Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Առնվազն հոգեբույժի պացիենտ է այն մարդը, որը միաժամանակ Սերժին մեղադրում է վերարտադրվելու ցանկության եւ Նիկոլին բերելու պրոյեկտի մեջ»

Սեպտեմբեր 11,2022 23:13

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը  Հայաստանում չէ, այսօր հայրենիք վերադառնալու ճանապարհին ուղիղ եթերով անդրադարձել է 2018 թվականի, իր խոսքով ասած, դառը, բայց առողջարար ճշմարտությունների, որոնց նախորդ եթերում չէր հասցրել անդրադառնալ:

«Հայաստանում չեմ, բայց ուշք ու միտքս Հայաստանն է: Հայաստանի խնդիրներով եմ արտերկրում: Նախորդ ելույթիցս հետո բազմաթիվ արձագանքներ եղան: Շնորհակալ եմ շահագրգիռ, հատկապես, ազնիվ քննարկումների համար, թեպետ եղան նաեւ հիվանդագին, պատվիրված արձագանքներ:

Ինչի՞ է 2018 թվականն այդքան կարեւոր եւ արդիական: Կարեւորեցին 2018-ը: Եթե չես տիրապետում անցյալիդ, ապա ապագա չունես: Իսկ այսօրվա քաղաքական առկա խնդիրների մեջ շատերը փորձում են փոխել իրենց, երկրի անցյալը: Բայց երկրի մասին չեն մտածում: Բացառապես մտածում են գիտակցված կամ անգիտակցաբար գործած սեփական սխալները հետին թվով սրբագրել՝ փորձելով անբարոյականությունը ներկայացնել որպես սեր,  կիրքը՝ հավատարմություն եւ այլն»:

Արմեն Աշոտյանը նշեց, որ ընդդիմության մեջ որոշակի որոնողական, տատանվող, երերուն վիճակ է: «Փնտրտուքի մեջ ենք, կաթսան եփվում է: Ոմանց համար մեծ է գայթակղությունը՝  գնալ եւ 2018-ի իրենց արածները զոռով մտցնել մեր գրպանը: Չի ստացվելու: Եվ դրան են ուղղված իմ եթերները: Բայց իմ եթերների իրական նպատակը մեր վրա շպրտվող ցեխը մեզանից մաքրելը չէ: Մենք սովոր ենք, որ  չեղած տեղից շպրտված ցեխը չորանում՝ ընկնում է, ու մենք շարունակում ենք  շիտակ, ուղիղ քայլել՝ անկախ նրանից, թե որքան են մեր վրա վայրահաչողները»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը եւ անցավ  բուն ասելիքին:

«Կան «սերժացավ» կպած մի խումբ մարդիկ, որոնք ասում են. 2014 թվականին Սերժը սահմանադրությունը փոխեց, որպեսզի երրորդ անգամ դառնա ղեկավար: Հիշեք այդ մարդկանց, նրանք շատ են քաղաքական դաշտում: Ու այդ նույն մարդիկ մեզ մեղադրում են նրանում, որ Սերժը բերեց Նիկոլին: Դարը փոխվել է: Հասկանում եմ: Հիմա մարդիկ  իրենց խոսքերի համար պատասխանատու չեն. մոռանում են երեկվա ասածը, վաղը կմոռանան այսօրվա ասածը: Բայց համաձայնեք, որ առնվազն հոգեբույժի պացիենտ է այն մարդը, որը միաժամանակ Սերժին մեղադրում է վերարտադրվելու ցանկության եւ Նիկոլին բերելու պրոյեկտի մեջ: Դա անհամատեղելի է: Եթե ըստ ձեզ Սերժը ուզենար վերարտադրվել եւ փոխել էր սահմանադրությունը, ապա Նիկոլին չէր բերի, պարզապես, կվերարտադրվեր: Իսկ եթե ուզեր բերել Նիկոլին, դրա համար սահմանադրություն չէր փոխի: Հետեւաբար, որոշ քաղաքական շրջանակներ պետք է ընտրեն, թե որ կլինիկական դիագնոզի հետեւորդն են: Դրանք իրար չեն բռնում ինչպես կուսությունն ու մարմնավաճառությունը:

Հաջորդը: Քաղաքական շրջանակների մարդիկ կան, որ շարունակում են պնդել, որ մեկ է՝ Ղարաբաղի հարցը ծախված էր, եւ Սերժը բերեց Նիկոլին ու այդ հարցը գցեց նրա ջեբը: Սա քաղաքական անբարո մանիպուլյացիա է: Սերժը, Ռոբերտը. կարեւոր չէ, ասում են՝ նախկինները Ղարաբաղը վաղուց ծախել էին: Ընկերներ, Սերժը, Ռոբերտը՝ Արցախի հերոսները, Ղարաբաղի համար մարտեր տված, Արցախին կյանքը նվիրած, ընկերներ կորցրած մարդիկ չեն կարող այդ ձեւակերպման մեջ ընկնել: Եթե նախագահ Սարգսյանը ուզենար Արցախի հարցերից ձեռքերը լվալ, ապա 2014-ին ասել էր՝ չի հավակնելու: Հետեւաբար, լրիվ կարող էր մերժել կուսակցությանը եւ չառաջադրվել: Այսինքն, այդ մարդկանց ընկալմամբ, Ղարաբաղը ում ջեբն ուզում է, թող ընկնի: Եթե կարող էք, ինձ բացատրեք լոգիկան՝ 2014-ի ասելու, որ ես չեմ հավակնելու, սուսիկ-փուսիկ, մաքուր հեռանալու եւ 2018-ին առաջադրվելու: Ոչ մի կերպ այդ թեզը չի դիմանում տարրական տրամաբանությանը եւ քննադատությանը»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Պահ-պահ, հո վրա տալով չի? Շատ լավ էլ Սերժը Նիկոլին ԱԺ-ում դարձրեց վարչապետ։ Ընդդիմությունն այդքան ձայն չուներ, որ Նիկոլին վարչապետ ընտրեր, դրա համար էլ Սերժի հրահանգով ՀՀԿ-ականների մի մասը նույնպես միացան ընդդիմությանը և քվեարկեցին Նիկոլի օգտին։ Բոլորն էլ դա լավ հիշում են։ ՀՀԿ-ի պես ամուր կառույցը հենց այնպես չէր քվեարկի իրեն իշխանությունից զրկելու օգտին։ Ու եղավ այն, ինչ եղավ։ Այլ տիպի բացատրությունները Գյուլնազ տատի հեքիաթները կարող են լինել։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930