Սեպտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի քարոզարշավը մեկնարկել է։ Սիսիանի համայնքային իշխանության համար պայքարող 5 կուսակցություններն ու 2 դաշինքը ակտիվ քարոզարշավ են անում։
Հիշեցնենք, որ Սիսիանում առաջադրվել են «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Քաղաքացիական պայմանագիր», «Մեկ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Ապրելու երկիր» կուսակցությունները, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը՝ կազմված «Համերաշխություն» եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից, «Զարգացող համայնք» դաշինքը՝ կազմված «Արդարություն» եւ «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություններից։
Սիսիանի կենտրոնական շենքերից մեկի պատին երեք ուժի՝ «Հանուն Հանրապետության», «Ապրելու երկիր» կուսակցությունների ու «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի քարոզչական պաստառները փակցված են արտակարգ իրավիճակների նախարարության «Ով իրազեկված է, նա պաշտպանված է» պաստառի հարեւանությամբ։
Կարդացեք նաև
Ստացվում է՝ ճիշտ իրազեկվելու դեպքում սիսիանցին ճիշտ ընտրություն կկատարի ու կլինի պաշտպանված։ Ի դեպ, ըստ Սիսիան համայնքում կատարած հասարակական հարցումների, համայնքի ավագանու ընտրություններում հենց այս ուժերը՝ «Հանուն Հանրապետության», «Ապրելու երկիր» կուսակցություններն ու «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքն են մրցակցային համարվում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւս այս շարքում է։ Սիսիանի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններին լուրջ մարտահրավեր է ներկայացրել ընդդիմությունը՝ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը, որը նույնպես համայնքային իշխանություն ընտրվելու մեծ շանս ունի։
Դաշինքի 63 հոգանոց ընտրացուցակը գլխավորում է անկուսակցական 38-ամյա Հայկ Առաքելյանը։
Վերջինիս հետ հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ