Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաչն առաքելություն է. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Սեպտեմբեր 11,2022 10:55

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Խաչվերացի տոնը:

Այդ բերկրառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ 11։00-ին։ Նույն օրը ժամը 17։30–ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի կունենա Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը, որի առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս կբերվի Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփոխ մասունքարանը։ Կկատարվի նաև Անդաստանի կարգ, կօրհնվեն խաչը զարդարող ռեհանը և աշխարհի չորս կողմերը։

—————

Սեպտեմբերի 11-ից մինչև 17-ը հանդիպող կիրակի օրը, այս տարի սեպտեմբերի 11-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը:

Խաչվերացի տոնն ամբողջական ձևակերպմամբ կոչվում է Տօն Վերացման Սրբոյ Խաչին (Սուրբ Խաչի Բարձրացման Տոն)։ Այս տոնը սահմանել է Սուրբ Հակոբոս Առաքյալը առաջին դարում, երբ Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկեն, Սուրբ Պետրոս Առաքյալին լսելով և հավատալով Քրիստոսին, գալիս է Հռոմից Երուսաղեմ և գտնում է Երուսաղեմն ու քրիստոնյաներին հալածված, Տիրոջ խաչափայտն անարգված և Գողգոթայից ոչ հեռու աղբով ծածկված։ Նա «կայսերական իշխանությամբ» հրամայում է հանել Խաչը և հանձնել քրիստոնյաներին։

Սուրբ Հակոբոս Առաքյալը, ով այդ ժամանակ Երուսաղեմի եպիսկոպոսն էր, վերցնում է Խաչը և հավաքված ժողովրդի առջև բարձրացնում՝ սահմանելով, որ պետք է ամեն տարի կատարվի Սուրբ Խաչի Բարձրացման հիշատակը։ Այս տոնը մեծ տոն է, որովհետև Խաչափայտը և, առհասարակ, Խաչի նշանը կապված է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի կատարած փրկագործության հետ, որը քրիստոնեության հիմքն է։

Քրիստոսի խաչելության փաստը Նրա ժամանակակիցների համար կարծես այդքան էլ կարևոր իրադարձություն չէր: Հոգևոր կյանքում է, որ հասկանում ենք կամ փորձում ենք լիարժեքորեն ըմբռնել խաչելության և խաչի խորհուրդները։ Խաչով Քրիստոս փրկեց մարդկությանը, մաքրեց մեղքերից և տվեց երկրորդ հնարավորությունը։ Խաչով էր, որ Քրիստոս հաղթեց։ Այո, Քրիստոսի խաչը հաղթանակն է աստվածայինի, հաղթանակն է սիրո։ Խաչը, մահվան գործիք հանդիսանալով, հաստատեց Քրիստոսի հաղթանակը մահվան հանդեպ։ Այն քրիստոնյայի համար դարձավ օրինակ սիրո և զոհաբերության։

Քրիստոս խաչվեց, մահացավ ժամանակին ամենաանարգ մահը համարվող մահով, բայց հաղթեց։ Իր խաչելությամբ ցույց տվեց, որ խաչը բնավ ծանրություն չէ, բնավ վերջը չէ։ Խաչն առաքելություն է։ Եվ այսօր էլ, երբ ասում ենք, թե «Դա իմ խաչն է», փորձենք նկատի ունենալ ոչ թե բեռը, պատիժն ու ծանրությունը՝ այլ առաքելությունը՝ հաղթանակով պսակելու մեզ տրված փորձությունները և մեր կյանքի ընթացքը։

Սուրբ Գրիգոր Տաթևացին փաստում է՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»:

Վերարժևորե՛նք կյանքի, մահվան և դրանց միջև եղած կամուրջի՝ Խաչի մասին մեր պատկերացումներն այսօր։ Քայլե՛նք դեպի Գողգոթա՝ Քրիստոսի ճանապարհով՝ մեր խաչը կրելով ոչ որպես բեռ, այլ առաքելություն, ինչպես որ Տերն արեց։ Մեր Խաչը մեր առաքելությունն է։

Աղբյուր՝ Qahana.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930