Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Հակոբյան․ «Ադրբեջանը նման միջոցներով հող է նախապատրաստում, որպեսզի առիթի դեպքում ագրեսիա գործի ու ցույց տա, թե  ինքնապաշտպանվում է»

Սեպտեմբեր 11,2022 14:05

«Վերջին մեկ տարում Ադրբեջանը նման միջոցներով հող է նախապատրաստում, որպեսզի առիթի դեպքում ագրեսիա գործի մեր նկատմամբ եւ ցույց տա, որ  ինքնապաշտպանվում է։ Պատահական չէ, որ օգոստոսյան հայտնի ագրեսիան ներկայացրեց  որպես վրիժառություն օպերացիա, իբր իրենց զինվորն է զոհվել, իրենք էլ վրիժառության են գնացել»,-այսպիսի դիտարկում արեց  Aravot.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը։

Երեկ, ըստ Turan գործակալության, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ նախարար Զաքիր Հասանովը Ադրբեջանի բանակին հրամայել է մշտապես պատրաստ լինել Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների անհապաղ եւ վճռական կանխմանը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, նշելով՝  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ «Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Մհեր Հակոբյանի կարծիքով՝ Ադրբեջանի սպառնալիքներն իրական են, եւ իրավիճակն անշեղորեն կապված է ռուս-ուկրաինական պատերազմով․«Վերջին օրերին ռուսական զինված ուժերի գործերն ընդգծված վատ են ռազմաճակատում։ Իրավիճակի որոշակի զարգացման դեպքում պաշտոնական Բաքուն չի բացառում ռազմական հարված հասցնելը։ Խնդիրն այն է, որ  քանի որ իրենք էլ  չգիտեն, թե այսպես կոչված՝ ուկրաինական աղետն ինչ չափերի է  Ռուսաստանում, իրենք, համենայնդեպս, պատրաստվում են հնարավոր տարբերակին։ Ռուսները ուշքի կգան,  քիչ, թե շատ կկարգավորեն իրավիճակը,Ադրբեջանը  ագրեսիա չի գործի, ուշքի չեն գա՝ ի՞նչ խնդիր կա, Ադրբեջանը կասի՝ հայերը ագրեսիա են գործել, տեսեք, մենք անընդհատ ասում ենք այդ մասին, որ հայերը սադրում են, մենք էլ ստիպված պատժեցինք։  Ադրբեջանն իր ագրեսիան կքողարկի եւ կոնֆլիկտը ժողովրդին   կներկայացնի, թե պատժեցին։ Մենք էլ այդ խաղաղության դարաշրջանի անփառունակ էջը խայտառակ ձեւով կփակենք»։

Ինչ վերաբերում է հայկական կողմի արձագանքին, ապա ռազմական փորձագետը նկատեց՝  վերջին տարիներին քարոզչական այս պայքարում  կողմերն այնքան են միմյանց մեղադրել, թե՝ հայերն են ստում, ոչ, ադրբեջանցիներն են ստում,  որ ոչ մի կողմին էլ չեն հավատում։

Սակայն, ինչպես նշեց Հակոբյանը, կարեւոր է դիտարկել մոտիվը․«Ակնհայտ է, որ հիմա Հայաստանն այնքան էլ պատրաստ չէ պատերազմի, եւ պետական մակարդակով խաղաղության օրակարգն են  բարձրաձայնում։ Այս պայմաններում տրամաբանական է,  որ մենք  չենք կրակի առաջինը»։

Այս առումով Մհեր Հակոբյանը մտահոգիչ է համարում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունը, որով նշել է՝  Արցախի հարցում դիվանագիտական ջանքերը արդյունք չեն տալիս․ «Նա նկատի ունի չարաբաստիկ Զանեգեզուրյան միջանցքի գաղափարը։ Բայց նաեւ հաշվի առնել նաեւ, որ երկրորդ տարին է արդեն, եւ Բաքվում թմբիրն, այսպես ասած, նստում է, մտահոգություններ կան այն առումով, թե  Ալիեւը Արցախի հարցը լուծել է, ռուսական զորքեր կան Արցախում, պաշտոնական Ստեփանակերտ եւ այլն։ Այս իմաստով նրանք աստիճանաբար անհանգստանում են։ Ի վերջո, միջազգային այս բարդ իրավիճակում  բոլորը  ձգտում են  ամեն ինչի պատրաստ լինել, զարգացման ցանկացած տարբերակին պատրաստվում են»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930