Համացանցում ակտիվ շրջանառվում է Տավուշի մարզի Բերդ համայնքի զինկոմ Լեռնիկ Օհանյանի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին լուրը։ Վերջինս, ըստ շրջանառվող լուրերի, հարազատի հետ վիճաբանության մեջ է մտել քաղաքական հայացքների պատճառով։ Բերդ խոշորացված համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վահրամ Սուքիասյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքեց ծեծկռտուքի մասին լուրը։
«Ես անձամբ եմ խոսել նրա հետ, և նա հերքել է ծեծկռտուքի մասին լուրը։ Ընդհանրապես առաջին դեպքը չէ, երբ որոշ շրջանակներ ակտիվորեն նման նորություններ են տարածում։ Ուզում եմ Այգեձորի դեպքի հետ կապված ձեր հարցին ևս պատասխանել։ Բացարձակ ապատեղեկատվություն է համացանցում գրվածը։ Այգեձորում ընդամենը խոսակցություն է եղել իմ և նախկին համայնքապետի միջև։ Նա բարձրացրել է անվտանգային հարցեր, որոնց ես տվել եմ կոռեկտ պատասխաններ։ Խոսակցությունը արդեն շարունակվել է իր և նախկին ընտրողների միջև։ Ինձ համար արդեն պարզ է՝ ովքեր են այդ լուրերը տարածում։ Նրանց միակ նպատակը իմ և իմ թիմի անունը սևացնելն է», – նշեց Սուքիասյանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Վահրամ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից