Լրահոս
Օրվա լրահոսը

«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցներն անժամկետ գործադուլ են հայտարարել (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 10,2022 13:15

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետեւանքով ունեցանք 16 զոհ եւ մեկ մարդ համարվեց անհետ կորած, փրկարարական աշխատանքների ընթացքում Քրիստափորի փողոցը անվտանգության նկատառումներով տեւական ժամանակ փակ էր: Չէր գործում նաեւ նույն փողոցի հակառակ մայթին գտնվող «Փեթակ» առեւտրի կենտրոնը:

Օգոստոսի 23-ից Քրիստափորի փողոցը բացվել է միակողմանի, «Փեթակն» էլ աշխատում է: Սակայն փողոցը միակողմանի փակ լինելու պատճառով «Փեթակի» աշխատակիցները լուրջ խնդիրների առջեւ են կանգնել: Առեւտուր գրեթե չկա:

Առեւտրի կենտրոնի աշխատակիցները ճարահատյալ այսօրվանից անժամկետ գործադուլ են հայտարարել: Պահանջում են փողոցի երթեւեկությունը երկկողմանի բացել, որպեսզի մարդիկ կարողանան առանց արհեստական խոչընդոտների գալ առեւտրի կենտրոն:

«Շնորհակալություն ենք հայտնում ԱԻՆ-ին, ոստիկանությանը, որ սկզբում կարողացան այս ճանապարհի մի կողմը բացել: Բայց արդեն երկար ժամանակ է, «Սուրմալուի» փլատակներում ոչ մի աշխատանք չի կատարվում ու հասկանալի չէ, թե ինչի՞ համար է փողոցի մի հատվածը փակ, ինչի հետեւանքով մարդիկ տոնավաճառ չեն գալիս: Ասես, դիտավորյալ են այդպես վարվում, որ ոչ-ոք չգա: Սկզբում տեղեկություն տարածվեց, իբր, «Փեթակում» էլ պայթուցիկ նյութերի պահեստներ կան, թեեւ դա այդպես չէ: Եթե լիներ, մենք առաջինը կպահանջեինք դրանք վերացնել ու ինքներս չէինք գա: Հետո Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարեց, թե պայթյունի հետեւանքով շրջակայքում մեծ շառավղով օդը կեղտոտ է, թունավոր նյութեր կան, պետական իրավասու կառույցներից ոչ մեկը չի բացատրում, թե ինչի համար է փողոցը միակողմանի փակ: Եթե վտանգավոր է երթեւեկելը, փողոցը պետք է ընդհանրապես փակ լինի: Քաղաքապետարան, թաղապետարան, պետական որեւէ կառույց ունե՞նք, թե ոչ: Գնանք, նայենք, որ պայթյունի տարածքում արդեն վաղուց ոչ մի աշխատանք չի կատարվում, փլատակները չեն մաքրվում, այդ շենքը չի ապամոնտաժվում: Քար լռություն է ու կատարյալ անգործություն:

Մենք շարունակում ենք տեղի վարձ մուծել, հարկերը վճարել: Վարկերը պետք է փակել: Բայց ինչպե՞ս, երբ առեւտուր չկա: Մի փոքր գումար ունեինք խնայած, դրանով տոնավաճառում տեղի վարձն ենք մուծում: Բայց այլեւս ի վիճակի չենք: Եթե այսպես շարունակվի, ստիպված ենք լինելու կետերը փակել ու գնալ: Մեր ապրուստի միակ աղբյուրը այս տոնավաճառն է, որին խեղդած են պահում: Եթե մենք հեռանանք, պարզ է չէ՞, որ տոնավաճառի տնօրինությունն էլ չի կարողանա իր մուծումները կատարել: Փոխանակ պետությունը մտահոգվի, որ այսպես բյուջե դրամական մուտքերը նվազում են, ասես, մի բան էլ ինքն է նպաստում դրան: Ո՞ւմ է սա հարմար: Նայեք, քիչ ներքեւ ոստիկանությունը մետրոյի կամրջի տակ կանգնած Տիգրան Մեծի պողոտայի կողմից եկող մեքենաներին ուղղորդում է ձախ՝ Սեւանի փողոց: Ինչի՞: Մարդիկ գուցե ուզում են գալ «Փեթակ»՝ առեւտուր անելու: Բայց չէ, չի կարելի, գնացեք Սեւանի փողոցի կողմը, որովհետեւ փողոցի այս մասը միակողմանի փակ է:

Առավոտյան գալիս ենք ու ամբողջ օրը պարապ-սարապ նստում: Այսպես շարունակել հնարավոր չէ, դրա համար էլ անժամկետ գործադուլ ենք հայտարարում: «Փեթակը» չի աշխատի ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ մյուս օրը: Չի աշխատի այնքան ժամանակ, քանի մեր խնդիրներին չեն արձագանքի, մեր խնդրանքին լուծում չեն տան: Իսկ մեր խնդրանքն ու պահանջը Քրիստափորի փողոցի երթեւեկությունը երկկողմանի բացելն է»,- դժգոհում են առեւտրի կենտրոնի աշխատակիցները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930