Լրահոս
Օրվա լրահոսը

Այնպես չէ, որ պետք է շենք սարքես, ասֆալտապատես, որ կրթության որակը դրանից բարձրանա. «Առերեսում»

Սեպտեմբեր 10,2022 22:00

«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի ռազմավարությունը» դեռ չի հաստատվել ԱԺ-ի կողմից եւ օրենքի ուժ չի ստացել։ Սակայն խորհրդարանական երկրում, ԱԺ-ի դեռևս չհաստատված նախագիծը, վարչապետը կառավարության նիստում ներկայացրեց որպես արդեն իսկ իրողություն՝ խոսելով, մասնավորապես ստեղծվելիք 100 տոկոսով պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհերի եւ դրանք ժամանակի ընթացքում ակադեմիական քաղաք տեղափոխելու մասին, որը կառուցվելու է Աշտարակում: Թեեւ ԱԺ-ում ունեցած մեծամասնությունը վստահություն է ներշնչում, որ այդ ծրագիրը եւս դակելու են՝ այնուամենայնիվ, անդրադառնալով այս փաստին «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասաց. «Ես շատ կուզենամ, որ այդ ծրագիրը հաստատվի ԱԺ-ում, քանի որ այնտեղ իսկապես շատ լավ բաներ կան գրված: Բայց, իհարկե, անիրականանալի՝ ներկա իրավիճակը հաշվի առնելով: Ամենաակնառու բանը՝ գրված է, որ մինչեւ 2030 թվականը Հայաստանից առնվազն 4 բուհ պիտի ընդգրկվի աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում: Ուրեմն, ուզում եմ այն մարդկանց, որոնք այդ նախագիծը գրել են՝ ասել. դա նշանակում է, որ մեր բուհերը պետք է ունենան շատ բարձր չափանիշներ: Մասնավորապես՝ բուհերում աշխատող դասախոսների հոդվածները պետք է տպագրվեն աշխարհի լավագույն պարբերականներում՝ բարձր վարկանիշ ունեցող: Այդ համալսարաններում հետազոտության մասն ավելի շատ պետք է լինի, քան կրթական մասը, այսինքն՝ դրանք պետք է լինեն հետազոտական համալսարաններ: Եվ ամենակարեւորը՝ այդ բուհերի բյուջեն պետք է համեմատական լինի ՀՀ այսօրվա պետբյուջեին»: Հավելեց. «Հիմա պետք է մտածել՝ գոնե մեկ բուհ այդ չափանիշներին համապատասխանեցնելու մասին: Ուղղակի չգիտեմ՝ այդքան ֆինանսավորում որտեղի՞ց կարելի է գտնել, քանի որ հետազոտական համալսարանն առաջին հերթին նշանակում է, այո, գիտության եւ կրթության փոխկապակցումը եւ շատ բարձր ֆինանսավորումը: Ցավոք սրտի նման բան Հայաստանում, մանավանդ հետպատերազմյան այս իրավիճակում դժվար թե հնարավոր լինի»:

Հաղորդման մյուս հյուրը՝ պատմաբան, կրթության փորձագետ Վանո Կարապետյանը համոզմունք հայտնեց. «Մեր երկիրը ուշ թե շուտ գնալու է բուհերի խոշորացմանը՝ դա պետք է»: Որպես դրան նպաստող գործող՝ նա հիշատակեց ժողովրդագրական խնդիրների հետեւանքով դիմորդների թվաքանակի անկումը: «Բայց խոշորացման այն մոդելը, որ իրենք են առաջարկում՝ այնքան էլ չեմ կիսում իրենց տեսակետը: Մեր պետության ֆինանսական վիճակն այն աստիճանի չէ, որ… ճիշտ է, անխոս՝ համաձայն եմ, որ պետք է անընդհատ շատացնեն ներդրումները կրթության ոլորտում: Բայց կարծում եմ՝ դա այս պահին հրատապ չի: Ավելի լավ կլինի՝ այս պահին այդ գումարներն ուղղեն գիտահետազոտական հիմնարկների կարողություններն ընդլայնելուն»:

Ատոմ Մխիթարյանը վստահեցրեց. «Ես հիմա միանշանակ կարող եմ ասել, թե այդ խոսակցությունների՝ բուհերը միավորել-տեղափոխելու վերաբերյալ, հիմքում որեւէ հետազոտություն, որեւէ լուրջ վերլուծություն չկա»: Ավելին՝ փաստաթղթի վերջում էլ նշված է, որ այն լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի ենթադրում, սակայն զարմանալի է՝ այդ դեպքում ինչպես պետք է իրականացվի ծրագիրը՝ հարցին ի պատասխան, փորձագետն ասաց. «Դե, թերհաս մեկը կարող էր մտածել, որ Երեւանի կենտրոնում բուհերի շենքերը վաճառելով՝ կարելի կլինի նման բան անել, բայց նորից ասեմ՝ դա թերհաս մտածողության արգասիք կարող է լինել, որն իրականության հետ որեւէ աղերս չունի»:

ԿԳՄՍ նախարարը Վահրամ Դումանյանը մասնավորապես ասել էր. «Եթե կա շենք, որը չենք օգտագործելու, ինչու պետք է այն մնա։ Ենթադրենք տեղափոխվում ենք ավելի լավ պայմաններ, այդ շենքը պետք է մնա, որ ինչ անի։ Մանկավարժական համալսարանի շենքը պետք է դատարկ չմնա, կամ դաս պետք է լինի այնտեղ, կամ, եթե այդ բուհը ստանում է ավելի լավ պայմաններ և տեղափոխվում է այլ վայր, ուրեմն մեկ այլ բանով պետք է զբաղվի այդ հարցը, ամեն ինչ հնարավոր է այդ թվում և՛ օտարում կարող է լինել, և՛ անվարձահատույց տրամադրվել և այլն»։

Վանո Կարապետյանն այս առնչությամբ նշեց. «Հնարավոր է, որ բիզնես շահեր կան այստեղ եւ դրա համար են փորձում այդ ամենը իրականացնել: Բայց նորից եմ ասում՝ այդ ծրագիրն ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում: Մեր մոտ մասնավոր ոլորտի եւ կրթության բնագավառի կապը չկա, որ մասնավորը ներդրում կատարի կրթական համակարգում: Եվ իրենք էլ նախագծում խոստովանում են, որ պետք է ֆինանսավորման այլ աղբյուրներ գտնեն»:

Ատոմ Մխիթարյանը խորհուրդ տվեց կառավարությանը. «Լավ համալսարան ունենալը՝ չի նշանակում լավ շենք ունենալ: Հիմա կան շատ լավ համալսարաններ, որոնք կարող են ունենալ ոչ շատ մեծ տարածք, քանի որ դրանք հեռավար համալսարաններն են: Եվ հիմա տասնյակ միլիոնավոր երիտասարդներ կրթվում են հեռավար համալսարաններում՝ իրենց տներից դուրս չգալով, ու ձեռք են բերում շատ լավ կրթություն: Այսինքն՝ այնպես չէ, որ պետք է շենքը սարքես, ասֆալտապատես, որ կրթության որակը դրանից բարձրանա: Բնավ ոչ»: Առաջարկն էր. «Իսկ ինչո՞ւ հեռավար ձեւով չկազմակերպենք այդ ամենը, մանավանդ որ՝ համավարակը մեզ թույլ տվեց մի քիչ ավելի խորանալ այդ ուղղության մեջ, եւ օրինակ՝ ունենալ մի այդպիսի համալսարան՝ միացնելով նաեւ սփյուռքը»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930