Դատելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի բովանդակության վերաբերյալ հրապարակվող աղքատ տեղեկատվությունից՝ Բրյուսելի եւ Մոսկվայի միջնորդական ջանքերում կարգավորման օրակարգային կետերի վերաբերյալ տարաձայնություններ չկան, տարբերությունն այն է, թե այդ կետերից որի՞ն են նրանք առաջնայնություն տալիս:
Ռուսական կողմն առաջնային նշանակություն է տալիս իր եւ երկու կողմերի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացմանը, ներառյալ՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, քաղաքացիական հասարակությունների միջեւ շփումների ամրապնդումը՝ օրակարգում պահելով խաղաղության պայմանագրի ստորագրումը: Բրյուսելն օրակարգի առաջին կետ է տեղափոխում խաղաղության համաձայնագրի ընդունումը, որում անխուսափելիորեն ընդգրկված է Արցախի հիմնախնդրի երկարաժամկետ կարգավորման ենթահարցը: Վերջինս ենթադրում է նաեւ Արցախի կարգավիճակի խնդրի քննարկում, որից առայժմ փորձում է խուսափել Ադրբեջանը: Նրա նման վարքը ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ բոլորի համար միանշանակ պարզ է՝ Ադրբեջանն Արցախի Հանրապետության վրա որեւէ ազդեցություն չունի, առավել եւս արցախցիների դեմ 44-օրյա ագրեսիայից հետո:
Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվող հայատյաց եւ ցեղասպան քաղաքականության պայմաններում Արցախի Հանրապետությունը ոչ մի դեպքում չի կարող ընդհանուր պետության մեջ լինել Ադրբեջանի հետ: Սա, բնականաբար, լավ է գիտակցում Ալիեւը եւ, չնայած հնչեցվող հայտարարություններին, վերջնականապես չի խզում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապը: Միջազգայնորեն ընդունված արցախյան խնդրի կարգավորման մինսկյան ձեւաչափը վերացնելու դեպքում էլ արցախյան հիմնահարցն իր ողջ ծավալով մնալու է, եւ օրինաչափորեն առաջ է գալու այն լուծելու մեկ այլ միջազգային ձեւաչափի ձեւավորման պահանջ, բայց Ադրբեջանին ԵԱՀԿ հարթակից բացի այլ միջազգային հարթակ ակնհայտորեն ձեռնտու չէ, քանի որ նրանցում հիմնական շեշտադրումը ազգերի իրավունքների վրա է դրվում: Հետեւաբար՝ Արցախի կարգավիճակի հարցի քննարկումն անխուսափելի է լինելու՝ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, որտեղ համադրված են տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները: ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է, եւ համանախագահների աճող ակտիվության մասին է փաստում նախօրեին ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան եւ Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում