Մոսկվայի 875-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երեւանի «Մոսկվայի տանն» անցկացվեց արագ շախմատի արդեն ավանդական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարը համատեղ կազմակերպել են «Մոսկվայի տունը» եւ Հայաստանի շախմատի ակադեմիան:
Երեկ ակադեմիայում մեկնարկել է մրցաշարի խորհրդանշական կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցել են տարբեր տարիքային խմբերի 168 շախմատիստներ: Նրանցից վեց լավագույնները այսօր ուժերը փորձեցին մեր վեց գրոսմայստերների՝ Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Սամվել Տեր-Սահակյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Մանուել Պետրոսյանի, ինչպես նաեւ Արման Փաշիկյանի, Տիգրան Լ. Պետրոսյանի եւ Շանթ Սարգսյանի հետ:
«Մոսկվայի տան» տնօրեն Վահրամ Կարապետյանը, դիմելով մասնակիցներին, գոհունակություն հայտնեց, որ մրցաշարը բավականին բարձր կարգավիճակ ունի, իսկ շախմատը Հայաստանում թերեւս ամենասիրված մարզաձեւերից է շնորհիվ երկար տարիներ իրականացվող շախմատային քաղաքականության:
Կարդացեք նաև
Սմբատ Լպուտյանը նույնպես բարձր գնահատեց այս միջոցառման դերը շախմատի զարգացման, շախմատիստների միջեւ հարաբերությունների ամրապնդման եւ այլ ոլորտներում երկու մայրաքաղաքների սերտ համագործակցության առումով:
Կազմակերպիչները Aravot.am-ին տեղեկացրեցին, որ հատուկ այս մրցաշարին մասնակցելու նպատակով Երեւան է եկել երիտասարդ շախմատիստ Ստեֆան Պողոսյանը եւ հաղթահարելով նախնական փուլը՝ այսօր եզրափակչում հանդես գալու իրավունք է նվաճել:
Մեր հարցին, թե ի՞նչ կասի այն մասին, որ Արեւմուտքը պատժամիջոցներ է կիրառում նաեւ ռուս մարզիկների, այդ թվում՝ շախմատիստների, նկատմամբ, մինչդեռ, սպորտը քաղաքականությունից դուրս է, Սմբատ Լպուտյանը պատասխանեց. «Ես իմ ասելիքը արդեն ասել եմ ՖԻԴԵ-ի կոնգրեսում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ