Լրահոս
Օրվա լրահոսը

«Արևմուտքի նպատակն է արագացնել խաղաղության պայմանագրի կնքումը»․ Հայկ Այվազյան

Սեպտեմբեր 10,2022 14:50

«Բոլորս այսօր մտահոգված ենք հայ-ադրբեջանական բանակցություններով, որոնք ընթանում են Պուտինի նախաձեռնությամբ»,- «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ի կազմակերպած՝ «Ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում և հնարավոր զարգացման սցենարները» կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը։

Նրա կարծիքով՝ այսօր բոլորն էլ ուզում են հասկանալ՝ որն է լինելու ԼՂ ապագան, ինչպե՞ս է պահպանվելու անվտանգությունը և Հայաստան-Ադրբեջան սահմանագծման աշխատանքներն ինչպես են լուծվելու։ Ըստ Արամ Սաֆարյանի՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև բովանդակային հակասություն չկա, այլ կա Հարավային Կովկասում ներկայության մեծացման կռիվ: Իսկ թե որը պետք է լինի ՀՀ-ի վարած քաղաքականությունը, այս առիթով Արամ Սաֆարյանն ասաց․ «Հայաստանը պետք է կարողանա համատեղել, չփնտրել ներքին հակասություններ ու չխաղալ դրանց վրա, այլ որպես թափանցիկ ու վստահելի գործընկեր ընկալելի լինել։ Մեր ժողովուրդն իրավունք ունի ավելի մանրամասն իմանալ այն բանակցությունների մասին, որոնք վարվում են Պուտինի և Միշելի գլխավորությամբ Մոսկվայում ու Բրյուսելում: Ընթանում են հայ-թուրքական բանակցություններ, որոնց հիմքը դրվել է ֆուտբոլային դիվանագիտությամբ՝ 2008 թվականին»։

Ըստ Արամ Սաֆարյանի՝ Վլադիվոստոկում ՀՀ-ն կարևոր շեշտադրումներ է կատարել․ «Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները կրում են ռազմավարական, դաշնակցային բնույթ, ինչը չափազանց կարևոր էր վերջին շրջանում հայաստանյան տիրույթում այս հարցի շուրջ մանիպուլյացիաների ու շահարկումների լռեցման տեսանկյունից: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է. Հայաստանը պետք է զարգացնի տնտեսական, քաղաքական հարաբերությունները ՌԴ հետ»։

ԵՊՀ դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի համոզմամբ՝ ՀՀ դիվանագիտությունը պետք է գծի այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ ոչ մի պարագայում չի կարող անցնել: Նա մանրամասնեց․«Եթե մենք խոսում ենք ԼՂ կարգավորումից ու խաղաղության պայմանագրից, ՀՀ-ն պետք է հստակ նշի այն գծերը, որոնցից հետ չի քաշվելու: Դա, առաջին հերթին, հայության ֆիզիկական անվտանգության խնդիրն է ու Արցախի վերջնական կարգավիճակի հարցը։ Անհրաժեշտ է հասնել ԼՂԻՄ սահմանների վերականգնմանը ռուս խաղաղապահների ու ՌԴ-ի միջոցով»։

Ըստ նրա՝ պետք է կոմպլեմենտար քաղաքականությունից անցում կատարվի հստակության քաղաքականության։ Նա նաև կարևորեց Իրանի հետ բանակցությունների խորացումն ու նոր շեշտադրումները․ «Ի հակակշիռ թուրք-ադրբեջանական համագործակցությանը ռազմատեխնիկական ոլորտում՝ ՀՀ-ն պետք է համագործակցությունը խորացնի Իրանի հետ»։

«Լույս» վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի համոզմամբ՝  ՌԴ-ի սահմանների մոտ ԱՄՆ-ին օդ ու ջրի պես պետք է պատերազմ: Անդրադառնալով Հարավային Կովկասում իրավիճակին՝ նա ասաց․ «Արևմուտքն ուզում է՝ արագ փաստաթուղթ ստորագրվի։ ՌԴ-ին դա պետք չէ, քանի որ դրանով Մոսկվան ժամանակ է ձգում, որպեսզի տարածաշրջանում մեծ պատերազմ չլինի: Արևմուտքը ուզում է, որ գործընթացն արագացվի: Սա է ԱՄՆ-ի և Բրյուսելի նպատակը, որն արագացնում է խաղաղության պայմանագրի կնքումը»։

«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ ղեկավար Արման Ղուկասյանի ձևակերպմամբ՝ կան մտահոգիչ շատ հարցեր․ «Մենք բոլորս պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք օգտակար լինել մեր երկրին այս վճռական պահին»:

Նշենք, որ քննարկմանը մասնակցեցին նաև հայաստանյան բուհերի շուրջ հինգ տասնյակ ուսանողներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930