Քաղաքացիներին մշտապես անհանգիստ վիճակում պահելու համար Ադրբեջանի զինված ուժերը ամեն օր սահմանային միջադեպեր են հրահրում եւ դրանց համար մեղադրում հայկական կողմին, մինչ նրանց կառավարությունը ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ վերջինիս ստիպելով ստորագրել պարտադրված խաղաղության պայմանագիր՝ հաշվի առնելով այն, որ քաղաքական իրավիճակը կարող է փոխվել Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի անկանխատեսելի ելքից ելնելով:
Այս թոհուբոհում ի հայտ է եկել նոր ձայն՝ Ռուբեն Վարդանյանինը՝ միլիարդատեր բարեգործ, որը Հայաստանի ապագայի համար բազմաթիվ առաջադեմ գաղափարների եւ ծրագրերի հեղինակ է: Սակայն շատերը նրան կասկածանքով են վերաբերվում: Նրան մեղադրում են Հայաստանում քաղաքական հավակնություններ ունենալու մեջ եւ նրա անունը վերջերս հիշատակվում է նոր հիմնադրված «Ապրելու երկիր» կուսակցության կապակցությամբ, թեեւ նա հերքում է այդ կամ որեւէ այլ քաղաքական կուսակցության անդամակցության փաստը:
Այս անգամ նա կարեւոր որոշում է կայացրել հրաժարվելու Ռուսաստանի իր քաղաքացիությունից, իր միլիարդ դոլարի ունեցվածքը փոխանցելու ընտանիքի անդամներին եւ տեղափոխվելու Ղարաբաղ: Նա ընդունել է, որ այդ քայլը ռիսկային է, սակայն ասել է․ «Սա ճիշտ որոշում էր»:
Ղարաբաղում Վարդանյանի ծրագրերի մասին կարելի է միայն ենթադրություններ անել, սակայն կանխատեսումները բազմաթիվ են:
Կարդացեք նաև
Մեկնաբաններից քչերն են անվերապահորեն հավատում նրա խոսքերին այն մասին, որ նա տեղափոխվել է Ղարաբաղ իր ռեսուրսները օգտագործելու եւ միջազգայնորեն միջոցներ հայթայթելու միջոցով Ղարաբաղի ժողովրդին օգնելու նպատակով: Փոխարենը, ըստ առավել տարածված կարծիքի, նա շարունակում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուղին, որոնք Ղարաբաղը օգտագործում էին որպես տրամպլին Հայաստանում քաղաքական կարիերա ստեղծելու համար: Այժմ, երբ Ղարաբաղը պաշարված է եւ դրա ապագան անորոշ, նույն սցենարի կենսունակությունը հարցականի տակ է:
Այլ մեկնաբաններ գտնում են, որ Վարդանյանը ճարպիկ քայլ է արել՝ հրաժարվելով իր Ռուսաստանի քաղաքացիությունից՝ ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար: Չնայած ներկայումս նրա նկատմամբ պատժամիջոցներ չկան, նրա անունը հաճախ է հոլովվում ԱՄՆ կոնգրեսի շատ քաղաքական քննարկումներում: Բացի դրանից, 2019 թվականի մարտին Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի շրջանակներում եւ գործընկեր լրատվամիջոցների կողմից բացահայտվել է փողերի լվացման բազմամիլիարդավոր դոլարների ցանց, որը ենթադրաբար գործել է Վարդանյանին պատկանող բանկի միջոցով:
Ամեն դեպքում, շատերը, այդ թվում՝ սույն հոդվածի հեղինակը կարծում են, որ նա հնարավոր է արդեն գործարք է կնքել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը բացատրում է նրա վստահությունը այս խիզախ նախաձեռնության հարցում:
Հայաստանյան մամուլը փաստում է, որ Վարդանյանը կողմնակից է, որ Հայաստանը միանա Ռուսաստանի առաջարկած Միութենական պետությանը եւ ձեռք բերի Թաթարստանի նման կարգավիճակ: Այնուամենայնիվ, Միքայել Մելքոնյանի հետ կայացած հարցազրույցի ընթացքում վերջինս հայտարարեց, որ Հայաստանը պետք է ռազմավարական մտածողություն դրսեւորի, եւ եթե այդ սցենարն անխուսափելի է, աշխատի հնարավորինս լավագույն գործարքը կնքելու ուղղությամբ: Քանի որ երկիրը ընդհանուր առմամբ անշեղորեն ընթանում է դեպի Արեւմուտք, այս հեռանկարը քիչ հավանական է թվում: Սակայն Կովկասի բարդ քաղաքական դաշտի համատեքստում ամեն բան կարող է պատահել:
Հայերը շտապում են զրպարտել իրենց բարերարներին: Մինչ Վարդանյանի շարժառիթները կասկածի տակ դնելը կամ նրա ծրագրերը քննադատելը մենք պետք է սպասենք եւ տեսնենք՝ արդյոք նա կկատարի՞ իր բարի խոստումները:
Վարդանյանից առաջ եղել է Լեւոն Հայրապետյանի նախադեպը՝ արցախցի մի միլիարդատեր, որը կարողություն էր դիզել Ռուսաստանում եւ վերադարձել էր հայրենիք՝ օգնելու իր հայրենակիցներին: Նրա նախաձեռնություններից մեկն էր հարյուրավոր արցախցի զույգերի ամուսնության արարողության ֆինանսավորումը եւ նրանց ապագա երեխայի կրթության ապահովումը: Դա Արցախի ապագա քաղաքականությանը աջակցող ամենաուղղակի քայլն էր, քանի որ բնակչության վիճակագրությունը բանակցություններում քաղաքական հաղթաթղթերից մեկն էր: Հայրապետյանի ծրագրերը պետք է իրագործվեին կառավարության կողմից, սակայն այն չուներ դրա համար անհրաժեշտ միջոցները եւ, ինչու ոչ, նաեւ տեսլականը:
Այն, ինչ տեղի ունեցավ Հայրապետյանի եւ իր ծրագրերի հետ, ողբերգական էր: Մոսկվայում Ադրբեջանի իշխող շրջանակները կարողացան խաթարել նրա հեղինակությունը, խորտակել նրա ծրագրերը եւ դարձան Ռուսաստանի բանտում նրա վաղաժամ մահվան պատճառներից մեկը: Հայաստանի կառավարությունը՝ այդ ժամանակ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ցինիկ եւ ստորին լռություն պահպանեց՝ հրաժարվելով նրան փրկելու համար որեւէ քայլ ձեռնարկելուց:
Պետք է խոստովանել, որ Հայրապետյանն անխոհեմ էր եւ քաղաքականապես ոչ խելամիտ եւ այդպիսով ընկավ ծուղակը` կորցնելով իր կարողությունն ու կյանքը: Վարդանյանը, ընդհակառակը, խելացի է եւ անշուշտ շատ բան է սովորել իր նախորդի սխալներից՝ նման ծուղակներից խուսափելու համար:
Եթե հավատանք Վարդանյանի խոսքերին, ապա նա կարող է Ղարաբաղում եւ Հայաստանում, ինչպես նաեւ Սփյուռքում, որտեղ մեծ կապեր ունի, արժեքավոր շարժիչ ուժ դառնալ:
Հայաստանը եւ Ղարաբաղը հուսահատ վիճակում են եւ պետք է օգտվեն իրենց ճանապարհին առկայծող ցանկացած լույսից:
Երվանդ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. թարգմանեց՝ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ
(Armenian Mirror-Spectator)
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում