ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը
Վերջին օրերին երկու անգամ հանդիպել եմ Ռուբեն Վարդանյանին՝ քննարկելու համագործակցության եզրերն ու ողջունելու նրա որոշումը Արցախ տեղափոխվելու վերաբերյալ:
Մեծ հարգանք ունենալով Ռուբեն Վարդանյանի հայրենանվեր գործունեության նկատմամբ՝ շատ ուրախ եմ նրա որոշման առթիվ՝ այն համարելով լրացուցիչ հնարավորություն Արցախի ներքին ու արտաքին բազում մարտահրավերների հաղթահարման համար: Կարծում եմ՝ դա օրինակելի քայլ է, և հատկապես մասնագիտական դաշտում կայացած յուրաքանչյուր հայ պետք է դիտարկի ու իրացնի Արցախին շարունակաբար աջակցելու բոլոր ձևերի, այդ թվում՝ Արցախում ապրելու և գործելու հնարավորությունը:
Իսկ մենք պարտավոր ենք նպաստելու այդպիսի քայլերին և առկա ներուժի պատշաճ իրացմանը:
Նախքան Ռուբենի տեղափոխվելն այստեղ՝ նրա հետ որոշ ծրագրեր էինք իրականացնում Արցախում, իսկ տեղափոխումից հետո, համոզված եմ, ծրագրերի ծավալն ու արդյունքները բազմապատկվելու են: Ռուբենի ներուժն ունեցող մարդը շատ բան ունի Հայրենիքին ծառայեցնելու, հատկապես՝ նման դժվարին պայմաններում:
Կյանքն առաքելության ու ծառայության հնարավորություն ու պարտավորություն է, և ուրախ եմ, որ Ռուբենը չի անտեսում իր բաժին առաքելությունը: