Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայկական կողմի զիջումների չափերն ավարտվեցին. այլեւս որեւէ բան չունենք զիջելու»

Սեպտեմբեր 12,2022 14:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Մեկ օր առաջ Ադրբեջանի կողմից հինգ հայ ռազմագերիներ ազատ արձակվեցին, այնուհետեւ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունեց այս քայլը՝ դա երկու երկրների արժանիքը համարելով։ Արձագանքեց նաեւ պետդեպարտամենտի խոսնակը, բայց դեռ ռուսական կողմը չի ողջունել հայ ռազմագերիների վերադարձը։ Ի՞նչ եք կարծում՝ ՌԴ դիրքերը չե՞ն թուլանում. ըստ էության ԵՄ-ին են այժմ տրվում դափնիները։

– Չեմ կարծում, որ ՌԴ դիրքերը թուլանում են։ Ընդհանուր առմամբ այս գործընթացն ամբողջովին գտնվում է ՌԴ դերակատարության վերահսկողության ներքո։ Նա լիարժեքորեն կառավարում է ղարաբաղյան հակամարտությունը, եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման գործընթացը նույնպես այս փուլում ՌԴ համար խնդիր չէ։ Ընդհանրապես Ռուսաստանը փորձում է ժամանակավորապես սառեցնել ղարաբաղյան հակամարտությունը. Ադրբեջանի եւ ՀՀ-ի տարածքով ճանապարհ բացել դեպի Թուրքիա, քանի որ ուկրաինական պատերազմից հետո ՌԴ-ն բազմաթիվ կոմունիկացիաներից զրկվել է, ուստի դեպի Թուրքիա դուրս գալը նրա համար կյանքի ճանապարհ է։

– ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիվոստոկում արված հայտարարությունները միանշանակ չեն ընկալվում. Արցախի հարցին անդրադարձ չեղավ, մինչդեռ խոսվեց ՌԴ օգնության եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Ի՞նչ խնդիր լուծեց Նիկոլ Փաշինյանը։

– Դա տնտեսական ֆորում էր. այնտեղ քաղաքական հայտարարություններն ընդհանուր առմամբ պետք էլ չէին։ Ընդամենը դրանք ուղերձներ էին, քանի որ դա այն կարեւոր հարթակը չէ, որտեղ Ղարաբաղի հարցերի հետ կապված խնդիր է լուծվում։ Այս միջոցառմանը պետք չէ ուշադրություն դարձնել։ Ռուսաստանը, գտնվելով միջազգային խորը մեկուսացման մեջ, փորձում է նման համաշխարհային ֆորումներ անցկացնել, դրանցից մեկն էլ այդ ֆորումն էր, որը ՀՀ-ին որեւէ բան մեծ հաշվով չի տվել։

– Ինչպիսի՞ զարգացում կունենա Արեւմուտքի դերակատարությունը, ակտիվիությունը կպահպանվի՞։

– Արեւմուտքը ժամանակավոր իր դիրքերը զիջել է այս տարածաշրջանում, քանի որ խորամուխ է եղել Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներում։ Ամեն ինչ անելու է, որ Ուկրաինան հաղթի այս պատերազմում եւ դրա համար էլ իր ուշադրությունը Հարավային Կովկասից փոքր-ինչ շեղել է։ Վստահ եմ, որ Բայդենի վարչակարգն ամեն բան անելու է, որ վերականգնի ԱՄՆ-ի սասանված դիրքերն ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հարավային Կովկասում։ Երբ ուկրաինական հարցը լուծեն, կանցնեն նաեւ Հարավային Կովկասում իրենց դիրքերի ուժեղացմանը։

– Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից եւ տեղափոխվեց Արցախ։ Գովելի համարո՞ւմ եք այս քայլը, ի՞նչ տպավորություն ունեք։

– Դա գովելի քայլ է։ Որեւէ դավադրություն չեմ տեսնում։ Սա նաեւ հոգեբանական կարեւորություն ունի Արցախի համար. տեսնելով, որ նման մարդն իրենց հետ ապրում է նույն միջավայրում, ավելի ապահով ու անվտանգ կզգան, դրականորեն կնայեն դեպի ապագան։ Որեւէ վատ բան այստեղ չեմ տեսնում։

– Բերձորի հանձնում, թեեւ Դուք նշել էիք, որ դա ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ե՞րբ են ավարտվելու այս զիջումները։ Իրավիճակն ինչի՞ մասին է վկայում. մեզ կփորձեն նո՞ր զիջումներ պարտադրել այս փուլում։

– Հայկական կողմի զիջումների չափերն ավարտվեցին. այլեւս որեւէ բան չունենք զիջելու։ Իհարկե, ադրբեջանական եւ ռուսական կողմը ցանկանում է միջանցքի տրամադրում. այստեղ ճնշումներ են գործադրում, բայց սա մեզ համար կարմիր գիծ է, եւ ՀՀ-ն չպետք է տրվի որեւէ ճնշման։ Հայաստանն այսօր իր դիրքերը պետք է ուժեղացնի, եւ այլեւս որեւէ զիջում չպետք է արվի Ադրբեջանին։

– «Մենք ՀՀ տարածքով որեւէ միջանցք չենք տալու որեւէ մեկին։ Բայց մենք ճանապարհ տալու ենք, բացելու ենք ցանկացած պահի։ Առաջարկներ ենք փոխանցել։ Որ պահին Ադրբեջանը դրանք ընդունի, կարող ենք փաստաթուղթ ստորագրել»։ Սրանք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են։ Այս ֆոնին հնարավո՞ր է խաղաղության պայմանագրի ստորագրում եւ ի՞նչ պայմաններով։

– Հայաստանը հայտարարել է, որ, այո, ճանապարհներ տալու է, բայց միջանցք չի լինելու, քանի որ միջանցք ենթադրում է էքստրատերիտորիալ կարգավիճակ, որը չպետք է վերահսկվի ՀՀ-ի կողմից։ ՌԴ-ն ու Ադրբեջանը փորձում են հասնել նրան, որ ՀՀ-ն միջանցք տրամադրի, որ ՌԴ-ն էլ մեծ լծակ ունենա Ադրբեջանի վրա։ Հենց սրանով են պայմանավորված հայկական կողմի վրա ճնշումները։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930