«Ազգ»-ի զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի ղեկավար Վիտալի Մանգասարյանը
— Պաշտպանության նախարարի երազած բանակի տրամաբանության մե՞ջ է տեղավորվում 24 մլն-ի աղմկահարույց նախագիծը: Այսչափ քննադատությունից հետո, ի՞նչ եք կարծում, ՔՊ-ն կհրաժարվի՞ աղմկահարույց այդ նախագծից, թե՞ ամեն դեպքում տուրք կտա իր մտահաղացումներին: Բոլորն այդ նախագծից բխող քաղաքական ու սոցիալական վտանգների մասին են խոսում, իսկ ռազմական կամ զինվորական տեսանկյունից դա ինչո՞վ է վտանգավոր:
— Պարտադիր ժամկետային ծառայությունը 24 մլն դրամի դիմաց վեց անգամ կրճատելը ոչ մի կերպ ազգային ու պետական շահերից չի բխում՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա վտանգներն եւ դրանից բխող հավանական ռազմական իրավիճակները կամ գործողությունները: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի իշխանական պատգամավորները հասկանան, որ հարեւան պետությունների հետ խնդիրներ չունեցող (այն էլ՝ ռազմական) պետությունների փորձը բերել եւ փորձել մեզ մոտ՝ ամեն պահի կարճաժամկետ եւ երկարաժամկետ մարտական գործողություններ սկսվելու մեծ հավանականությամբ երկրում տեղայնացնել, պարզապես կործանարար հետեւանքներ կարող է ունենալ: Նույն այդ պատգամավորները հաճախ են խոսում իսրայելական բանակի մասին, բայց, չգիտես ինչու, չեն ցանկանում նրանց փորձը վերցնել եւ որոշակի ինտեգրում-փոփոխություններ մտցնել մեր ԶՈՒ-ում:
Ինչ վերաբերում է 24 մլն-ի նախագծին, ապա դեռեւս 2020-ին իշխանական պատգամավորների կողմից առաջարկված նմանատիպ մի օրինագիծ մի շարք տրամաբանական հիմնավորումներով մերժվել է ՊՆ-ի կողմից: Ստացվում է՝ այն ժամանակվա մասնագիտական եւ փորձագիտական խմբերը, որ աշխատում էին տարբեր օրինագծերի վրա ու մասնագիտական եզրակացություններ էին տալիս, այժմ կա՛մ աշխատանքից ազատված են ու նրանց փոխարեն նոր մարդիկ են եկել, կա՛մ այդ մասնագետները 180 աստիճանով փոխել են իրենց դիրքորոշումը: Նշեմ նաեւ, որ օրինագծի վերաբերյալ մինչ այս պահը պաշտպանական գերատեսչության կողմից հանրային իրազեկման եւ բացատրական որեւէ գործողություն չի իրականացվել, ինչը նույնպես հարցեր է առաջացնում:
Կարդացեք նաև
— Հիմա կարծես Արցախի բարձրաստիճան զինվորականների նկատմամբ քրեական գործեր հարուցելու շքերթ է հայտարարվել: Իրավական գործերի հիմքում Շուշիի անկումն ու մարտերն է: Ի վերջո՝ ո՞վ է մեղավոր, պատասխանատու Շուշիի անկման համար ու իրականում ի՞նչ է եղել այդ օրը:
— Ընդհանուր առմամբ պատասխանատու եւ մեղավոր է Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ ոչ միայն Շուշիի, այլ նաեւ այսօրվա ստեղծված իրավիճակի համար: Ըստ կառավարման բուրգի՝ ամեն մեկը պատասխանատվության եւ մեղավորության իր բաժինն ունի: Պատերազմից հետո տարբեր փուլերում բազմաթիվ զինվորականների վրա քրեական գործեր են հարուցվել: Սկզբից ցածր եւ միջին օղակների մի շարք զինվորականների նկատմամբ են տարբեր մեղադրանքներ առաջադրվել եւ հասարակական մեծ հնչեղություն ստացել, այնուհետեւ որոշներին մեղադրել են պետական դավաճանության ու լրտեսության մեջ, եւ հիմա հերթը կարծես բարձր զինվորական պաշտոններ զբաղեցնողներին է հասել: Այդ ամենն, իմ կարծիքով, մեկ նպատակ ունի. բոլոր սլաքներն ուղղել զինվորականների վրա եւ ըստ այդմ՝ հասարակական ընկալումներում ամրապնդել այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչում մեղավոր չէ. մեղավորը միայն զինվորականներն են: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրություններում նշվում է, որ Արցախի ՊԲ բարձրաստիճան զինվորականների որոշումներն առաջացրել են ծանր հետեւանքներ: Եթե այդպես է, ապա ես հարց ունեմ՝ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եւ որոշումներն արդյո՞ք ուսումնասիրել են իրավապահ մարմինները, արդյո՞ք նրա ոչ մի որոշում ծանր հետեւանքներ չի առաջացրել պետության համար:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում