կարմեն Թոսունյանը տեղեկացրեց, որ բացի Շումանից, երեկոյին կհնչի նաեւ Շուբերտի լարային տրիոն (B-dur), իր խոսքով՝ երիտասարդ խոստումնալից երաժիշտներ Սոֆյա Վարդանյանի (ջութակ), Հայկ Տեր-Հովհաննիսյանի (ալտ), Միքայել Ոսկանյանի (թավջութակ) մեկնաբանմամբ։ Մեր զրուցակցին խնդրեցինք հակիրճ ներկայացնել երիտասարդներին։
«Սոֆյան Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում ուսումն ավարտելուց հետո շարունակել է Գերմանիայում, մասնակցել է մի քանի անվանի երաժիշտների վարպետության դասընթացներին, մշտապես զբաղված է տարբեր նախագծերում։ Մեր նվագախմբի հետ նա մենահամերգ էլ է ունեցել։ Հիմա ջութակահարուհին ուսումը շարունակում է Վիեննայում, պրոֆեսորներ Պավել Վերնիկովի եւ Բորիս Բրովցինի ղեկավարությամբ։ Իսկ Հայկը Երեւանի կոնսերվատորիայում ուսանելուց հետո շուրջ տասը տարի աշխատել է մեր նվագախմբում։ Եթե չեմ սխալվում՝ 2020-ից նա գործունեությունը շարունակեց Լիբանանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում, միեւնույն ժամանակ դասավանդելով տեղի կոնսերվատորիայում։ Օրերս է վերադարձել մեր նվագախումբ, ինչի համար շատ ուրախ ենք։ Հայկը հանդես է գալիս մենահամերգներով նաեւ արտասահմանյան երկրներում, մասնակցում փառատոների։ Ընդ որում, նա հանդես է եկել մեծանուն երաժիշտների հետ նույնպես, այդ թվում՝ Սվետլանա Նավասարդյան, Սերգեյ Խաչատրյան, Դայշին Կաշիմոտո եւ այլն։ Վարպետության դասեր է առել Քիմ Քաշքաշյանից, Դիմուտ Պոպպենից եւ Հարթմուտ Ռոդեից։ Միքայելը ելույթներ է ունեցել Եվրոպայի եւ Ամերիկայի երկրներում։ Ելույթներից մեկը կայացել է Էդինբուրգի շոտլանդական պառլամենտում, Շոտլանդիայի վարչապետի ներկայությամբ։ Երիտասարդն էլ վարպետության դասեր է առել անվանի թավջութակահարներից՝ Սթիվեն Իսերլիսից, Թիմ Փարքից եւ այլն։ Հատկապես կամերային երաժշտության ոլորտում նրա դասատուներն են եղել Անաստասիա Գոլդբերգը, Կատյա Վեկմանսը եւ այլն»,- հայտնեց մեր զրուցակիցը։ Հավելեց նաեւ, որ երեկոյին կհնչի Բրամսի լարային թիվ 2 սեքստետը (G-dur)։
«Կամերային այս կազմում դարձյալ Քրիստոֆ Բարաթն է (առաջին ջութակ), Սոֆյա Վարդանյանը (երկրորդ ջութակ), Հայկ Տեր-Հովհաննիսյանը (ալտ) եւ նրանց կմիանան Աննա Գյոկչյանը (ալտ) եւ թավջութակահարներ Միքայել Նավասարդյանն ու Նիկողայոս Վարդանյանը։ Միքայելը հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Եթե չեմ սխալվում՝ շուրջ տասը տարի առաջ Շվեյցարիայում անցկացվող մի փառատոնի «Կամերային անսամբլ» անվանակարգում արժանացել է դափնեկրի կոչման, նաեւ ՀՀ նախագահի մրցանակակիր է, ներկայումս էլ հանդիսանում է ֆիլհարմոնիկի թավջութակահարների խմբի կոնցերտմայստերը։ Իսկ Նիկողայոսը, բացի այն, որ բարձրակարգ թավջութակահար է, նաեւ բարձրարվեստ կոնտրաբասահար է, ջազային երաժիշտ, միջազգային դասական ու ջազ փառատոների մասնակից… ստեղծագործական լայն սպեկտոր ունի, թվարկելը երկար ժամանակ կպահանջի»,- հայտնեց Կարմեն Թոսունյանը։
Հավելենք, որ սեպտեմբերի 25-ին եւ հոկտեմբերի 19-ին եւս նախատեսված են կամերային համերգներ, որից առաջինը նվիրված է ճանաչված կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանի հիշատակին։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.09.2022