«Փաստինֆո» – Ադրբեջանում պահվող հայ գերիների առողջական վիճակին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներն անձամբ ծանոթացել են օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Վերջին այցը եղել է օգոստոսի վերջին և սեպտեմբերի առաջին օրերին: Այդ ընթացքում ծանոթացել ենք և՛ գերեվարվածների առողջական վիճակին, և՛ պահման պայմաններին։ Գերեվարված անձանց հնարավորություն է տրվել նաև կապ հաստատել իրենց ընտանիքների անդամների հետ՝ հեռախոսազրույցների, նամակների, տեսաուղերձների ձևով։ Հույս ունենք, որ նույն պարբերականությամբ՝ համարյա ամիսը մեկ, կկարողանանք այսուհետ ևս այդ կապն ապահովել»,-նշել է Ամատունին։