Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՖ 4. Հայաստանի վերափոխման ռազմավարությունը պոպուլիստական նախագիծ է։

Սեպտեմբեր 11,2022 12:00

Նախորդ միֆերում անդրադարձել էի Հայաստանի վերափոխման ռազմավարության համատեքստում հակառակորդների իրական նպատակադրումների գնահատմանը, ներքաղաքական դաշտի այլասերմանն ու պետական առաջնորդության կարևորությանը։ 

Այս հոդվածում դիտարկում եմ, թե ինչքանով է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը կարելի համարել վարչապետի կողմից նախաձեռնած պոպուլիստական նախագիծ։

——————

Պատերազմի նախօրեին՝ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում ՀՀ վարչապետը ներկայացրեց Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը (իրականում դա ոչ թե բուն ռազմավարությունն էր, այլ ռազմավարության, այսպես կոչված, գործադիր ամփոփումը՝ «executive summary»-ն): 2022-ի տարեմուտին վարչապետը վերահաստատեց, որ ռազմավարությունն «իր ակտուալությունն ընդհանրապես ոչ միայն չի կորցրել, այլև հակառակը, նույնքան ակտուալ է, որքան նրա ընդունման և հրապարակման պահին»։

Ի՞նչ է սա նշանակում։ Մի կողմից նորմալ է, երբ երկարաժամկետ ազգակենտրոն ռազմավարությունը չի կորցնում իր ակտուալությունը նույնիսկ պատուհասած համազգային արհավիրքից հետո․ Հրեաների՝ «սիոնիզմի» հիման վրա կառուցված ռազմավարությունը ոչ միայն չկորցրեց իր ակտուալությունը Հոլոքոստից հետո, այլև հաջողությամբ թևակոխեց իր գործնական իրագործման ամենանշանակալից փուլը։

Սակայն ինչպե՞ս է «Հայաստանի վերափոխման ռազմավարությանը» վերաբերվում հայ հանրությունը։ Ինչի՞ հիման վրա է այն կառուցված։ Ո՞ւմ համար և ինչպե՞ս այն չի կորցրել իր ակտուալությունը։

Կարծում եմ չեմ սխալվի, եթե ասեմ, որ հայության բացարձակ մեծամասնությունը երբևիցե չի լսել տվյալ ռազմավարության մասին կամ, եթե նույնիսկ լսել է, կամ չի ընկալել, կամ էլ վաղուց արդեն մոռացել է լսածի մասին (ռազմավարությունները սովորաբար լայն հանրության հետաքրքրության տիրույթում չեն)։ Ինչ վերաբերում է մտավորականությանն ու փորձագիտական շրջանակին, կարծում եմ՝ մեծ մասը համարում է, որ ռազմավարությունը վարչապետի բարձրագոչ, տակը ոչ մի լուրջ հիմք չունեցող պոպուլիստական նախաձեռնություններից մեկն էր՝ բարի ցանկությունների, կոչերի ու կարգախոսների մի հավաքածու։ Նախաձեռնություն, որն ուներ անցողիկ, այժմեական սպառման նշանակություն, նմանատիպ կերպով, ինչպես տարբեր ժամանակներում վարչապետի կողմից շրջանառված «Արցախը Հայաստան է, և վերջ», իշխանության ու բիզնեսի տարանջատման, դատավորների վեթինգի, Թուրքիայի ցեղասպան քաղաքականության մասին կոչերն ու պատումները, որոնք հետագայում կամ մոռացության մատնվեցին, կամ՝ որդեգրվեցին հակառակ ուղղությամբ։

Որպեսզի ավելի հանգամանալից դիտարկենք՝ արդյոք Հայաստանի վերափոխման ռազմավարությունը պոպուլիզմի դրսևորո՞ւմ էր, թե՞ ոչ, նախ, դիտարկենք, թե ինչ է ինքնին պոպուլիզմը։

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում պոպուլիզմը կրում է համատարած բնույթ՝ խորքային մակարդակում դրա մասին խիստ անբավարար է խոսվում։

Պոպուլիզմի հաղթարշավը այսօր համաշխարհային երևույթ է։ 21-րդ դարում պոպուլիստական մոտեցումներ որդեգրած իշխանական և ընդդիմադիր ամենատարբեր առաջնորդների և ուժերի լայն տարածումը արձանագրվում է Լատինական Ամերիկայում, եվրոպական, ասիական և աֆրիկական երկրներում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Թուրքիայում և այլուր։

Հոլանդացի քաղաքագետ Կաս Մուդդեն, որը պոպուլիզմի ներկայիս վերածնունդը հռչակել է որպես «ժամանակի ոգին» (populist Zeitgeist), պոպուլիզմը սահմանում է որպես «հիմնազուրկ» կամ «ծանծաղ» գաղափարաբանություն (thin-centred ideology), որի հիմքում ընկած է «մաքուր ժողովրդի» և «կոռումպացված էլիտաների» միջև բարոյական հակամարտությունը։ Ընդ որում` այդ գաղափարաբանությունը համատեղելի է ցանկացած «հիմնավոր» գաղափարաբանության (host ideology) հետ՝ լինի դա «ձախակողմյան» (Ուգո Չավես), թե աջակողմյան (Դոնալդ Թրամփ)։ Այն նաև կարող է գործել ինքնուրույն, առանց որևէ հիմնավոր քաղաքական գաղափարաբանության վրա հենվելու, ինչպես դա մեր օրերի Հայաստանում է։

Քուրթ Վեյլանդը սահմանում է պոպուլիզմը որպես իշխանության գալու և իշխանությունը պահելու քաղաքական ռազմավարություն, որի հիմքում ընկած է կոնկրետ առաջնորդի՝ որպես «մարդամոտ» անձի կերպարը և չկազմակերպված հանրային լայն զանգվածների հետ անմիջական կապի անկանոն (ոչ ինստիտուցիոնալ), բայց կայուն դրսևորումը։

Քիրք Հոքինգսը պոպուլիզմը համարում է քաղաքական դիսկուրս (discursive frame), որը ոչ թե գաղափարների կամ քաղաքական ծրագրերի ամբողջություն կամ ուղղվածություն է (ի տարբերություն իրական գաղափարաբանությունների կամ ռազմավարությունների), այլ խոսքի կառուցվածքի և բառամթերքի միջոցով այս կամ այն գաղափարի, ծրագրի, քաղաքական գործողության կամ որոշման դրսևորման կամ մատուցման «ականջահաճո» ձև։ Կառլոս դե լա Տոռռեն իր հերթին նշում է ընդդիմախոսներին որպես թշնամի պիտակավորելու և ժողովրդի մեջ բաժանարար գծեր սերմանելու մասին առանձնահատկությունները։

Բավականին համոզիչ է Բենջամին Մոֆիթի մոտեցումը, որը սահմանում է պոպուլիզմը որպես քաղաքական ոճ՝ քաղաքական մշակույթի դրսևորում (չսահմանափակվելով միայն դիսկուրսով) և կապում ժամանակակից պոպուլիզմի հաղթարշավը թվային հեղափոխության հերթական փուլի, սոցիալական ցանցերի և Web 2.0 տեխնոլոգիաների ի հայտ գալու հետ։ Նա պնդում է, որ նոր իրողությունները թույլ են տալիս պոպուլիստ դերակատարներին շրջանցել ավանդական լրատվամիջոցների սահմանափակումները՝ ուղիղ կապ հաստատելով իրենց հետևորդների հետ (և հակառակը) սոցիալական ցանցերի միջոցով (ինչպիսիք են Facebook-ը, YouTube-ը, Twitter-ը և այլն): Նման ցանցերն ու հարթակները թույլ են տալիս պոպուլիստ առաջնորդներին և կուսակցություններին ոչ միայն ավելի հեշտությամբ և ազատորեն տարածել իրենց քաղաքական «փերֆորմանսը», այլև իրենց հետևորդների մոտ ստեղծել անմիջականության ու մտերմության զգացում:

Web 2.0 տեխնոլոգիաների հետևանք հանդիսացող բլոգերական գործունեությունը, սոցիալական ցանցերն ու հարթակները թույլ են տվել պոպուլիստ առաջնորդների հետևորդներին լրատվամիջոցների սպառողներից դառնալ թվային արտադրողներ: Մեդիայի սպառման ավանդական՝ «ուղղահայաց» մոդելները փոխակերպվել են շատ ավելի դինամիկ՝ «հորիզոնական» մոդելների: Նման փոփոխությունները քաղաքական մոբիլիզացիան և կազմակերպումը շատ ավելի դյուրին և էժան են դարձնում պոպուլիստ հետևորդների շրջանում, քանի որ այսօր քաղաքական շարժմանը ակտիվորեն մասնակցելու համար անհրաժեշտ է միայն սմարթֆոն կամ ինտերնետ կապ:

Մոֆիթը, մասնավորապես, հակադրում է պոպուլիստական քաղաքական ոճը տեխնոկրատականին։ Երկու բևեռներում դիտարկվող վիճակների առանձնահատկությունները կարելի է զարգացնել և ամփոփել հետևյալ երեք հարթության մեջ։

Գործողությունների ու որոշումների հիմնավորման առումով, պոպուլիստ առաջնորդները օգտագործում են «իշխանությունը պատկանում է ժողովրդին» թեզը, հենվում «ժողովրդի ձայնի» վրա և ներկայացնում (perform) սեփական բոլոր գործողություններն ու որոշումները «ժողովրդի անունից»՝ հակադրելով դրանք «ներքին թշնամիների» (օրինակ, էլիտաների կամ գործող համակարգի) ենթադրյալ նպատակադրումներին։ Ի տարբերություն դրան, տեխնոկրատական ոճի առաջնորդները հենվում են պրոֆեսիոնալ ներուժի և կարողունակության վրա, կենտրոնանում խնդիրների և լուծումների վրա, որպեսզի կայացնեն լավագույն որոշումները «ժողովրդի համար»՝ առանց որևէ կողմի հետ հակադրվելու։ Արդյունքում, պոպուլիստների մոտ ավելի լավ է ստացվում եղած ինստիտուտների «քանդումը», մինչդեռ տեխնոկրատների մոտ՝ նոր ինստիտուտների կառուցումը։

Հաղորդակցման ոճի առումով, պոպուլիստ առաջնորդներն օգտագործում են «ժողովրդական», կրքեր բորբոքող, զգայական լեզուն (հաճախ ոչ քաղաքակիրթ կամ կոպիտ դրսևորումներով)՝ շեշտը դնելով հանրության հետ հաղորդակցության էմոցիոնալ բաղադրիչի վրա։ Ի հակադրումն դրան, տեխնոկրատական հաղորդակցման ոճը ենթադրում է քաղաքակիրթ, չեզոք, «չոր» գիտական լեզուն՝ կարևորելով հաղորդակցության ռացիոնալ բովանդակությունը, այլ ոչ թե ձևը։

Վերջապես, որպես հանրությանը մոբիլիզացնելու հիմնական դիսկուրս պոպուլիստ առաջնորդները մշտապես օգտագործում և «կենդանի» են պահում մոտալուտ վտանգի, ավելի մեծ ճգնաժամի կամ չարիքի հնարավոր իրացման սպառնալիքը (օրինակ, ներքին կամ արտաքին թշնամու առաջխաղացումը)՝ անհրաժեշտ պահին կրքեր բորբոքելու, այդ սպառնալիքի նախերգանքը «բեմականացնելու» և, որպես արդյունք, հանրությունից անհրաժեշտ կտրուկ արձագանքը «կորզելու» համար։ Ի հակադրումն դրան, տեխնոկրատական ոճը ենթադրում է չափելի և գնահատելի նախանշված թիրախներ, դրանց հասնելուն ուղղված հետևողական ու կառուցողական աշխատանք, առաջընթացն արձանագրող արդյունքների հաղորդակցում։

Վերը նշվածից կարելի է միանշանակ հետևություն անել, որ Հայաստանում և իշխանությունները, և ընդդիմությունը լիովին գտնվում են պոպուլիզմի տիրույթում՝ ըստ բոլոր սահմանումների։ Չնայած պոպուլիզմի դառը պտուղները համտեսելուց հետո իշխանությունների և հանրության միջև անմիջականության ու մտերմության աստիճանը կտրուկ նվազել է (վարչապետը այլևս չի անում «լայվեր», վարում քաղաքացու հետ զրույցներ, անցկացնում մամլո մեծ ասուլիսներ, հրապարակում «100 փաստ Նոր Հայաստանի մասին» ու հնչեցնում հեղափոխական կոչեր), այնուամենայնիվ, վարչապետն ու իր թիմը հավատարիմ են մնում իրենց որդեգրած քաղաքական մշակույթին։ Քաղաքական «փերֆորմանսը», «բեմականացումը» ու «ներքին թշնամիների» հետ հակադրումը շարունակում է մնալ որպես գերակա քաղաքական դիսկուրս և ոճ («պողպատե մանդատով» ու «մուրճով» մոբիլիզացված հանրություն, հանդիպումների, շրջայցերի և միջոցառումների լուսանկարներով իրենց օգտակարությունը «հիմնավորող» իշխանավորներ և այլն):

Հիմա դառնանք Հայաստանի վերափոխման ռազմավարությանը։ Ի՞նչ է այն իրականում իրենից ներկայացնում։

Որպես այդ ռազմավարության գաղափարի ստեղծման ակունքներում գտնվող և հանուն այդ գաղափարի իրականացման հանրային ծառայությանը երկու տարի նվիրած մարդ՝ կարող եմ ասել հետևյալը։

Ռազմավարության առանցքը կազմում է բացառապես գործնական, այլ ոչ թե վերացական կամ զգայական նշանակություն ունեցող համազգային տեսլականի ու նպատակների մշակումն ու իրագործումը։

Տեսլականը ապագա երեք տասնամյակների Հայաստանի՝ ժողովրդագրական և տնտեսական կառուցվածքի և հավակնությունների հիման վրա կառուցված համապարփակ, չափելի ու գնահատելի վիճակի սահմանումն է։ Ընդ որում, Հայաստանը ենթադրվում է որպես հայերի բնօրրան ու կենսական շահերի կենտրոն, այլ ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական միավոր, այսինքն` Արցախը հանդիսանում է այդպիսի Հայաստանի անբաժանելի մասը։

Տեսլականի առաջին տասնամյակի ժողովրդագրական և տնտեսական թիրախներին հասնելու համար ռազմավարությունը նախատեսում է համազգային մեծ նպատակներ (մեգանպատակներ), որոնք, կրկին, ունեն խիստ գործնական, համապարփակ, չափելի ու գնահատելի բնույթ։

Օրինակ, «Պաշտպանված Հայաստան» մեգանպատակի «երիտասարդների բարոյահոգեբանական և հատուկ պատրաստվածության բարձր մակարդակը», որպես թիրախային արդյունք, գնահատելու ցուցանիշներից մեկը՝ «Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մարդկային կորուստների թիվը» առաջիկա 5 և 10 տարում համապատասխանաբար 5 և 10 անգամ կրճատումն է:

16 մեգանպատակներից յուրաքանչյուրն ունի իր թիրախների[1] համապարփակ ցանկը։

Չափելի ու գնահատելի նշաձողերի սահմանման իմաստը ոչ թե ճշգրիտ վերլուծության միջոցով դրանց դուրս բերումն է, այլ տեսլականից բխող հավակնության՝ որպես ռազմավարական անհրաժեշտության սահմանումը, որպեսզի հետո ախտորոշվեն այդ հավակնությանը հասնելուն խոչընդոտող խնդիրներն ու մշակվեն դրանք հաղթահարող լավագույն լուծումները (այս փուլում են նախատեսվում վերլուծությունն ու հետազոտությունը):

Այսպես, օրինակ, վերը նշված ցուցանիշին հասնելու համար հարկավոր է ախտորոշել տվյալ հավակնությանը հասնելուն խոչընդոտող խնդիր-պատճառներն (երիտասարդների վրա քրեական ենթամշակույթի արատավոր ազդեցությունը, զինված ուժերում սպայական կազմի բարոյահոգեբանական և կարգապահական անբավարար մակարդակը, բանակում կյանքի անվտանգության երաշխիքների ու ողջ մնալու արվեստին տիրապետելու անբավարար մակարդակը և այլն) ու չհասնելու խնդիր-հետևանքները (ծնողների կողմից իրենց զավակներին բանակից ազատելու ցանկությունը և այլն): Պատճառները կարևոր են համապատասխան լուծումները ճիշտ մշակելու համար, իսկ հետևանքները՝ այլ նպատակների ու թիրախների հետ պատճառահետևանքային կապը բացահայտելու համար։

Մեգանպատակների թիրախային ցուցանիշների կազմն ու նշաձողերը, ինչպես նաև դրանց կենսագործման համար շարունակաբար թարմացվող և դասակարգվող ռազմավարական խնդիրներն ու լուծումները, ըստ ռազմավարության մշակման և իրագործման մոտեցումների, պետք է ձևավորվեն կառավարության և հանրության համատեղ ջանքերով։ Ընդ որում, բոլոր մոտեցումները ենթադրում են ոչ թե էմոցիոնալ ու անկանոն, այլ ռացիոնալ ու ինստիտուցիոնալ բնույթ՝ համապատասխան կառուցակարգերի ներդրմամբ։

Ինչպե՞ս է այդ դեպքում ստացվում, որ «տեխնոկրատական» գաղափար հանդիսացող ռազմավարությունը արժանանում է «պոպուլիստական» պիտակավորման։

Պատասխանը հենց հարցադրման մեջ է․ ռազմավարության բովանդակությունն ու այն ոճը (ձևը), որով այն ներկայացվեց՝ անհամատեղելի են։

Գործնական առանցք ու նշանակություն ունեցող ռազմավարությունը ներկայացվեց («բեմականացվեց») միայն մակերեսային մակարդակի վրա։ Տեսլականը ներկայացվեց որպես անհասկանալի կերպով ծաղկաքաղ արված զգայական կարգախոսների անհամասեռ բույլ։ Ռազմավարության հաղորդակցությունը սկսվեց ռազմավարության բուն բովանդակության և նշանակության հետ ի սկզբանե որևէ գործնական կամ օրգանական կապ չունեցող զգայական կարգախոսի անպատեհ տարածմամբ, որից հետո, «ժողովրդական» քաղաքական ոճի լավագույն ավանդույթներով, ռազմավարությանը հետագայում կցվեցին նաև այլ զգայական կարգախոսներ («Կառուցենք Հայաստանը նորովի», «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու՛ ես»)։

Արդյունքում ռազմավարության բուն իմաստը, գործնական նշանակությունն ու բովանդակությունը մնացին չբացահայտված, չհաղորդակցված ու չիրացված, իսկ իրականացրած անբովանդակ և անօգուտ PR ակցիաները ստվերեցին այն կարևոր հիմքերը, որոնք դրվել էին համակարգաստեղծ աշխատանքի արդյունքում։

Պոպուլիստական քաղաքական ոճի դրսևորման արդյունքում, չնայած ռազմավարության ակտուալությանը, վերջինիս ոչ բուն բովանդակությունը, ոչ էլ մշակման ու իրագործման մոտեցումները մինչ օրս չեն հանրայնացվել։ Սա այն թեման չէ, որտեղ հնարավոր է ժողովրդին մոբիլիզացնել ներքին թշնամիների դեմ, կամ «փերֆորմանսի» դիմաց քաղել արագ «զգայական դիվիդենդներ»։

Պոպուլիստական քաղաքական ոճի դրսևորման արդյունքում ռազմավարական բուն խնդիրները (խնդիր-պատճառները) շարունակվում են մնալ չլուծված, իսկ լուծումները մշակվում են չհիմնավորված, չարդարացված ու չհաշվարկված կերպով։ Վերջին վառ օրինակներից է վճարելու պայմանով զինծառայողին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու մասին կառավարության օրենսդրական փոփոխության նախագիծը։

Հանրության շրջանում բանակի նկատմամբ անբավարար վստահությունը, բանակում կյանքի անվտանգության անբավարար երաշխիքները, զինված ուժերում անձնակազմի անբավարար մակարդակը կամ այլ ռազմավարական խնդիրներ թիրախավորելու փոխարեն կառավարության առաջարկած լուծումն հետապնդում է անհասկանալի ռազմավարական նպատակից բխող՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման խնդիրը։ Ռազմավարական տեսանկյունից չհիմնավորված այս լուծումը կարող է ստեղծել այնպիսի նոր բարոյահոգեբանական, սոցիալական և իրավական բնույթի խնդիրներ, ինչպիսիք են Հայրենիքի նկատմամբ պարտքի զգացողության արժեզրկումը, քաղաքացիների սահմանադրական պարտականության նկատմամբ խտրական վերաբերմունքը, սոցիալական անապահով խավերի կողմից բարոյալքությունը և այլն։

Քանի դեռ կառավարությունում գերիշխում է պոպուլիստական քաղաքական ոճը, համակարգաստեղծ գործունեության հեռանկարները ստվերվելու են ներքին թշնամիներին թիրախավորելով, եղած կամ նույնիսկ չեղած բովանդակության «բրենդինգով» ու «ռեբրենդինգով» («Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն», «Ապագա կա՛, կա՛ ապագա»), զանազան PR ակցիաներով ու «ֆլեշմոբերով», ֆեյսբուքյան ֆոտո-հաշվետվություններով, ասեկոսեների մշտադիտարկումով, ինստիտուցիոնալ տիրույթի՝ սեփական «ես»-ով փոխարինումով և այլ՝ ռազմավարական բովանդակությունից զուրկ գործողություններով ու որոշումներով։

Լեւոն ՄԱԶՄԱՆՅԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռազմավարության գծով նախկին խորհրդական

——————

Ծանուցում։ ՀՀ քաղաքական առաջնորդությունը մինչ օրս չի գործարկել Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, որը նախատեսում էր հասցեագրել վերը նշված գործնական հրամայականները, ըստ էության, թողնելով այն սին կարգախոսների և կառավարության ծրագրերի նախաբաններում նշվող ձևական հղման մակարդակի վրա։

 

[1] Ամեն մեգանպատակ ունի 4 թիրախային արդյունք, որոնցից յուրաքանչյուրն ունի 3-ական քանակական և/կամ որակական թիրախային ցուցանիշ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930