Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջանքեր են գործադրվել առավել բարձրարժեք ստեղծագործությունները, մոնումենտալ աշխատանքները փրկելու համար»․ «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 10,2022 11:26

Նպատակ ունենալով ոչնչացումից փրկել վտանգված արժեքները «քաղպաշտպանության պլանի համաձայն»` ընդամենը 20 օրվա ընթացքում շուրջ 50 պատմամշակութային հուշարձաններ, մոնումենտալ արվեստի նմուշներ են տարհանվել Քաշաթաղի շրջանի բնակավայրերից, որոնք հիմնականում կտեղադրվեն մայրաքաղաք Ստեփանակերտում եւ շրջկենտրոններում: Թե այդ բացառիկ արժեքների տեղափոխումն ինչպես է կազմակերպվել, դրանց հետագա ճակատագիրն ինչ սկզբունքներով է որոշվելու, եւ որտեղ են հանգրվանելու խաչքարերը, մոնումենտալ հուշարձաններն ու արվեստի մյուս գործերը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

«2020 թ. 44-օրյա պատերազմից հետո մենք տեսանք, թե թշնամին, առանց վայրկյաններ կորցնելու, ինչպիսի խանդավառությամբ ձեռնամուխ եղավ Արցախի պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների եւ մյուս արժեքների ավերմանն ու պղծմանը. վանդալիզմի եւ ատելության մի այնպիսի արշավ, որն ուղղորդված էր Ադրբեջանի իշխանությունների, անմիջականորեն երկրի նախագահի կողմից, ինչը եռանդով շարունակվում է եւ այսօր: Ոչնչացվում են դարերի ընթացքում մեր ժողովրդի կողմից ստեղծված այն բացառիկ արժեքները, որոնք սրբորեն պահպանվում էին սերունդների կողմից, եւ որոնցով հպարտանում էինք:

Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ են այն ցնցող տեսարաններն ու պատկերները, թե Ի. Ալիեւի հանձնարարությամբ վանքերի ու եկեղեցիների պատերից ինչպես են փորվում եւ հեռացվում հայերեն արձանագրությունները, անխնա ջարդվում խաչքարերը, ավերակների վերածվում սրբատեղիները»,- ասում է մասնագիտությամբ պատմաբան փոխնախարարը:

«Թեկուզեւ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եւ մյուս եկեղեցիների թարմ օրինակները բավական են դասեր քաղելու համար: Ի դեպ, չմոռանանք սոցցանցերում տեղադրված այն կադրերը, որոնցում երեւում է, թե հակառակորդը հայերի նկատմամբ իր ատելությունը չթաքցնելով` ինչպիսի մոլեռանդությամբ է ավերում Ջրականի եկեղեցին, նենգությամբ ձեւախեղում Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, պղծում Մեծ հայրենականի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրը: Վանդալիզմի դրսեւորման հարյուրավոր փաստեր կարելի է արձանագրել: Անշուշտ, նման ճակատագիր է սպասում նաեւ Քաշաթաղի պատմաճարտարապետական հուշարձաններին եւ կոթողներին, մշակութային օջախներին, որտեղ հազարավոր ցուցանմուշներ են պահվում: Հետեւություններ անելով վերոհիշյալից` ստիպված էինք «ծայրահեղ» քայլերի դիմել՝ փորձելով փրկել որոշ արժեքներ»:

Գերատեսչության պատասխանատուի խոսքերով` մինչեւ օգոստոսի 25-ը տարհանվել են Քաշաթաղի շրջանում, մասնավորապես՝ Բերձորում գտնվող մոնումենտալ հուշարձանները, գրքային ֆոնդն ու թանգարանային ցուցանմուշները, մի շարք հուշակոթողներ, խաչքարեր… Մասնավորապես` տարհանվել են արցախյան պատերազմներում նահատակված մարտիկների հիշատակին կառուցված հուշարձանները: «Բնականաբար, հնարավոր չէր ամբողջությամբ փրկել մեծածավալ գործերը: Խոսքը հատկապես կառուցված հուշահամալիրներին է վերաբերում: Բայց, այնուամենայնիվ, ջանքեր են գործադրվել առավել բարձրարժեք ստեղծագործությունները, մոնումենտալ աշխատանքները փրկելու համար»,- պարզաբանում է Լ. Հովհաննիսյանը:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930